A1+ 11-3-2009- Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը հանդիպել է ՄԹ նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարետ Թետչերին:
Հանդիպման ընթացքում դեսպան Գաբրիելյանը տիկին Թետչերին փոխանցեց ՀՀ կառավարության եւ ժողովրդի երախտագիտությունը 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած անգնահատելի աջակցության համար, անդրադարձավ նման հրատապ եւ առատաձեռն օժանդակության բարոյական կարեւորությանը, ինչպես նաեւ ՄԹ նախկին վարչապետին տեղեկացրեց բրիտանական կառավարության միջոցներով Գյումրիում կառուցված Լորդ Բայրոնի անվան դպրոցի եւ ՄԹ Հաքնել քաղաքի Հոլգեյթ դպրոցի բարեկամական, մինչեւ օրս շարունակվող կապերի մասին: Նրան նաեւ հանձնեց երկրաշարժի 20 ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից շնորհակալագիր:
Տիկին Թետչերը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ կառավարության շնորհակալագրին արժանանալը եւ ծավալված մտերմիկ զրույցի ընթացքում վերհիշեց 1990թ. հունիսին Հայաստան կատարած իր այցելությունը, հետաքրքրվելով այսօրվա Հայաստանի տնտեսական եւ քաղաքական վիճակի, նվաճումների եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերների մասին: Հանդիպման ավարտին դեսպան Գաբրիելյանը Մարգարեթ Թետչերին հրավիրեց կրկին այցելել Հայաստան:
Thursday, March 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment