Tuesday, September 15, 2009

Վ. Օսկանյան. «Տեր-Պետրոսյանը մերժել է թուրքերին»

A1+ - 15-9-2009- Հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների բովանդակությունը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին միայն մեկ ենթադրության տեղիք են տալիս: «Սկսում եմ հավատալ, որ սա պարտադրված փաստաթուղթ է: Ես չեմ պատկերացնում, որ հայ դիվանագետը կարող է գնալ եւ նման փաստաթղթի շուրջ բանակցել: Ես դա չեմ արել 10 տարի եւ չեմ հասկանում, թե հայկական կողմը այսօր ինչպե՞ս կարող է նման փաստաթուղթ դնել մեր ժողովրդի առաջ»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը: Վարդան Օսկանյանը հրաժարվեց գնահատական տալ ՀՅԴ-ի այսօրվա հացադուլին, սակայն հայտնեց, որ կիսում է այն տեսակետը, որը հրապարակված արձանագրությունները չեն բխում հայերի շահերից եւ չպետք է ստորագրվեն: Օսկանյանին նաեւ մտահոգում է այն փաստը, որ արձանագրությունների շուրջ որեւէ լուրջ քննարկում տեղի չի ունենում. «Իսկ եթե լինում էլ է քննարկում, ապա դրա ամբողջ բովանդակությունը աղավաղվում Է, իրավիճակը ճերմակ է ներկայացվում, իշխանական թեւը կուրորեն պաշտպանում է»: Նախկին ԱԳ նախարարը գտնում է, այսօր պետք է մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները եւ հասկանալ, որ ճակատագրական փուլ է. «Ես դա փորձում եմ անել: Որքան էլ ես ցանկանում եմ սահմանը տեսնել բաց, ուղղակի չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ մենք զիջում ենք թուրքերին` իրենց առաջադրած բոլոր նախապայմաններում: Փաստորեն այն, ինչ թուրքերը խնդիր էին դրել 1991թ. սկզբից, այսօր կարողացել են իրականացնել: 1991թ. թուրքերը մեր առաջ նման ստորացուցիչ պայմաններ են դրել եւ այսօր հասան դրան: Այս փաստաթուղթը պետք է վերագնահատվի եւ քաղաքական գնահատականի արժանանա»: Վարդան Օսկանյանը դժվարանում է ասել, թե ինչ պայմանավորվածություն կա հայկական եւ թուրքական կողմերի միջեւ, սակայն գտնում է, այս փաստաթուղթը միանշանակ վատ բանակցությունների արդյունք է. «Որքան էլ փորձում ես հասկանալ, բանակցողների վիճակում քեզ դնել, միեւնույն է, չեմ կարողանում հասկանալ, որ հայկական կողմը կարող է գնալ նման փաստաթուղթ կնքել»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի այն հայտարարություններին, թե հայ-թուրքական հարաբերություններում Սերժ Սարգսյանն այսօր անում է այն, ինչ ժամանակին փորձում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա պատասխանելով «Ա1+»-ի հարցին` Վարդան Օսկանյանը հարկ համարեց հստակեցնել. «Ես լավ գիտեմ, որ 1991թ. այն 2 պահանջը` Հայոց ցեղասպանությունից հրաժարվում եւ ԼՂ հիմնախնդիր, որոնք թուրքերը դրեցին մեր առաջ, այսօր տեղ են գտել արձանագրություններում: 1992թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը կատեգորիկ մերժել է թուրքերի 2 պահանջներն էլ: Հետագա իշխանություններն էլ են մերժել թուրքերին: Եթե որեւէ մեկին թվում է, որ նախորդ տարիներին թուրքերը մեզ չեն մոտեցել եւ նման փաստաթուղթ առաջարկել ստորագրել, սխալվում են: Իհարկե մոտեցել են, բայց մենք մերժել ենք: Այսօրվա իշխանություններն ինչու են համաձայնվել, ես չգիտեմ, չեմ հասկանում»:

No comments: