
HayInfo. 14-4-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Իրան կհանգեցնի հայ-իրանական հարաբերությունների առավել խորացման, կարծում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրան, որի ընթացքում ծրագրվում է ՀՀ նախագահի առանձնազրույցն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։ Տեղի կունենան նաև հայ-իրանական բանակցություններ ընդլայնված կազմով, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր:
«Հայաստանի անկախության ժամանակաշրջանից ի վեր Իրանի հետ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մինասյանը։
Գնահատելով հայ-իրանական հարաբերությունների դրական զարգացումը՝ Մինասյանը հույս է հայտնել, որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն նոր համատեղ ծրագրերի իրականացման, առաջին հերթին՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով ավտոմայրուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության ստեղծման, դեպի Իրան էներգակիրների մատակարարման և էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրի իրականացման վերաբերյալ։
Մինասյանը նաև նշել է, որ Իրանը վերջերս ձգտում է սերտ համագործակցել ՀԱՊԿ անդամ-պետությունների հետ։ «Կարծում եմ, որ այստեղ շատ հնարավորություններ են բացվում», - ասել է նա։
No comments:
Post a Comment