Thursday, September 17, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ,ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

-Այս տարի դեպի Արեւմտյան Հայաստան ձեր ամենամյա շրջագայությունը փոխարինվեց «Դեպի Արցախ» շրջագայությամբ։ Ինչո՞վ էր դա պայմանավորված, ո՞րն էր նպատակը։ - Վերջին 5 տարիներին, այո, աշխատանք ենք կատարել Արեւմտյան Հայաստանում, ինչը շարունակական է եւ այս տարի եւս մտադիր էինք գնալ։ Միայն թե դա տեղի չունեցավ, ընդ որում, ֆինանսական դժվարությունների պատճառով։ Իսկ Արցախի ճամփորդությունը պարզապես ընդառաջ քայլ էր Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետի՝ Սերգեյ Շահվերդյանի առաջարկին։ Նա բազմիցս էր մեզ հետ հեռախոսով զրուցել Արցախում իրականացվելիք իր ծրագրերի մասին։ Իսկ դեպի Արեւմտյան Հայաստան մեր այս տարվա շրջագայությունը, ըստ էության, եթե մինչեւ հոկտեմբեր չիրականացվի, կմնա հետագային։ Ի դեպ, ֆինանսական դժվարություններն էին պատճառը, որ մշակույթի նախարարության հանձնարարությամբ եւս մի աշխատանք ստանձնեցինք, այն է՝ ՀՀում առավել վտանգված 20 հուշարձանների մոնիտորինգը։ Սա, անշուշտ, կարեւոր է, բայց եւ այն աշխատանքն է, որ երեւի մի 15 պետական եւ ոչ պետական կազմակերպություններ կարող էին անել եւ արել են։ Իսկ այն գործը, որ մենք ենք անում, բացառապես մենք կարող ենք անել։ Եվ չգիտենք, թե քաղաքական եւ այլ իրավիճակները որքան հնարավորություն կընձեռեն շարունակելու մեր գործը։ Հենց թեկուզ հայ-թուրքական հարաբերություններում ամենօրյա վայրիվերումներով լի իրավիճակը։ Հնարավորություն կա մեր նախնիների հիշատակների փշրանքները հավաքել. պարտավոր ենք անել։ Եթե դա չենք անում, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ծաղիկ դնելը կեղծ է։ - Անցնենք Արցախի շրջաններին։ - Գործի բերումով ե՛ւ Արցախի բոլոր շրջաններում եղանք, ե՛ւ ազատագրված տարածքներում։ Պիտի նախ ամբողջացնեինք «Արցախի կամուրջները» աշխատությունը։ 95 կամուրջ՝ պատմական տեղեկություններով, չափագրությամբ, լուսանկարներով... Մինչ այժմ մեզանում նման համապարփակ աշխատություն չի եղել, առանձին կամուրջների վերաբերյալ տարբեր հոդվածներ են եղել։ Թերեւս հիշատակելի է Վարազդատ Հարությունյանի հեղինակած «Հայաստանի կամուրջներն ու իջեւանատները» (ՀՀ-ից 20-ից փոքր-ինչ ավելի կամուրջ է հիշատակվում)։ Գիրքը պատրաստ կլինի հոկտեմբերի վերջին։ Ինչպես որ Հայաստան ասելով չենք հասկանում այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախ ասելով միայն ԼՂՀ ներկա տարածքը չենք հասկանում։ Գրքում ներառված են Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը եւ այլն։ Հայկական կամուրջները համաշխարհային կամրջաշինության մեջ երեւույթ են. իրենց ինժեներական իմաստով խորը մտածված, յուրահատուկ արժեք ունեցող հուշարձաններ են։ Արցախում շատ հզոր կամուրջներ ունենք, օրինակ, Արաքս գետի վրա Քարավազի կամուրջը։ Թեպետ թռիչքի իմաստով շատ մեծ կամուրջներ չունենք կամ չեն պահպանվել։ Քանի որ Արցախի գետերը հոսում են մեծ թեքությունների վրա, գետերի անկումը շատ մեծ է, իսկ գարնանը՝ հեղեղումները շատ, ուստի այդ բոլորը միասին դարերի ընթացքում քանդել, ոչնչացրել են առավել մեծ կամուրջները։ Ընդհանրապես կամուրջները հուշարձանների այն տեսակն են, որոնց արձանագրությունները քերելով (ինչպես Կուբաթլիի շրջանում Լալազարի կամուրջն են արել) ադրբեջանցիներն օգտագործել են։ Սա պաշտամունքային կառույց չէ, այդ պատճառով էլ այն յուրացնելն առանձնապես դժվար չէ։ Մանավանդ, եթե պատմական աղբյուրները չկան։ Նշածս կամուրջի մի քանի տողը կարողացել ենք վերծանել։ Այն է՝ կառուցողը խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանն է, որը կամուրջը կառուցել է 1867-ին։ Մեզ համար կարեւոր են եղել ե՛ւ արձանագրություն ունեցողները, ե՛ւ նրանք, որոնք չունեն։ Վերջիններիս վերաբերյալ տարբեր աղբյուրների միջոցով վկայություններ ենք փորձել գտնել։ Իսկ ընդհանրապես, կարծում եմ, այս աշխատությունը առաջնեկ է եւ պիտի հիմք դառնա Սյունիքի, Լոռվա, Համշենի եւ մեր այլ կամուրջները հետազոտելու համար։
- Ի՞նչ վիճակում են Արցախի պատմական հուշարձանները։ - Եթե կային հուշարձաններ, որոնք դեռ չէինք ուսումնասիրել, առիթն օգտագործելով, դրանք էլ ուսումնասիրում էինք։ Օրինակ, ազատագրված տարածքներում, Ծաղկաբերդ գյուղի հարեւանությամբ (Քաշաթաղի շրջան) ժայռափոր մի եկեղեցի, որ մինչեւ հիմա առիթ չէի ունեցել տեսնելու, նկարեցինք եւ չափագրեցինք։ Եւ այսպես էլի այլ հուշարձաններ, օրինակ, Աղդամի շրջանի Նոր Մարաղա՝ հին մարաղացիներով վերաբնակեցված գյուղի հարեւանությամբ վաղ միջնադարյան քրիստոնեական եկեղեցի կար, որը չափագրեցինք։ Այն հայտնի էր, եւ ժամանակին ադրբեջանցիները իբրեւ աղվանական եկեղեցի էին հիշատակել։ Ի դեպ, ինձ ուրախացրեց Սերգեյ Շահվերդյանի գործնականությունը՝ մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք նաեւ Արցախի մահմեդական հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ։ Մասնավորապես այդ հուշարձանների վավերագրումը մեր կազմակերպությունը պիտի իրականացնի։ Կարծում եմ, սա ճիշտ որոշում էր, մանավանդ որ մեր կազմակերպության ուժերով իսկ լավագույնս կարող ենք վերծանել բոլոր այդ դամբարանների, մզկիթների եւ գերեզմանաքարերի վրա եղած արաբատառ թուրքերեն վիմագրերը։ Դրանց մեջ կան նաեւ սակավաթիվ պարսկերեն վիմագրեր, որոնք մեր կոլեգա Քրիստինե Կոստիկյանի օգնությամբ կվերծանենք։ - Այսինքն՝ այդպիսով մենք հաշվառում ենք նաեւ Արցախի ադրբեջանական հուշարձաննե՞րը։ - Ոչ միայն։ Ի դեպ, պայմանավորվածություն ունենք գրքույկ պատրաստելու նաեւ Արցախի մահմեդական հուշարձանների վերաբերյալ։ Ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն կունենանք ադրբեջանցիներին այս ճակատում էլ պատասխան տալու։ Այն, ինչ սկսել ենք ուսումնասիրել, մեզ համար նորություն չէ, ադրբեջանցիները ժամանակին հրատարակել են։ Բայց ինչ հրատարակել են, իրենց են վերագրել, մինչդեռ Արցախում կան 14-15-րդ դարերի մահմեդական դամբարաններ, որոնք թուրքմենական են։ Ավելի նոր՝ 16-17 դարերի հուշարձանները պարսկական են։ Միայն 19-րդ դարի 2-րդ կեսից հետո եւ 20-րդ դարի սկզբներին, մինչեւ հեղափոխությունը կառուցված դամբարաններն ու մզկիթներն են, որ կովկասյան թաթարներին, ադրբեջանցիներին են վերագրվում։ Այս առումով դժվար է, իհարկե, կողմնորոշվել, քանզի մեր հարեւանները մի 100 տարվա մեջ մի քանի անուն փոխեցին։ - Հետաքրքիր է, թուրքմենները, պարսիկները չե՞ն վիճարկում իրենց հուշարձանների սեփականումները ադրբեջանցիների կողմից։ - Այս տարի Թուրքմենստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչների Հայաստան կատարած այցելության ժամանակ հայտնի դարձավ, որ Երեւանի Արգավանդ թաղամասի դամբարանը եւս թուրքմենական է։ Սա զարմացրեց եւ ուրախացրեց նրանց։ Սա շատ կարեւոր է նաեւ այն պատճառով, քանզի Թուրքմենստանում էլ ունենք հուշարձաններ, օրինակ, Կրասնովոդսկում կա հայկական եկեղեցի եւ կարելի է համագործակցել մշակույթի դաշտում, փոխադարձ շահեկանորեն։ Ասեմ, որ թուրքմենական հուշարձանները հարազատորեն ներկայացնում են հայ ճարտարապետությունը։ Այսինքն՝ դրանք իրականում հայ ճարտարապետության մահմեդական դավանանքի գաղափարաբանության ներքո կերտված գոհարներ են։ Խաչեն գետի աջ ափին գտնվող դամբարանը, օրինակ, հիշեցնում է հայկական եկեղեցու գմբեթ, պարզապես այն գետնին է դրված։ Ակնհայտորեն ճարտարապետը Եղվարդի եռահարկ Սբ Աստվածածին եկեղեցին կառուցող Շահիկ ճարտարապետն է։ Նույն քանդակներն են. մի դեպքում՝ բարձրաքանդակ, մեկ այլ դեպքում՝ գծանկարքանդակներ։ Շարվածքը, շարը, քարի մշակման կերպը, զարդաքանդակները, ամեն բան մեր հուշարձաններն է հիշեցնում։ Ավելին՝ զարդաքանդակների մեջ քանի տեղ խաչն է տիրապետում։ Ամոթ մեզ, որ մինչ այժմ չենք ուսումնասիրել՝ թողնելով, որ ադրբեջանցիները սեփականեն։ Ինչ վերաբերում է պարսկական շրջանի հուշարձաններին, լավ երեւում է, որ այստեղ հայ ճարտարապետները ներկա են, բայց այլեւս միանձնյա չեն. սրանք հայերը եւ պարսիկները համագործակցաբար են կառուցել։ Ինչ վերաբերում է վերջին շրջանի ադրբեջանական, թե կովկասյան թաթարական հուշարձաններին, ապա դրանց հեղինակը, ըստ էության, մի ազգ է, որը դեռ կազմավորման ընթացքում է, լեզուն է ճշտում, ազգության անվանումը։ Քանի որ մեր հարեւաններն են, հաջողություն ենք մաղթում, որ վերջապես կայանան։ Ուրեմն, մինչ հեղափոխություն (1917) կառուցված այդ հուշարձանները ճարտարապետական իմաստով ամենախղճուկներն են։ Ուզել են թուրքական դամբարանները կրկնել, բայց վայ էդ կրկնելուն։ Մի ուղիղ, կանոնավոր պատ չկա, շարվածք չկա, դրա համար մեկ դար էլ չի անցել, փլվում են։ Այսինքն՝ շինարվեստին չեն տիրապետում։ Ինչ վերաբերում է մզկիթներին, ապա այստեղ ընդօրինակել են արցախցիների թաղակապ շենքերը։ Միայն հարավային պատին մի խորշ են արել, որը նայում է դեպի հարավ՝ Մեքքա։ Կարծում եմ, Արցախի մահմեդական հուշարձաններին վերաբերող մեր ուսումնասիրությունները եւ մեր հրատարակելիք գրքույկը իրենց փաստական տվյալներով լուրջ ասելիք ունեն աշխարհին։ Անահիտ ԵՍԱՅԱՆ «Հայոց աշխարհ» 16-9-2009-

No comments: