Wednesday, September 16, 2009

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը Երեւանում կանցկացվի Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը, որի նպատակն է հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական եւ մասնագիտական համահայկական նշանակության իրավաբանական խնդիրների վերհանումը եւ քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը: Համաժողովին կմասնակցեն ավելի քան 60 հայ իրավաբաններ աշխարհի տարբեր երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Արգենտինա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Լիբանան, Ռուսաստան), ինչպես նաեւ շուրջ 100 իրավաբաններ ՀՀ-ից եւ 10 իրավաբաններ ԼՂՀ-ից: Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին ՙՀայ Արտ՚ մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա) իրավաբանները կմասնակցեն հայ անվանի գեղանկարիչ Էդվարդ Սասունի (Ավագյան) անհատական ցուցահանդեսի բացմանը, որից հետո` 19.30-ին համաժողովի մասնակիցներին կընդունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ին Կառավարության նիստերի դահլիճում: Նիստերը կշարունակվեն սեպտեմբերի 20-ին, որին կհաջորդի այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Համաժողովի մասնակիցներին կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն: Սեպտեմբերի 21-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Սեւան, Դիլիջան, իսկ Գոշավանքում անցկացվելու է աշխատանքային նիստ: Նույն օրն իրավաբանները կմասնակցեն ՀՀ անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը:

No comments: