Tuesday, September 22, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ

Հայաստանն ու Թուրքիան իրավասու չեն “հաստատել” սահմանը «Լրագիր» 22-9-2009- Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության հինգերորդ կետով կողմերը ստանձնում են գոյություն ունեցող սահմանն հաստատելու պարտավորություն: Ըստ այդմ, անհրաժեշտ է անդրադառնալ մի խիստ կարևոր, թեև առաջին հայացքից տարօրինակ, հարցի. արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքիայի Հանրապետությունը, միջազգային իրավունքի տեսանկյունից, իրավասու են ՚հաստատել գոյություն ունեցող սահմանը: Հստակեցնեմ հարցադրման էությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից ցանկացած միջազգային բազմակողմ պայմանավորվածություն, անկախ նրա դրսևորման ձևից` պայմանագիր, համաձայնագիր, արձանագրություն և այլն, կարող է փոփոխության ենթարկվել, դադարեցվել կամ չեղյալ հայտարարվել միմիայն տվյալ փաստաթղթին մաս կազմող բոլոր կողմերի մասնակցությամբ և համաձայնությամբ: Այս սկզբունքը, պայմանագրերի մասով, ամրագրված է (codified) Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի (1969) 39 - 41 հոդվածներում: Նախկին ՍՍՀՄ սահմանի հայաստանյան հատվածի “հաստատումը” որպես Հայաստանի և Թուրքիայի սահման, իրավական տեսանկյունից, նշանակում է սահմանի փոփոխություն (1), քանի որ Հայաստան-Թուրքիա de jure սահմանը էապես տարբերվում է սովետա-թուրքական սահմանից: Նշյալ իրավական (de jure), այսու միակ օրինական, սահմանը 'հաստատվել է' բազմակողմ փաստաթղթով, հետևաբար, 'գոյություն ունեցող սահմանի հաստատումը' էության մեջ սահմանի փոփոխություն է և, տվյալ դեպքում, դուրս է երկկողմ հարաբերությունների շրջանակից հետևյալ պատճառով: 1918թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրությունը, առաջին աշխարհամարտում ջախջախիչ պարտություն կրելուց հետո, ստորագրում է Մուդրոսի զինադադարը: Իրավական տեսանկյունից այս զինադադարը անվերապահ կապիտուլացիա էր, հետևաբար Թուրքիայի ողջ ինքնիշխանությունը /sovereignty/, մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, փոխանցվում է հաղթանակած ուժերին: Այսինքն, այդուհետ հաղթանակած Դաշնակից ուժերին էր վերապահված որոշելու, թե Օսմանյան կայսրության ո՞ր մասում և ի՞նչ աստիճանի է վերականգնվելու թուրքական պետության ինքնիշխանությունը: 1919-1920թթ. խաղաղության պայմանագրերի պայմանները քննարկելու համար Փարիզում գումարվում է խաղաղության վեհաժողովը: 1920թ. ապրիլին Փարիզի խաղաղության վեհաժողովի Սան Ռեմոյի նիստն անդրադառնում է Օսմանյան կայսրության ճակատագրին: Բնականաբար, կարևորագույն հարցերից մեկը Հայաստանի ապագայի հարցն էր: Ուստի, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին` իրավարար վճռով որոշելու Հայաստանի Հանրապետության սահմանը (to arbitrate the frontiers of Armenia) (2): Վերջին պարբերության մեջ առկա է երկու հանգամանք, որոնք արժանի են լրացուցիչ պարզաբանման: ա/. Փարիզի վեհաժողովի Գերագույն խորհուրդը լիազորված էր և գործում էր Դաշնակից բոլոր ուժերի անունից: Այսինքն, իրավարարությամբ Հայաստանի սահմանը որոշելու հայցադիմումը (compromis), հետևաբար դրա հիման վրա կայացվելիք վճռի անվերապահ ընդունման պարտավորությունն, արված էր բոլոր Դաշնակից ուժերի անունից: Առաջին աշխարհամարտի տարիներին Դաշնակից ուժերի (Allied Powers) մեջ ուղղակիորեն ընդգրկված էին ավելի քան երեք տասնյակ երկիր, իսկ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի երրորդ հանրապետության, Ճապոնիայի և Իտալիայի թագավորությունների կախյալ տարածքնեով (dependent territories) հանդերձ, գրեթե հարյուր (100) երկիր: բ./ Հայաստանի Հանրապետության սահմանը, ի տարբերություն Թուրքիայի մյուս սահմանների, որոշվելու էր ոչ թե խաղաղության պայմանագրով, այլ իրավարարությամբ (arbitration): Իրավական տեսանկյունից սա խիստ կարևոր առանձնահատկություն է, քանի որ պայմանագրերը միշտ էլ կարող են կողմերի համաձայնությամբ փոփոխվել, կասեցվել, չեղյալ հայտարարվել, իսկ իրավարար վճիռներն ՚վերջնական և անբեկանելիՙ են (final and without appeal), ինչպես նաև կայացման պահից կատարման համար պարտադիր են (binding) (3): Այսինքն, իրավարարությունը, ի տարբերություն պայմանագրի, ենթակա չէ վերանայման: Բացի այդ, իրավարարությունը և պայմանագիրն ունեն հակառակ ընթացակարգեր: Եթե պայմանագրի դեպքում նախ համաձայնությունն է ձեռք բերվում, հետո միայն այն ստանում է համապատասխան իրավական ձևակերպում, ապա իրավարարության դեպքում նախ ստորագրվում է ապագա համաձայնությունն անվերապահ ընդունելու հայցադիմումը (compromis), հետո նոր միայն կայացվում է վճիռը (award). Այսու, ի հետևանք վերոհիշյալ ապրիլի 26-ի հայցադիմումի, 1920թ. մայիսի 17-ին Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը պաշտոնական գրությամբ ստանձնում է հայ-թուրքական սահմանի իրավարարությունը և ձեռնամուխ է լինում համապատասխան աշխատանքներին: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ սա Սևրի պայմանգրի ստորագրումից (10 օգոստոսի 1920թ.) գրեթե երեք ամիս առաջ էր, ըստ այդմ, իրավարարության գործընթացը սկսվել է խաղաղության պայմանագրի ստորագրումից և նրա մեջ որպես 89-րդ հոդված ներառված հայցադիմումից, անկախաբար: Ամփոփելով կարելի է անել հետևյալ հստակ եզրակացությունները. Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը որոշվել է երկու իրարից անկախ հայցադիմումի (Սան Ռեմոյի, 26 ապրիլի 1920թ. և Սևրի, 10 օգոստոսի 1920թ.) հիման վրա կայացված իրավարար վճռով: Վճիռն օրինապես կայացվել է 1920թ. նոյեմբերի 22-ին և ուժի մեջ է մտել նույն օրը: Երկու օր հետո` նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվել է Փարիզ: Վճիռը երբեք չի բողոքարկվել, այն ուժի մեջ է առ այսօր: Վճիռն իրավական է և օրինական (legal and lawful): Այն գործում է Սևրի պայմանագրից անկախաբար: Սևրի պայմանագրի մեջ ներառված հայցադիմումը (compromis)` հոդված 89, եղել և մնում է հավելյալ, բայց ոչ հիմնական հայցադիմումը: Այսու, Հայաստանի և Թուքիայի միջև սահմանը հաստատվել է միջազգային իրավունքի բազմակողմ փաստաթղթով (multilateral instrument of international law)` Իրավարար վճռով (Arbitral Award), որին այսօր կողմ են հանդիսանում գրեթե հարյուր երկիր: Այս ամբողջին անդրադառնալուց հետո վերադառնանք բուն հարցին. - Միջազգային իրավունքի ո՞ր հիմնավորմամբ են Հայաստանի Հանրապետության և Թուքիայի Հանրապետության իշխանություններն ուզում անտեսել իրենց իսկ միջազգային պարտավորությունները և երկկողմ արձանագրությամբ բեկանել բազմակողմ միջազգային անբեկանելի որոշումը` Իրավարար վճիռը: Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ միջազգային իրավունքում սկզբունքնորեն բացակայում է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռի փոփոխման, կասեցման կամ բեկանման ընթացակարգ կամ նախադեպ: ԱՐԱ ՊԱՊՅԱՆ Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 20 սեպտեմբերի 2009թ. P.S. Մենք ականջակախ այնքան չխոսեցինք Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության, շեշտում եմ ` հանրապետության, տարածքների բռնազավթման մասին, որ այսօր Դավուդօղլին իրեն իրավունք է վերապահում ասելու “Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքները, դա հակասում է միջազգային բոլոր նորմերին”: 1. Հայալեզու պատմագիտության և քաղաքագիտության մեջ Դաշնակից ուժերն առավելապես հայտնի են Անտանտի երկրներ անվանումով: 2. Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Appendix I, Number 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7) 3. Hans-Jurgen Schlochauer, Arbitration, Encyclopedia of Public International Law, v. I, 1992, Amsterdam, p. 226.

No comments: