Thursday, September 17, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԵՊ ԽՐԵՑ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ»

Ադրբեջանի ղարաբաղյան քաղաքականությունը սպասելի որևէ արդյունք չտվեց: «Նովոստի Ադրբեջան» գործակալության հաղորդմամբ, այսօր Բաքվում կայացած քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ընթանալ Կոսովոյի կամ Թայվանի օրինակով, քանի որ, ըստ Զարդուշտ Ալիզադեի, «բոլոր հակամարտությունները տարբեր են»: «Կոսովոն գնալով ավելի անջատվում Սերբիայից և դառնում անկախ պետություն, քանի որ դա ձեռնտու է Սերբիային, որը միայն այդ դեպքում կարող է մտնել Եվամիությունը: Իսկ ԵՄ անդամությունը սերբերի համար ավելի կարևոր է, քան նոր պատերազմը Կոսովոյում: Թայվանն, ընդհակառակը` կլանվում է Չինաստանի կողմից: տարեց տարի ավելանում է այն երկրների թիվը, որոնք կղզին ճանաչում են մայրցամաքային Չինաստանի մաս, միևնույն ժամանակ Թայվանում իշխանության են եկել պրոչինական ուժերը»,- նշել է Զարդուշտ Ալիզադեն, ապա անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նկատել, թե «աշխարհը պայմաններ է ստեղծում Ադրբեջանից այդ տարածքի անջատման համար»: «Եթե Բաքուն հետագայում ևս որևէ գործնական քայլ չանի Լեռնային Ղարաբաղը սեփական իրավասության տակ վերադարձնելու համար, Ադրբեջանը վերջնականապես կկորցնի Ղարաբաղը»,- հայտարարել է նա ու նշել, ո Ադրբեջանի նախորդ բոլոր քայլերը` ՄԱԿ-ի բանաձևեր, բանակցություններ և այլն, Ադրբեջանին որևէ օգուտ չեն բերել: «Ընդհակառակը` Սերժ Սարգսյանի գործողությունները սեպ խրեցին Բաքվի ու Անկարայի միջև»,- արձանագրել է նա: Զարդուշտ Ալիզադեն նշել է նաև Ադրբեջանի անհաջողությունների աղբյուրը. «Արտաքին քաղաքական գործողությունները պետք է հիմնվեն ճիշտ ներքին քաղաքականության վրա: Իսկ հենց դա ես ոչ մի կերպ չեմ նկատում»,- ասել է նա` հավանաբար նկատի ունենալով Ադրբեջանի «ձեռքբերումները» ժողովրդավարության կառուցման, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Աղբյուր` Panorama.am. 16-9-2009

No comments: