Saturday, June 6, 2009

Շուշիում դպրոցների վերանորոգման համար տրամադրված գումարները փոշիացվել են

«ՀԵՏՔ» 5-6-2009- ԼՂՀ վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել 2008թ. պետական բյուջեից «Կրթություն եւ գիտություն» ծրագրով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության ժամանակ: Այս մասին հայտարարվել է վերահսկիչ պալատի խորհրդի նիստում: Խախտումներ են արձանագրվել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների կրթական հաստատություններում: Վերահսկիչ պալատի մասնագետները պարզել են, որ Շուշիում դպրոցների վերանորոգման համար տրամադրված գումարները փոշիացվել են: ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանը նիստին ներկա կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանին հայտնել է, որ գումարները չվերադարձնելու դեպքում ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին: Նախարարն իր հերթին խոստովանել է, որ նման դեպքեր արձանագրվել են նաեւ այլ շրջաններում: Տեղեկացնենք, որ ամեն տարի հանրակրթական դպրոցների վերանորոգման համար պետբյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 100 մլն դրամ գումար: Շուշիի շրջանում` Մեծ շեն, Հին շեն եւ Եղցահող խախտումներ են կատարել նաեւ դպրոցի տնօրենները, ովքեր, ինչպես պարզվել է, միաժամանակ գտնվել են եւ գործուղման մեջ, եւ դպրոցում անց են կացրել իրենց դասը` երկու տեղից էլ օգտվելով հատկացված գումարներից: Իսկ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջում օրինակ հայտնի է դարձել, որ որոշակի թվով ուսանողների համար հատկացված գումարները ծախսվել են, բայց շատ ավելի քիչ թվով ուսանողների համար: Այստեղ նաեւ, չգիտես ինչու, բանկային ծառայությունների համար 0.5 տոկոսի չափով պահումներ են կատարվել աշխատողների աշխատավարձերից: Քոլեջում հստակ չի արտացոլվում նաեւ վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների պարտքերը: Վերոնշյալ ուսանողների հետ չկան նաեւ կնքված պայմանագրեր: Ինչպես ՎՊ մասնագետներին է հաջողվել պարզել, երկու արդեն շրջանավարտ 245 հազար դրամի չափով պարտք ունեն, սակայն ստացել են իրենց դիպլոմները: ՎՊ մասնագետները խախտումներ են արձանագրել նաեւ Մարտակերտի շրջանի Հաթերք եւ Խաչեն գյուղերի պետական մանկապարտեզներում, Ստեփանակերտի եւ Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում, մայրաքաղաքի բժշկական քոլեջում եւ պարարվեստի ուսումնարանում, Շուշիի շրջվարչակազմի կրթության եւ գիտության բաժնում, ինչպես նաեւ ուսուցիչների եւ քաղծառայողների վերապատրաստման մասով: Շուշիի շրջվարչակազմի կրթության եւ գիտության բաժնում թույլ է տրվել 2մլն 446 հազար դրամի անարժանահավատ ծախս: 256 հազար դրամի անարդյունավետ ծախս էլ կատարվել է Հունաստանի առողջարանային ճամբարներում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների երեխաների հանգստի կազմակերպման համար ճանապարհածախսի ֆինանսավորման մասով. 22 հոգու փոխարեն Հունաստան են մեկնել 21-ը, բայց կատարվել է 22 հոգու ծախս: ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ինչպես նշվեց նիստի ընթացքում, պետք է պետբյուջե վերադարձնի աշխատակազմի պահպանման մասով արձանագրված խախտումների արդյունքում ծախսված գումարները, որոնք հիմնականում ուղղվել են գործուղումներին: Նախարարությունը ընթացիկ հաշվետվությունն ուղարկելու պահից մեկ ամսվա ժամկետում ՎՊ պետք է ներկայացնի գրավոր տեղեկատվություն` հաշվետվությունում արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ:
Անահիտ Դանիելյան

No comments: