Thursday, September 17, 2009

Վրաց փորձագետ. Հայաստանն ահաբեկչությունից ամենապաշտպանված երկիրն է Հարավային Կովկասում

News.am. 16-9-2009- Հյուսիսային Կովկասի լարված իրավիճակն անպատճառ ազդում է ողջ տարածաշրջանի երկրների վրա, սյդ թվում եւ հարավ-կովկասյան պետությունների վրա, սակայն Հայաստանն այդ համատեքստում տարածաշրջանի ամենապաշտպանված երկիրն է։ Նման կարծիք է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արտահայտել Վրաստանի «Հասարակական ծրագրերի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Գիա Խուխաշվիլին։ «Այդ իրավիճակն առավել վտանգավոր է Վրաստանի համար, քանի որ այն ընդհանուր սահման ունի Դաղստանի հետ, բացի այդ հենց երկրի ներսում կան կոնֆլիկտային շրջաններ»,- կարծում է Խուխաշվիլին։ Ըստ փորձագետի, այդ բարդ իրավիճակում Ռուսաստանը պետք է վճռական քայլեր ձեռնարկի Հյուսիսային Կովկասի տարածքում ստեղծված իրավիճակի կարգավորման ու ահաբեկչական հետագա գործողությունների կանխարգելման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Հյուսիսային Կովկասի հանրապետություններից տեղեկատվություն է ստացվում պայթյունների, փոխհրաձգությունների, հարձակումների մասին։ Այսպես, օրինակ՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան Գրոզնու կենտրոնում պայթյուն է որոտացել, կան զոհեր ու տուժածներ։ Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկչուհին։ Այդ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել նաեւ սեպտեմբերի 12-ին, երբ տեղի վարժարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էին երեք պահապաններ, բազմաթիվ սաներ ծանր վնասվածքներ էին ստացել։

No comments: