Wednesday, April 15, 2009

ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ

«ԱԶԳ» 15-04-2009- Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Թեհրան ժամանելուց եւ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարեւորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների դինամիկ ընդլայնմանըՙ դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարեւորություն ունեցող հարեւանի եւ «դժվար օրերի բարեկամի»` շնորհակալություն հայտնելով ինչպես անկախության առաջին տարիներին, այնպես էլ օգոստոսյան իրադարձությունների օրերին Իրանի տարածքով առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հարցում ցուցաբերած բարեկամական աջակցության համար: Նախագահները ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնդրանքով նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Պաշտոնական այցի շրջանակում մեր երկրի ղեկավարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ, ծաղկեպսակ դրել հանրապետության հիմնադիր-առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիի դամբարանին: «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել հանդիպում իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments: