Thursday, October 8, 2009

Րաֆֆի Հովհանիսյանը Հայաստանի սահմանները փորձեց ճշտել վարչապետից, նա էլ ասաց, թե ԽՄ-ից ենք ժառանգել դրանք

Panorama.am -7-10-2009- Խորհրդարանում մեկնարկած կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցերի գեևակշռող մասը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ են, և քանի որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա չէր, օրենսդիրի անդամներին հարցերին պատասխանում էր գործադիր մարմնի ղեկավարը՝ Տիգրան Սարգսյանը: Օրեր առաջ հրաժարականի դիմումից հրաժարված Րաֆֆի Հովհաննիսյանի հարց-մեկնաբանությունը ևս հայ-թուրքական հարաբերությունների մասին էր: «Առկա դե ֆակտո սահմանների ճանաչում որպես դե յուրե, Ցեղասպանության հարցի դուրս հանում օրակարգից և որպես եզր դուրսբերում երկկողմ հարաբերություններից, ահաբեկչության դատապարտում... Այսօր այս երեքը տեղ են գտել այս արձանագրություններում»,-ասաց պատգամավորը, ասելով, որ գիտե, այս գործընթացում կան ճնշումներ և ազդեցություններ, բայց ինքը ուզում է, որ հասկանանք, թե ինչ է դրված սեղանի վրա: Նա վարչապետին երկու հարց ուղղեց, ո՞ր գծով է անցնում Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը, ո՞րն է դրա իրավական հիմքը: Ր. Հովհաննիսյանին մտահոգել էին նաև Թուրքիայի նախագահի ու վարչապետի հայտարարությունները, թե Հայաստանը կմնա շրջափակման մեջ, որևէ սահմանային կետ չի բացվի, քանի դեռ չի լուծվել ԼՂ հարցը: Ամբիոն բարձրացած Տ. Սարգսյանը հարցի համար շնորհակալություն հայտնեց պատգամավորին, ապա ասաց. «Ես կուզենայի արձանագրել, որ հանրապետության նախագահի այս համարձակ նախաձեռնությունից հետո մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, քաղաքական միտքը մուտք են գործել որակապես նոր փուլ, որակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Այն է, մենք ձեզ հետ միասին մտածում ենք ապագայի մասին, այլևս հայ-թուրքական հարաբերությունները վերացական գաղափար չեն, այլ առարկայական քննարկումներ են ընթանում»: Ըստ վարչապետի, դա կարևոր է մի պետության համար, որ նայում է դեպի ապագա և ոչ թե դեպի անցյալ: Ինչ վերաբերում է սահմաններին, ապա Տ. Սարգսյանի համոզմամբ, այդ հարցը շատ հստակ է: «Ակնհայտ է, որ գործ ենք ունենալու փաստացի ձևավորված սահմանների հետ և մեր քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք, ելնում ենք հենց այս իրողությունից, մեր սահմանապահները պաշտպանում են կոնկրետ առարկայական սահմաններ և այդ սահմաններն են, որ հենց պետք է բացվեն»,-ասաց կառավարության ղեկավարը: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ապա վարչապետը հիշեցրեց, որ այս հարցում պետք է վկայակոչել ՀՀ իշխանություններին, թե մենք գործ ունենք ադրբեջանական ագրեսիայի հետ և մեր պարտականությունն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ամենայն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին: Պատգամավորին չբավարարեց այս պատասխանը, ուստի նա կրկնեց այն, Տ. Սարգսյանն էլ արձագանքեց, թե մեր սահմանները ձևավորվել են Սովետական միության ժամանակ, որի իրավահաջորդը լինելով էլ մենք ժառանգել ենք դրանք:

No comments: