ԱՄՆ պետական դեպարտամենտի Կրոնական Ազատությունների Մասին Միջազգային Զեկույց 2009. Հայաստան
Կրոնի ազատությունն ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն օրենսդրությամբ կան որոշ սահմանափակումներ փոքրամասնական կրոնական խմբերին հարողների կրոնական ազատության նկատմամբ:
Ընդհանուր առմամբ, Կառավարությունը կրոնական ազատության նկատմամբ գործող իրավական սահմանափակումները չի կիրառել: Այս զեկույցում արտացոլված ժամանակահատվածում Կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել:
Եղել են հաղորդումներ հասարակական չարաշահումների և խտրականության վերաբերյալ կրոնական պատկանելության, հավատքի և գործունեության հիման վրա:
Կրոնական ազատության հարցը ԱՄՆ կառավարությունը քննարկում է Կառավարության հետ` մարդու իրավունքների խթանման քաղաքականության համատեքստում:
Մաս I. Կրոնական ժողովրդագրությունը
Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 11.500 քառակուսի մղոն, իսկ բնակչությունը` 3 միլիոն: Բնակչության շուրջ 98 տոկոսը կազմում են էթնիկ հայերը: Ազգային ինքնությունը սերտորեն շաղկապված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Հայաստանյայց Եկեղեցու) հետ: Երկրի բնակչության մոտ 90 տոկոսը անվանականորեն հարում են Հայաստանյայց Եկեղեցուն, որն արևելյան վեց հնագույն ավտոկեֆալ եկեղեցիներից մեկն է, որի հոգևոր կենտրոնը (Մայր Աթոռ) տեղակայված է Էջմիածնի Մայր տաճարում ու վանքում` մայրաքաղաք Երևանից ոչ հեռու:
Կան այլ կրոնական խմբերին հարող փոքր համայնքներ: Կրոնական փոքրամասնությունների քանակային կազմի ճշգրիտ հաշվառման տվյալներ չկան, իսկ ծխական համայնքների ներկայացուցիչների կողմից ներկայացվող տվյալներն էլ նշանակալիորեն տարբերվում են միմյանցից: Այս խմբերը, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, ներառում են կաթոլիկներ` Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Հայկական Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, հայ ավետարանչական եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ, մոլոկաններ, հիսունականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, բապտիստներ, խարիզմատիկ քրիստոնյաների տարբեր խմբեր, Եհովայի վկաներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդներ (մորմոններ), եզդիներ (եզիդիզմին հարող ոչ մահմեդական քրդեր), հրեաներ, սունի մահմեդական քրդեր, շիա մահմեդականներ, բահայականներ և այլն:
Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռանը հարող գյուղական բնակավայրերում` մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս-արևմուտք: Հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են հյուսիսում, մինչդեռ հրեաները, մորմոնները, բահայականներն ու ուղղափառ քրիստոնյաները, ինչպես նաև հիմնականում շիա մահմեդականների փոքրիկ համայնքը` կազմված իրանցիներից ու Միջին Արևելքի երկրներից եկած ժամանակավոր բնակիչներից, բնակվում են Երևանում:
Մաս II. Կրոնական ազատության հանդեպ հարգանք Կառավարության կողմից
Իրավական /քաղաքական դաշտ
Սահմանադրությամբ ամրագրվում է կրոնական ազատությունը և կրոնական հավատքի դավանելու, այն ընտրելու կամ փոխելու իրավունքը: Միաժամանակ այն ճանաչում է «Հայաստանյայց Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Սահմանադրությամբ ու Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքով սահմանվում է եկեղեցու և պետության տարանջատումը, սակայն Հայաստանյայց Եկեղեցուն շնորհվում է ազգային եկեղեցու պաշտոնական կարգավիճակ:
