Thursday, September 17, 2009

«Այս տարի սփյուռքահայ դիմորդներն ավելի պատրաստված են եղել»

«ՀԵՏՔ» 16-9-2009- Այս տարի Հայաստանի պետական բուհեր և միջին մասնագիտական հաստատություններ ընդունվել են 217 սփյուռքահայ դիմորդներ: Արդեն ավարտվել է գիտելիքների ստուգման գործընթացը առաջին կուրս ընդունվողների համար: 217-ի մեջ մտնում են նաև նախապատրաստական բաժին դիմողները: Ընդունելությունը շարունակվում է մինչև նոյեմբերի 6-ը ` նախապատրաստական, հեռակա և մագիստրատուրայի բաժիններում: Պետպատվերի շրջանակներում ընդունվել 1 47 սփյուռքահայ դիմորդ: 19 երկրներից գրանցված դիմորդների մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնությունից (52) և Վրաստանից են: Չնայած Ջավախքից այս տարվա շրջանավարտներ չեն եղել` կապված 12-ամյա համակարգի անցման հետ, այդուհանդերձ 82 (Վրաստանից գրանցված նախորդ տարվա 314-ի փոխարեն) դիմորդ է գրանցվել: Կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ Ամալյա Քոչարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ջավախքցի ուսանողները կամ անցյալ տարվա շրջանավարտներն են կամ էքստերնով հանձնած շրջանավարտները: Այս տարի առաջին անգամ դիմել են Սերբիայից, Ռումինիայից և Լեհաստանից: «Նախադեպի առիթը եղել է այն, որ այն տարիներին մեր երկրի սոցիալական վիճակից գնացել են այլ երկրներ, այնտեղ ստացել են քաղաքացիություն, ավարտել են միջնակարգը և հիմա էլ վերադառնում են հայրենիք»,-բացատրում է Կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի առաջատար մասնագետը: Ուսանողների մեծ մասը դիմել են Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի պետական համալսարան, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան: Քննության արդյունքները ցույց են տվել, որ ուսանողները բավականին պատրաստված են եղել: Հեշտացված թեսթեր են լրացրել, հայոց լեզվից թելադրություն են գրել և այժմ արդեն մասնակցում են դասընթացներին: Հայագիտական առարկաների մասով մակարդակը ևս բարձր է եղել: Ամալյա Քոչարյանը սա մեկնաբանում է նրանով, որ սփյուռքահայերի շրջանում արթնացել է հայագիտության նկատմամբ սերը, ուսանողներն ավելի կրթված ու պարապած են գալիս: Սփյուռքահայ ուսանողների վարձավճարները դեռևս հավասարեցված չեն ՀՀ քաղաքացիների ուսման վճարներին միայն ԵՊՀ-ում և բժշկական համալսարանում: «Դա բուհի ներքին կանոնադրության մեջ է մտնում, բուհի ներքին խնդիրն է: Քանի որ բուհերը բավականին մեծ գումարների կորուստներ են կրում, նպատակահարմար չեն գտնում հավասարեցնել վճարները»,-պարզաբանեց Ամալյա Քոչարյանը:

No comments: