Tuesday, April 14, 2009

Իրանի նախագահը ցանկանում է Հայաստանը կայուն տեսնել

Tert.am. 14-4-2009- Սերժ Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահներն անդրադարձել են երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Նախագահները բարձր են գնահատել երկխոսության մակարդակը և ընդգծել են հայ-իրանական բարեկամությունը խորացնելուն ուղղված ջանքերի կարևորությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամությունը և պատմամշկութային շփումները հիմք են տալիս չսահմանափակվելու ձեռքբերածով և խորացնելու համագործակցությունը երկու երկրների միջև: ՀՀ նախագահը հատուկ ընդգծել է, որ Իրանը բազմիցս է ապացուցել, որ վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող բարեկամ է Հայաստանի համար. Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը դժվարին պահերին միշտ զգացել է Իրանի աջակցությունը, իսկ շրջափակման տարիներին հենց Իրանի տարածքով են մեր երկիր ներկրվել առաջին անհրաժեշտության ապրանքները: Որպես դրա ապացույց` նա նշել է օգոստոսյան իրադարձությունները, երբ վրաց-օսական հակամարտության ժամանակ բեռները Հայաստան էին փոխադրվում Իրանի տարածքով: Սերժ Սարգսյանը Մահմուդ Ահմադինեժադին է ներկայացրել հայ-թուրքական երկխոսության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները: Նա նշել է, որ Հայաստանը չափազանց բարձր է գնահատում այն փաստը, որ Իրանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Երկուստեք նշվել է, որ հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումն անընդունելի է: Իրանի նախագահն ասել է, որ Հայաստանի կայունությունը նպաստում է ողջ տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարբեր ոլորտներում փոխգործակցության հարցեր, մասնավորապես, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտին առնչվող: Նշենք, որ այսօր նախատեսվում է կողմերի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրում:

No comments: