Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով
Սեպտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Հայրապետական ուղերձում ասվում է.
ՙՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս և բերում Մեր սերն ու շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Այսօր ազգովի տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության ուրախալի տոնը: Մեր Հայրենի երկրում այլևս անշրջելի իրականություն է մեր հավատավոր ժողովրդի դարավոր ու նվիրական երազը` վերահաստատված անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը համայն մեր ժողովրդի գալիքի հույսն է, ազգահավաքության երաշխիքը, որով պիտի հարատևի մեր ժողովուրդը Արարատի հավերժ հայացքի ներքո:
Սիրելի ժողովուրդ հայոց, հավատով ու նվիրումով շարունակենք ներդնել մեր ջանքերն ու ծառայությունը` հանուն Մայր Հայրենիքի բարգավաճման ու զորացման, ազգային մեր բոլոր իղձերի իրագործման և աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի:
Աղոթում ենք առ Աստված, որ խաղաղ երկնքի ներքո արգասավորի հայրենաշեն ու ազգանվեր բոլոր ձեռնարկներն ու նախաձեռնությունները համայն մեր ժողովրդի զավակների, Հայաստանի Հանրապետության իշխանությանց և հայոց պետական այրերի, և Ամենախնամ Սուրբ Աջով բարօրության և ուրախության մեջ պահպանի ազգս հայոց՚:
No comments:
Post a Comment