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Եկեղեցու հարաբերությունների մասին 2007թ. ապրիլի օրենքը կարգավորում է պետության և Հայաստանյայց Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները և որոշակի արտոնություններ է շնորհում Հայաստանյայց Եկեղեցուն, որոնք չեն գործում մյուս կրոնական խմբերի համար: Այս օրենքի համաձայն պետությունը ճանաչում է եկեղեցու կանոնական ծեսով իրագործած ամուսնությունների իրավական ուժը, սակայն դեռևս չկային այդ դրույթի կենսագործումն ապահովելու համար անհրաժեշտ իրավական ակտերը: Օրենքը նաև իրավունք է վերապահում Հայաստանյայց Եկեղեցուն ունենալու մշտական ներկայացուցիչներ հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, և ազատազրկման բոլոր վայրերում, մինչդեռ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն մյուս կրոնական կազմակերպություններին իրավունք է վերապահվում ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն այդպիսի խնդրանք լինելու դեպքում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով պաշտոնապես ճանաչվում է այն բարոյական ու էթնիկ/ազգային դերը, որ Հայաստանյայց Եկեղեցին փաստացի ունի հասարակության համար, քանզի քաղաքացիների մեծ մասը եկեղեցին համարում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության անբաժանելի մաս:
Կառավարության կողմից որպես ազգային տոն նշվում է հունվարի 6-ը, այն օրը, երբ Հայաստանյայց Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը: Տարվա ընթացքում Կառավարության որոշմամբ հինգ եկեղեցական տոների հետ կապված երկուշաբթի օրերը պաշտոնապես հայտարարվում են ոչ աշխատանքային, քանի որ այդ օրերին ընդունված է այցելել հարազատների գերեզմանները: Դրա փոխարեն նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը եղել է աշխատանքային օր:
Oրենսդրությամբ հասարակական կազմակերպությունների, այդ թվում և կրոնական խմբերի գրանցումը պարտադիր չէ, սակայն միայն գրանցված կազմակերպություններն են, որ ստանում են իրավաբանական անձի կարգավիճակ: Միայն գրանցված խմբերը կարող են հրատարակել հազարից ավել տպաքանակով թերթեր ու ամսագրեր, վարձակալել տարածք ժողովների համար, հեռարձակել հաղորդումներ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, կամ պաշտոնապես հովանավորել իրենց այցելուների համար վիզաների ստացումը, մինչդեռ անդամները դա կարող են անել որպես անհատ: Գրանցման պայմաններին բավարարելու համար կրոնական կազմակերպությունները պետք է «զերծ լինեն նյութապաշտությունից և ուղղված լինեն դեպի զուտ հոգևոր ոլորտներն», ունենան առնվազն 200 հոգի չափահաս հետևորդներ և առաջնորդվեն «պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի» սկզբունքներով: Գրանցման պահանջները չեն վերաբերում ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններին: Կրոնական կազմակերպությունների գրանցումն իրականացվում է Պետական ռեգիստրում: Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչությունը հետևում է կրոնական հարցերին և կատարում է փորձագիտական դեր գրանցման գործընթացում: Չեն եղել հաղորդումներ այն մասին, որ Կառավարությունը մերժի օրենսդրությամբ նախատեսված գրանցման պայմաններին բավարարող և գրանցվելու ցանկություն ունեցող որևէ կրոնական խմբի գրանցումը:
Այլընտրանքային ծառայության մասին օրենքը թույլ է տալիս դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող անձանց պետական հանձնաժողովի թույլտվությամբ մարտական զինվորական ծառայության փոխարեն անցնել ոչ-մարտական զինվորական կամ աշխատանքային ծառայություն: Օրենքը գործողության մեջ մտավ 2004թ. և տարածվում էր հետագա զորակոչիկների ու զորակոչից խուսափելու համար բանտում հայտնված անձանց վրա: 2006թ. հունվարին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը որակվեց որպես քրեորեն պատժելի արարք: Այնուհանդերձ, դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող երիտասարդները շարունակում են պնդել, որ զինվորական հսկողության ներքո ընթացող այլընտրանքային աշխատանքային ծառայությունը վերածվում է անընդունելի զինվորական ծառայության:
Կրթության մասին օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է: Հանրակրթական դպրոցներում կարող են դասավանդել միայն Կառավարության կողմից արտոնված և վերապատրաստում անցած մասնագետները: Հայաստանյայց Եկեղեցու պատմությունը ներառված է հանրակրթական առարկայացանկում և դասավանդվում է հանրակրթական դպրոցի մանկավարժ-ուսուցիչների կողմից: Առարկան դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջները սահմանում է Հայաստանյայց Եկեղեցին, որը կարող է նաև առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել: Բոլոր կրոնական խմբերն իրենց հետևորդների ուսուցման համար կարող են կրոնի դասավանդման խմբեր ստեղծել` այդ նպատակի համար օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները: Օրենքը Հայաստանյայց Եկեղեցուն իրավունք է վերապահում կամավոր հիմունքներով կրոն դասավանդել պետական կրթական հաստատություններում` այդ նպատակի համար օգտագործելով այդ հաստատությունների շինություններն ու ռեսուրսները:
2009թ. մարտի 19-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեցին Խղճի ազատության և կրոնական ազատությունների մասին ՀՀ օրենքում և ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների վիճահարույց նախագծերը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում էր ավելացնել կրոնական կազմակերպության պետական գրանցման համար պահանջվող հետևորդների թիվը: Փոփոխություններով փորձ է արվում օրենսդրորեն սահմանել քրիստոնեական դավանանքը, որի դեպքում «դավանում են Հիսուս Քրիստոսին` որպես Աստված և Փրկիչ, և ընդունում են Սուրբ Երրորդությունը» և դա սահմանել որպես քրիստոնեական կրոնական կազմակերպությունների գրանցման նախապայման: Այս նախագծերով նաև փորձ է արվում իրավական սահմանում տալ և քրեորեն պատժելի դարձնել «հոգեորսությունը», տերմին, որը բացասականորեն կիրառվում է որպես հոմանիշ 'պրոսելիտիզմի' (դավանափոխության) բոլոր տեսակների համար: Այս նախագծերի շրջանառությամբ հասարակության մեջ սկիզբ առավ բուռն բանավեճ, և բազմաթիվ տեղացի փորձագետներ և կրոնական ազատությունների ակտիվիստներ, ինչպես նաև կրոնական խմբերի ներկայացուցիչներ դիտարկում էին նախագծերը (որոնք դեռ պետք է անցնեն երկրորդ ընթերցում` օրենքի ուժ ստանալու համար)` որպես կրոնական փոքրամասնությունների և երկրում կրոնական բազմազանության դեմ ուղղված քայլ: Հայաստանի Ազգային ժողովի խնդրանքով Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողովը) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով խորհրդատվական խորհուրդը քննության առան օրենքների նախագծերը և նրանց համատեղ կարծիքը հաստատվեց հունիսի 12-13-ին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում: Համատեղ փորձաքննությամբ վերլուծության ենթարկվեցին Խղճի ազատության և կրոնական ազատությունների մասին ՀՀ գործող օրենքը, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունները և երկուսի վերաբերյալ էլ քննադատական կարծիք ներկայացվեց: Իրավական փորձաքննության եզրակացությամբ ասվում էր, որ թեպետ երկու նախագծերով կարևոր քայլեր էին ձեռնարկվում մարդու իրավունքների երաշխիքների հստակեցման և շրջանակի առումով, որը պահանջվում է երկրի միջազգային պարտավորություններով, սակայն կային նաև մտահոգության տեղիք տվող որոշ դրույթներ, որոնք վերանայման կարիք ունեն: Գործող օրենքը նաև ավելի լայնածավալ փոփոխությունների կարիքն ունի, քան այն ինչ առաջարկվում է տվյալ նախագծով: Ի թիվս շատ այլ առաջարկների համատեղ գնահատմամբ առաջարկվում էր նշանակալի փոփոխությունների ենթարկել գրանցման պայմանները, ինչպես նաև հանել նախագծից քրիստոնեության առաջարկող սահմանումը: Փորձաքննությունը բացասաբար էր դիտարկում գրանցման համար անհրաժեշտ հետևորդների թվի առաջարկվող ավելացումը: Գնահատմամբ նաև առաջարկվում էր փոխել դավանափոխության հանցանքի ձևակերպումը` ապահովելու, որպեսզի հանցանքը հստակորեն սահմանի «ոչ պատշաճ դավանափոխությունը», և որ այդ երևույթի սահմանումը ձևակերպվի ավելի մեծ զգուշությամբ, և որ առաջարկվող պատժաչափերը նույնպես վերանայվեն` անհարկի խիստ լինելու հնարավորության պատճառով: Նախագծի հետագա ընթացքն Ազգային ժողովում ընդհատվեց Ազգային ժողովի աշխատանքների ամառային դադարի պատճառով: Հաշվետու ժամանակահատվածի ավարտին հավելյալ տեղեկություններ առ այն, թե ինչպիսի հետագա ընթացք է Կառավարությունը պլանավորում այս նախագծերի հետ կապված, չկար: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի տված գնահատականների վերաբերյալ Կառավարությունը մեկնաբանություններ չի արել:
Կրոնական ազատության սահմանափակումներ
Ընդհանուր առմամբ, Կառավարությունը կրոնական ազատության նկատմամբ գործող իրավական սահմանափակումները չի կիրառել: Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել:
Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքով արգելվում, բայց չի սահմանվում «հոգեորսությունը», որը ոչ իրավական տերմին է, որը տեղում ընկալվում է բնութագրելու թե դավանափոխությունը, և թե հարկադիր կրոնափոխությունը: Հոգեորսության արգելքը վերաբերում է բոլոր խմբերին, այդ թվում և Հայաստանյայց Եկեղեցուն: Գրանցված կրոնական կազմակերպությունների մեծ մասը հաշվետու ժամանակաշրջանում չի հայտնել իրենց գործունեության ճանապարհին ի հայտ եկած զգալի իրավական խոչընդոտների մասին:
Չնայած օրենսդրությամբ արգելում է արտերկրում հոգևոր կենտրոններ ունեցող եկեղեցիների արտաքին ֆինանսավորումը` Կառավարությունը չի կիրառել այս արգելքը:
Հաշվետու ժամանակահատվածի ողջ ընթացքում իրեն «Մեկ ազգ կուսակցություն» անվանող խումբը իշխանությունների կողմից անարգել (ու թերևս իշխանությունների գաղտնի թողտվությամբ) շարունակել է Երևանի տարբեր մասերում թերթիկներ փակցնել, որոնցում դատապարտում էր Եհովայի վկաներին ու մարդկանց զգուշացնում «աղանդների» մասին: Տեղական դիտորդների տվյալներով նույն խումբը, որ նաև հանդես է գալիս «Մեկ ազգ կազմակերպությունների դաշինք» անվան ներքո, հազարավոր թռուցիկներ է բաժանել ամբողջ երկրում, որոնց բովանդակությունն առավել զրպարտչական էր: Թռուցիկներում Հայաստանում օրինականորեն գրանցված կրոնական կազմակերպությունները համեմատվում են «սատանայապաշտների» հետ, բոլորը որակվում են որպես «աղանդներ», որոնք ներգրավված են ապազգային ու քայքայիչ գործունեության մեջ ու կոչ է արվում Հայաստանի քաղաքացիներին պայքարել դրանց դեմ:
Հաշվետու ժամանակահատվածի ողջ ընթացքում բազմաթիվ փոքրամասնական կրոնական խմբերի կողմից հաղորդումներ են եղել այն մասին, որ դպրոցներում նկատվում է անհանդուրժողականության դրսևորման ընդհանուր միտում ընդդեմ այն աշակերտների ու ուսուցիչների, ովքեր ներառված են Հայաստանյայց Եկեղեցուց զատ որևէ այլ կրոնական խմբում: Եղել են հաղորդումներ այն մասին, որ ուսուցիչները դասերի ժամանակ առանձնացրել են փոքրամասնական կրոնական խմբերի հարող երեխաներին, իսկ դասընկերների կողմից նրանք դարձել են ծաղրի և ոտնձգությունների թիրախ:
