Thursday, March 12, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱ՞Ծ Է ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՄԲ

«Առավոտ» 11-3-2009- Ըստ որոշ տնտեսագետների` Թուրքիան արդեն իսկ առաջարկել է մասնակցել Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանը: «Հայկական Դավոս» անվանումը ստացած 6-րդ միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, փետրվարի 21-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման գաղափարին, ասաց, որ այն տարածաշրջանի համար «ստաբիլիզատորի» դեր կունենա, եւ որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի այս ծրագրի իրագործմանը մասնակցություն ցուցաբերեն Թուրքիան եւ Ռուսաստանը: Վարչապետի խոսքերով. «Մենք պատրաստ ենք նրանց հետ գնալու երկխոսության եւ քննարկումների»: Վարչապետի այս հայտարարությանը որոշ տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ քննադատաբար վերաբերվեցին: Ոմանց կարծիքով, ատոմակայանի նոր բլոկի կառուցման նախագծում Թուրքիայի մասնակցությունը ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական առումով նպատակահարմար չէ, ավելին, այն բացասական կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Տ. Սարգսյանի հայտարարության առնչությամբ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ վարչապետի առաջարկը թուրքերին պարզապես անակնկալի կբերի: Նրա ներկայացմամբ. «Ատոմակայանի կառուցմանը մասնակցելու համար հրավիրում ենք թուրքերին, կարծում եմ՝ նրանք անակնկալի կգան եւ չեն իմանա ինչ պատասխանեն: Համոզված եմ, որ այդ հայտարարությունը որոշ ժամանակ անց հերքվելու է, այնպես, ինչպես հերքվեցին ռուբլու գոտու մասին հայտարարությունները: Կանցնի ժամանակ, եւ մեր կառավարությունը կասի, թե վարչապետի արտահայտած միտքը ճիշտ չի հասկացվել: Այդ առումով արդեն փորձ ունենք: Բոլոր ծրագրերը կարող են հայտարարվել, հետո՝ հերքվել: Տնտեսական բոլոր քայլերը, որ հայտարարվում են, կարճ ժամանակ հետո կամ հերքվում են, կամ էլ՝ մոռացվում: Օրինակ, ժամանակին հայտարարվեց Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի մասին գաղափարը, հետո՝ հերքվեց: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հանրային պալատի ստեղծման մասին գաղափարը»: Այն, որ Թուրքիան կարող է ներդրում կատարել Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար, «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Գագիկ Թորոսյանը խիստ իրատեսական համարեց: Մեզ հետ զրույցում պարոն Թորոսյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը կարող է լինել մեզ ռազմավարական գործընկեր կամ, ասենք, եթե Բելգիայի մասին խոսքը լիներ, նույն կարծիքները հաստատ չէին հնչի: Եթե մենք այսօր ողջունում ենք այն, որ ուզում ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ուրեմն ես դա շատ լավ քայլ եմ համարում, եթե, իհարկե, այն իրականություն դառնա: Չնայած չեմ կարծում, որ անիրատեսական է, այն լավ էլ իրատեսական ծրագիր է: Թուրքիան ինքը շահագրգռված կլինի, որ Հայաստանում օբյեկտ ունենա, քանի որ այն շահավետ է նախ ֆինանսական առումով, եւ ապա Թուրքիայում գտնվող մեր տարածքներում դեռեւս նախնադար է, քանի որ այնտեղ հոսանք չկա, մարդիկ չգիտեն, թե հեռուստացույցն ինչ բան է: Իսկ ատոմակայանի կառուցման մասնակցությամբ նրանք կարող են շատ էժան էլեկտրիֆիկացնել այդ տարածքները, ինչը նշանակում է, որ ֆինանսական իմաստով, եթե նույնիսկ քաղաքականությունը դնենք կողքի, այն Թուրքիային շատ ձեռնտու է: Եթե, ասենք, Բելգիան լիներ ներդրողը կամ Լյուքսեմբուրգը, բոլորը շատ ուրախ կլինեին, բայց որ Թուրքիան է՝ բոլորը զարմանում են, թե ո՞նց կարող է թուրքը Հայաստանում օբյեկտ կառուցել»: Պարոն Թորոսյանի համոզմամբ, այս ծրագրի կյանքի կոչվելն արդեն իսկ կվկայի 2 պետությունների դիվանագիտական հարաբերությունների լավացման եւ արագացման մասին: Մեր այն հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ այս ծրագրի վերաբերյալ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ կան Թուրքիայի հետ, պարոն Թորոսյանը պատասխանեց. «Վարչապետն անլուրջ մարդ չէ, որ առանց լուրջ հիմքի նման հայտարարություն աներ»: «Առավոտը» փորձեց նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից ճշտել, թե ինչպե՞ս է վերաբերվում նախարարը Թուրքիայի մասնակցությանը ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը: Նախարարության լրատվական ծառայությունից «Առավոտին» պատասխանեցին, որ նախարարը հնարավոր համարում է բոլոր այն երկրների, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի մասնակցությունը, որոնք կկարողանան համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել: Հիշեցնենք, որ Պետական գնումների գործակալության կողմից արդեն իսկ հայտարարվել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով կառավարման ծառայությունների բաց մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր անձինք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից: ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

No comments: