Thursday, March 12, 2009

Սուդանի նախագահի համար Հաագի ՄՔԴ կայացրած վճիռը նախազգուշացում է Ադրբեջանի իշխանությունների համար

/PanARMENIAN.Net/ 11.03.2009 - «Սուդանա-դարֆուրա-հարավսուդանյան հակամարտական իրադրության գլխավոր դասերը հետեւյալն են. էթնոքաղաքական հակամարտությունները պետք է փաթեթային կարգավորում ստանան, հետաձգված հանրաքվեի կոնցեպցիան արդյունավետ չէ, խաղաղապահ զորքերի ներգրավումը միշտ չէ, որ կանխում է ցեղասպանությունը, պետք է պահպանվի ցեղասպանության համար պատժի անդառնալիության սկզբունքը: Այդ ամենը կիրառելի է նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանդեպ»,- ասվում է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանի` PanARMENIAN.Net ուղարկված հոդվածում: Նրա կարծիքով, ԼՂՀ անկախության վերջնական ճանաչման ձգձգումը կարող է ոչ միայն հանգեցնել ԼՂՀ դեմ Ադրբեջանի նոր ահաբեկչական միջամտության, այլեւ Ադրբեջանի ժողովուրդների` լեզգիների, ավարացիների, թալիշների եւ այլոց ցեղասպանության: «Հաագի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) վճիռը նախազգուշացում է Ադրբեջանի իշխանությունների համար»,- ընդգծել է Զարգարյանը: Փորձագետը հիշեցրել է, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության հանրաքվե անցկացվեց: «Հանրաքվեի որոշումը` որպես համաժողովրդական կամքի ուղղակի արտահայտման արդյունք, օժտված է բարձրագույն իրավական հեղինակությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դարձել է միջազգային իրավունքի սուբյեկտը` ելնելով այն փաստից, որ ի հայտ է եկել որպես ինքնուրույն պետություն: Ի տարբերություն նույնանման հանրաքվեների հանդեպ շատ այլ պետությունների քաղաքակիրթ դիրքորոշման, Ադրբեջանը ԼՂՀ հանրաքվեին պատասխանեց լայնամասշտաբ ագրեսիայով, ցեղասպանության եւ էթնիկական մաքրումների քաղաքականությամբ: Հայերի դեմ նպատակաուղղված ցեղասպանության քաղաքականությունը, որն իրագործվում է Բաքվի ցանկացած ղեկավարության օրոք, ակնհայտորեն եւ համոզիչ կերպով ցուցադրում է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու անհնարությունը»,- նկատել է Զարգարյանը: Հոդվածում նաեւ նշվում է, որ ժամանակակից աշխարհում դժվար թե ճիշտ եւ քաղաքականորեն հեռատեսական է ԼՂՀ անկախությունն արհամարելը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հեղինակության աճը կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ղարաբաղցիներին հաջողվել է անդրադարձնել Ադրբեջանի ագրեսիան եւ դրանով իսկ դադարեցնել էթնիկական մաքրումներն ու ցեղասպանությունը, այլեւ որովհետեւ ԼՂՀ տարածքից երբեք ագրեսիա չի բխել, նախկինում չեն արվել եւ այժմ էլ չեն արվում պատերազմի կոչեր, ինչպես նաեւ պետական կառույցում, բաց հասարակության ձեւավորման, տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում ձեռք բերած լուրջ հաջողությունների շնորհիվ: ԼՂՀ պետական անկախության վերջնական ճանաչումը ողջ երկրի եւ յուրաքանչյուր մարդու անվտանգությունն է: Միայն անկախ եւ միացյալ Լեռնային Ղարաբաղը կարող է ապահովել ղարաբաղյան ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության ձեռքբերումը, քաղաքացիական հասարակության ստեղծումը, տնտեսության եւ ձեռներեցության զարգացումը: ԼՂՀ անկախությունը ԼՂՀ ժողովրդի պահպանման եւ զարգացման միջոցն է: Միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչումը պատմական հնարավորություն է` վերջակետ դնելու համաշխարհային պատմության ողբերգական գլխում: Սխալ կլիներ դրանից չօգտվելը»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը:

No comments: