Sunday, May 31, 2009

ՆՈՐՄԱԼ Է, ԵՐԲ ՄԻ ԿՈՂՄԻՑ ՀՆՉՈՒՄ Է, ՈՐ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ, ԻՍԿ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ՀՆՉՈՒՄ

Մեթյու Բրայզան Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն ընկալում է «դիվանագիտական» մոտեցմամբ «ԱԶԳ», 30-05-2009- Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանից մեկնում են Բաքու, այնտեղից կրկին հայտնվում Երեւանում, տանում ու բերում են «չհամաձայնեցված կետերը», փորձում են Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հնարավորինս համաձայնեցնել օրակարգը: Այսօրվա դրությամբ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հասցրել են լինել երկու մայրաքաղաքներում, հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ու նախագահների հետ: Ու կրկին ինչ-որ լավատեսությամբ է խոսվում պետերբուրգյան սպասվող հանդիպման մասին, մինչդեռ հաճախակիացած հանդիպումների շարքում այդ նույն լավատեսությունն ուղղակի անհետանում է, իսկ առաջխաղացման, առավել եւս առաջընթացի մասին ոչ մեկը ոչ մի պարագայում չի կարողանում խոսել: Ամեն դեպքում, համանախագահներից շատախոս Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, անշուշտ, շատ կարեւոր քայլ է ղարաբաղյան կարգավորման ճանապարհին, եւ մենք տարածաշրջանում ենք, որպեսզի առաջ մղենք հարցի լուծումը»: «Նախագահները Պրահայում նշանակալի առաջընթաց գրանցեցին, եւ ես նույնն եմ ակնկալում Սանկտ Պետերբուրգում», նշել է Բրայզան, հույս հայտնելով, թե առաջիկա մի քանի ամիսներին «աշխարհը կտեսնի, որ նրանք (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները - Ա.Հ.) շրջադարձային քայլ են կատարել»: Ըստ Մեթյու Բրայզայի, եթե պետերբուրգյան հանդիպումը կայանա, նախագահները կփորձեն ամբողջացնել որոշ հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: «Համենայն դեպս, ես հույս ունեմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն ինչպես դեռեւս չհամաձայնեցված հիմնարար սկզբունքների, այնպես էլ նրբերանգների հարցում: Մինչ այժմ երկու նախագահները շատ էական առաջընթաց են ապահովել կոնցեպտուալ հարցերի համաձայնեցման ուղղությամբ, բայց դրանց վերջնական ամբողջացման համար էական են նաեւ նրբությունները», հայտարարել է Բրայզան: «Անշուշտ, մենք չենք ակնկալում, որ այդ հանդիպման ժամանակ փոխհամաձայնություն ձեռք կբերվի բոլոր հիմնարար սկզբունքներում, սակայն հույս ունենք, որ այդ գործընթացը քայլ առ քայլ կզարգանա»: Օրերս Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի` Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ղարաբաղյան գործընթացում որեւէ առաջընթաց չի ապահովվել: Հարցին, թե արդյոք այսպիսի հայտարարությունները չե՞ն հակասում Մեթյու Բրայզայի լավատեսական հայտարարություններին, Բրայզան պատասխանել է, թե դրանք չեն արտացոլում ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցությունների իրական պատկերը: Ըստ Բրայզայի, նման իրավիճակը նորմալ է, երբ մի կողմից հնչում է, որ առաջընթաց չկա, իսկ մյուս կողմից նման բան չի հնչում: «Դա կողմերի մարտավարությունն է. նրանցից յուրաքանչյուրը փորձում է ազդել մյուսի վրա: Իսկ մեր աշխատանքն այստեղ այն է, որ նպաստենք գործընթացի առաջխաղացմանը», պարզաբանել է ամերիկացի համանախագահը: Արդյոք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններից հետո, որով վերջինս հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապեց ղարաբաղյան կարգավորման հետ, բանակցությունները հայտնվե՞լ են փակուղում, Բրայզան արձագանքել է. «Ոչ, դրանք փակուղում չեն: Դուք գիտեք, որ կողմերը ներգրավված են ակտիվ քննարկումների մեջ: Հայ- թուրք-շվեյցարական համատեղ հայտարարության հետ կապված այժմ շատ բանավեճեր են ընթանում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: Հայաստանում եւս մարդիկ հարցեր են բարձրացնում. պե՞տք է արդյոք համաձայնագիր Թուրքիայի հետ, թե՞ ոչ»: «Բոլորն էլ իրենց մտահոգությունների համար տարբեր հիմնավորումներ ունեն: Վարչապետ Էրդողանն արեց իր մեկնաբանությունը, բայց Միացյալ Նահանգներում այն կարծիքին են, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան բանակցությունները զուգահեռ, բայց միմյանցից անջատ գործընթացներ են: Այդ գործընթացները տարբեր հունով ու արագությամբ են առաջ ընթանում, եւ եթե դրանցից մեկում արձանագրվի հաջողություն, ապա, անշուշտ, դա կնպաստի նաեւ զուգահեռ գործընթացի առաջընթացին: Եվ հակառակը», մեկնաբանել է Մեթյու Բրայզան:

No comments: