Նրա առաքելությունը պայմանավորված է «տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը նպաստելու» նոր դերակատարությամբ
«ԱԶԳ», 28-10-2009 - Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցի շրջանակներում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Նրա Պակիստան այցելությունը Անկարան պայմանավորում էր Իրան-Պակիստան լարվածությունը մեղմելու համար Թուրքիայի ստանձնած միջնորդական առաքելությամբ, հիշեցնելով միաժամանակ, որ Թուրքիան այդպիսի միջնորդությամբ հանդես է եկել նաեւ Սիրիա-Իրաք հարաբերություններում եւ թուրքական նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել:
Վարչապետ Էրդողանի միջնորդությունը ի՞նչ ներգործություն կունենա Իրան-Պակիստան լարվածության վրա, ցույց կտա ժամանակը, մանավանդ որ նա Թեհրանում դեռեւս շարունակում է բանակցությունները երկրի ղեկավարության հետ: Պարզապես, Պակիստանի հետ այցելությունը նաեւ Իրանում ավարտելուց հետո նա կվերադառնա Անկարա, որտեղից էլ իսկույն կուղեւորվի Վաշինգտոնՙ հանդիպելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Թեեւ Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգի մասին որեւէ տեղեկություն դեռեւս չի հրապարակվել, բայց դժվար չէ կռահել, որ Թուրքիայի վարչապետը Իսլամաբադում եւ Թեհրանում ունեցած հանդիպումների մասին կիրազեկի ԱՄՆ նախագահին, տեղեկություններ կհաղորդի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերջին զարգացումների մասին եւ անկասկած կխնդրի, որ պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանի վրա գործադրի իր ազդեցությունըՙ ապահովելու համար թեկուզ մասնակի առաջընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Առաջընթաց ասելով Թուրքիան հասկանում է Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ շրջաններից հայկական զորքերի դուրսբերումը: Ինչ վերաբերում է Թուրքիայի միջնորդությանը Իրան-Պակիստան հարաբերություններում, ապա դրան նախորդել էր միջնորդական մեկ այլ առաքելություն Սիրիա-Իրաք լարվածության առումով, որի մասին արդեն նշվեց: Հիշեցման կարգով նշենք նաեւ, որ Թուրքիայի միջնորդությամբ Ստամբուլում կատարվել էին Իսրայել-Սիրիա գաղտնի բանակցությունները: Թեեւ Իսրայելը մերժել էր «Համասի» հարցում միջնորդի դեր կատարելու Թուրքիայի առաջարկը, սակայն վերջինը միջնորդական առաքելությամբ հանդես գալու պատրաստակամություն է ցուցաբերում պաղեստինյան երկու կազմակերպություններիՙ «Ֆաթհի» եւ «Համասի» հակասությունները հարթելու համար:
Չի բացառվում, որ պաղեստինյան այս կազմակերպություններն ընդունեն Թուրքիայի առաջարկը: Այդ դեպքում արդեն իրատեսական կդառնա նրա միջնորդությունը Պաղեստին-Իսրայել հակամարտությունում: Դա կնպաստի տարածաշրջանում Թուրքիայի աննախադեպ ակտիվացմանն ու միջազգային հեղինակության աճին: Սակայն Թուրքիայի քաղաքական ակտիվության եւ հեղինակության աճի պարագայում խնդիրը սոսկ միջնորդական առաքելությունը չէ, այլեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում քաղաքական լարվածությունը թուլացնելու նախագահ Օբամայի որդեգրած դիրքորոշումը, որի թերեւս ամենացայտուն արտահայտությունը Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի որոշումն է:
Թեեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը հանգեցրած հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումները Շվեյցարիայի Բեռն քաղաքում սկսվել են դեռեւս 2007-ի օգոստոսին, սակայն այս արձանագրությունները եւս պետք է պայմանավորել տարածաշրջանում լարվածության թուլացմամբ այն առումով, որ հակաիրաքյան պատերազմում ԱՄՆ-ի ձախողումը հայտնի էր 2007-ին, իսկ ամերիկյան զորքերի դուրսբերումը Իրաքից արդեն հրամայական էր դարձել: Պարզապես 2007-ին ձեւակերպված չէր «տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը նպաստելու» Թուրքիայի նոր դերակատարությունը, որի հիմքում, ինչ խոսք, նախագահ Օբամայի ռազմաքաղաքական լարվածության թուլացմանն ուղղված դիրքորոշումն է:
Այլ կերպ, Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման զույգ արձանագրությունները Թուրքիային նախագահ Օբամայի դիրքորոշման հիման վրա հատկացված այս նոր դերակատարության յուրահատուկ արձագանքներն են: Ակնհայտ է, որ ներքին եւ արտաքին անլուծելի խնդիրների հորձանուտում հայտնված պետությունները ո՛չ կկարողանան ամբողջ ուժով կենտրոնանալ դերակատարության վրա, ո՛չ ի վիճակի կլինեն դա պատշաճ մակարդակով կատարել, ո՛չ էլ ազդեցություն գործել արտաքին աշխարհում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
No comments:
Post a Comment