Lragir 10-4-2009- Մարտի 1-ի ողբերգությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն առ այսօր որեւէ ոստիկան ձերբակալված չէ եւ որեւէ ոստիկան չի մեղադրվում: Արդյոք ոստիկանությունը որեւէ մեղք չունի այդ ողբերգության համար: Ապրիլի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներն այդ հարցն են ուղղել Սերժ Սարգսյանին:
“Մարտի 1-ի իրադարձություններում մեղք ունեն բոլորը: Բոլորը ասելով ես նկատի ունեի նաեւ անշուշտ ոստիկանական ուժերին: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այսպես ընդհանրակլան հասկացությունը` մեղավոր, թե անմեղ, քրեական օրենսգրքի տերմին չեն, քրեական օրենսգիրքը կոնկրետություն է սիրում, եւ այդ կոնկրետությունն այսօր չկա”, ասում է Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ ձերբակալվածներ չկան, որովհետեւ չկա կոնկրետ փաստ: “Մենք շատ ուրախ կլինեինք, եթե կոնկրետ, առարկայական այդպիսի փաստեր լինեին”, ասում է Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ բացատրել է, թե ինչն է համարում ոստիկանության եւ իշխանության մեղքը այն ժամանակ: “Ես կարծում եմ, որ այստեղ ոստիկանության, իշխանության մեղքը նրանումն էր, որ բացակայում էր մասնագիտական վարպետությունը: Սա չափազանց մեծ խնդիր է: Բայց անկեղծ լինելու պարագայում ես նաեւ պետք է ասեմ, որ սա ոստիկանության մեղքը չէ, այլ ընդհանուր վիճակի հետեւանք: Ինչպես գիտեք, մենք պարտադրված ենք ունենալու մեծ բանակ, մարտունակ բանակ, մենք պարտադրված ենք հսկայական միջոցներ ծախսել մեր զինված ուժերի համար եւ ցավոք սրտի տարիներ շարունակ մեր ոստիկանությունը ֆինանսավորվում էր այսպես կոչված մնացորդային սկզբունքով: Եթե ինչ որ բան մնում էր, հատկացնում էինք ոստիկանությանը: Եվ հենց պատճառն էլ կարծում եմ դա էր, որ օգտագործվեցին ժամկետանց միջոցներ, որ չունեին համապատասխան միջոցներ, որ թվաքանակը քիչ էր, որ մասնագիտական պատրաստվածության մակարդակը ցածր էր: Երբեք որեւէ մեկը որեւէ անգամ չի ասել, թե իշխանությունները մեղք չունեին կամ ոստիկանությունը մեղք չուներ: Բայց նաեւ ուզում եմ հաշվի առնեք, որ իշխանությունները եւ ոստիկանությունը պարտադրված էին կարգուկանոն հաստատել”, ասում է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է, պարտադրված է հաստատել կարգուկանոն: “Եվ կախված նրանից, թե այդ իշխանության դեմ ինչպիսի պայքար է ընտրվում, իշխանությունը ստիպված է լինում ադեկվատ միջոցներ ձեռնարկել: Եթե մարտի 1-ին կարգազանցների կողմից հրազեն չգործադրվեր, վստահ եմ, որ ոստիկանությունը հրազեն չէր գործադրի: Ավելի քան վստահ եմ”, ասում է Սերժ Սարգսյանը:
Monday, April 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment