Tuesday, August 25, 2009

Մարիամ Սուխուդյանի փաստաբանն անհիմն է համարում իր պաշտպանյալի հասցեին ուղղված մեղադրանքները

/PanARMENIAN.Net/ 24.08.2009 - «SOS Թեղուտ» շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի կողմնակիցները բողոք են արտահայել նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու դեմ, որը, նրանց կարծիքով, զուրկ է օբյեկտիվությունից եւ արդարությունից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է փաստաբան Նոնա Գալստյանը: Մամլո ասուլիսին մասնակցում էին նաեւ լրագրողներ Ելենա Նազարյանն ու Սյուզան Սիմոնյանը` թիվ 11 գիշերօթիկ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհու` երեխաների հանդեպ կիրառած բռնության մասին տեսանյութերի հեղինակները: Մարիամ Սուխուդյանի շահերը ներկայացնող փաստաբանը մի շարք փաստարկներ է ներկայացրել, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքի արհեստականությունն ու կեղծությունը: Նախ, լրագրող Սյուզան Սիմոնյանի` Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութերում` բռնության մասին աշակերտուհիների պատմությունների` ներկայացված երկու նման նյութերից գործում ներառված է միայն մեկը` Մարիամ Սուխուդյանից լրագրողի վերցրած հարցազրույցը ներկայացնող տեսագրությունը: «Մարիամը սկզբում չէր ցանկանում ինձ տալ այդ տեսագրությունը, քանի որ վախենում էր աղջկա համար. հայ հասարակության մեջ սեռական բռնության ենթարկված աղջիկների հանդեպ վերաբերմունքը վատն է»,- հաղորդել է լրագրող Սյուզան Սիմոնյանը` նշելով, որ երկրորդ նույնանման տեսանյութը, որը պատրաստել է ինքը, մեկ այլ աղջկա մասին, որը նույնպես բռնության է ենթարկվել նույն ուսուցչի կողմից, քրեական գործում տարօրինակ կերպով չի հիշատակվում: Իրավապահ մարմինների կողմից առաջադրված մեղադրանքներում նշվում է, որ Մարիամ Սուխուդյանն ազդել է աղջկա վրա` նրան հրահրելով կեղծ ցուցումներ տալու: Սակայն, ինչպես ցույց են տալիս այդ հարցազրույցի վկա վկաները` Մարիամի գործընկերները եւ «Հետք» թերթի լրագրող Լենա Նազարյանը, նա ընդամենը նկարահանում էր տուժած աղջկա պատմությունը: Իրավապահ մարմինների կատարած կոպիտ խախտումների թվին փաստաբան Նոնա Գալստյանը դասել է այն փաստը, որ քրեական գործը հարուցվել է հեռուստահաղորդման հեռարձակումից հետո ոչ թե ինը օրվա ընթացքում, ինչպես դա արձանագրված է օրենքով, այլ երեք ամիս անց: «Դա եւս մեկ անվիճելի ապացույց է այն բանի, որ իրավապահ մարմինները փորձում են կոծկել դպրոցում տեղի ունեցածը` զրպարտության մեջ մեղադրելով Մարիամ Սուխուդյանին»,- ընդգծել է Նոնա Գալստյանը: Փաստաբանը հերքել է նաեւ իր պաշտպանյալին հասցեագրված մեղադրանքն այն մասին, որ նա, իբր, անձնական շահեր է հետապնդել, քանի որ հանդիսացել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի կողմից ֆինանսավորվող թիվ 11 գիշերօթիկ դպրոցի «10 լավագույն դպրոցներ» նախագծի համակարգողը: Նախագծին թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մասնակցության գաղափարը պատկանում էր Մարիամին, բայց նախագծի իրականացումը գլխավորելու առաջարկն արդեն արեց արդեն ինքը` տնօրենը: Ավելին, ինչպես հաղորդել են նախագծի մասնակիցները, նախագծի գումարը փոխանցվել էր դպրոցի հաշվին եւ դրանք փաստորեն տնօրինում էր անձամբ տնօրենը: Բանը հասնում էր նրան, որ նախագծի համար անհրաժեշտ ամեն ինչը ստիպված էին լինում ձեռք բերել մասնակիցների սեփական ֆինանսական միջոցներով եւ ապա ներկայացված կտրոններով տնօրենից հետ ստանալ իրենց գումարները: «Մարիամը ոչ մի կապ չի ունեցել ֆինանսական միջոցների հետ, որոնք հատկացվել էին նախագծի իրականացման համար, հետեւաբար չէր կարող որեւէ անձնական շահ ունենալ»,- ընդգծել է փաստաբան Նոնա Գալստյանը: Մարիամ Սուխուդյանի նկատմամբ գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին, հաղորդում է «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության մամլո հաղորդագրությունը: Ինքը` Մարիամ Սուխուդյանը, գտնում է, որ իրեն հետապնդում են Թեղուտի անտառը փրկելու համար «SOS-Թեղուտ» ակցիային մասնակցելու համար: Սկզբում Մարիամ Սուխուդյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի մաս առաջինի համաձայն` զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին ՀՀ Ոստիկանության քրեական գործերի վարչության Էրեբունու հետաքննչական բաժինը փոխեց մեղադրանքը մեկ այլ հոդվածով` ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով` սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով: Սույն մեղադրանքն ավելի ծանր է եւ պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:

1 comment:

Anonymous said...

Please visit for more information
www.mariamsukhudyan.info