
A1+ - 15-9-2009- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկայացրեց պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատնեը վայր դնելու մասին դիմումները:
Ըստ ԱԺ կանոնակարգի` եթե ԱԺ պատգամավորները դիմումը ներկայացնելուց 15 օր հետո հետ չեն վերցնում, պատգամավորական մանդատից հրաժարվելը մտնում է ուժի մեջ։
Այսօր մեկնարկեց ԱԺ 4-րդ գումարման 6-րդ նստաշրջանը: 105 պատգամավոր էր մասնակցում նիստին, սակայն դեռ ընդմիջում չհայտարարված` նրանց մի մասը հեռացավ:
Ի տարբերություն նախորդ նստաշրջանների` այս անգամ հատուկ հսկողության էին ենթարկվում հավատարմագրված եւ ներկա գտնվելու իրավունք ունեցող լրագրողները: Չնայած մուտքի մոտ նրանք անցնում էին հատուկ անցակետով, եւ ստուգվում էին նրանց պայուսակները, այդուհանդերձ նիստերի դալիճ մտնելուց առաջ եւս մեկ անգամ հսկիչները բացում էին լրագրողների պայուսակները եւ ստուգում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր բացման խոսքում չցավակցեց գործընկերոջը` Ռաֆիկ Պետրոսյանին` որդու անժամանակ մահվան կապակցությամբ: Միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը իր ելույթում ցավակցեց իր բացակա գործընկերոջը, այնուհետեւ շնորհավորեց Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականին հաղթանակի համար:
Այսօր դատարկ չէր նաեւ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանի աթոռը` վերջինս ներկայացել էր նիստերի: Եւ նրա գործընկերները,անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մոտենում էին նրան եւ ձեռք սեղմում: Իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նրա հետ գրկախառվեց նաեւ ԱԺ միջանցքում: Իսկ երբ նկատեց, որ դա արժանացավ լրագրողների հետաքրքրությանը, թեւը գցեց նրա ուսին եւ լուսանկարվեց:
No comments:
Post a Comment