2009թ. մայիսի 11-ին Գուգարքի թեմի առաջնորդ եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը Վանաձորում հանդիպում ունեցավ դպրոցների տնօրենների հետ, որին նաև մասնակցեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը և այլ պաշտոնատար անձինք: Ըստ հաղորդումների եպիսկոպոս Չուլջյանը ներկաներին հրահանգեց իրենց հաստատություններում ակտիվորեն աշխատել ընդդեմ «աղանդների»: Մարզպետը հանդիպման ժամանակ ասաց, որ դպրոցներում անընդունելի է հանդուրժել «աղանդներին» ու «հոգեորսությունը», որոնք «տարածված են իրենց իրականության մեջ»: Հանդիպումը լուսաբանվել է Լոռի հեռուստաընկերության կողմից, որի հաղորդման մեջ նշվեց, որ ավելի վաղ Սպիտակում տեղի է ունեցել նմանատիպ մեկ այլ հանդիպում Հայաստանյայց եկեղեցու սպասավորների ու ամբողջ մարզի դպրոցների տնօրենների միջև: Մայիսի 14-ին մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով տեղական դիտորդների ու ծնողների հաղորդումներին, հաղորդեցին, որ այդ հանդիպումից հետո որոշ ուսուցիչներ ահաբեկել են աշակերտներին և սպառնացել պատժել նրանց, եթե մասնակցեն «աղանդների» (այսինքն, Հայաստանյայց Եկեղեցուց զատ որևէ այլ կրոնի) ժողովներին կամ միջոցառումներին: Լրատվամիջոցներում նաև հաղորդում եղավ այն մասին, որ մարզպետարանի աշխատակցի կողմից հերքվել են այդ հաղորդումները և ասվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բացառապես հայկական եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն առարկաների դասավանդմանը և «երիտասարդների հայրենասիրական ոգով դաստիարակմանը» վերաբերող հարցեր:
Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում «Ապրիլ 24-ի խումբ» անվամբ հանդես եկող խումբը Երևանում նսեմացնող բովանդակությամբ թերթիկներ է փակցրել ընդդեմ իրենց կողմից «աղանդ» որակվող խմբերի: Այս թերթիկները նույնպես ուղղված էին օրինականորեն գրանցված փոքրամասնական կրոնական խմբերի դեմ` ներկայացնելով նրանց որպես «քրեածին խմբավորումներ»: 2009թ. ապրիլի 18-ին մի կառավարամետ օրաթերթ առաջին էջում տպագրեց այս թերթիկներից մեկի լուսանկարը` «Ասողին լսող է պետք» վերտառությամբ:
Ապրիլի 18-ին մեկշաբաթյա այցով Հայաստան էր ժամանել ամերիկյան բապտիստական եկեղեցու «Օկլահոմայի երգող տղամարդիկ» երգչախումբը` տուրք մատուցելու ապրիլի 24-ի հիշատակի օրվա կապակցությամբ: Խմբի ժամանման հաջորդ օրը Հայաստանյայց Եկեղեցին քննադատեց երգչախմբին իրենց կայքում այնպիսի տեղեկություններ զետեղելու համար, որոնք ըստ Հայաստանյայց Եկեղեցու ուղղված էին հայ ժողովրդի անվանարկմանը և դավանափոխությանը: Պետական հովանավորությամբ գործող մի շարք լրատվամիջոցներ ներկայացնում էին, որ երգչախումբն ուներ գաղտնի նպատակներ և այցի ընթացքում «հոգիներ որսալու» մտադրություն էր հետապնդում: Չնայած երգող տղամարդկանց կողմից այդ պնդումների բազմակի հերքումներին` ըստ հաղորդումների Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաները սպառնացել են Հայաստանի բապտիստական եկեղեցու հովվապետին և այն անձանց, որոնք պատասխանատու էին այն վայրերի համար որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերված համերգների անցկացման վերաբերյալ: Խումբը Հայաստանից մեկնեց ապրիլի 25-ին, իսկ նախատեսված համերգների կեսից ավելին, ըստ հաղորդումների, հարկադրաբար չեղյալ համարվեցին:
Եհովայի վկաների հաղորդման համաձայն Երևանի թիվ 94 դպրոցի տնօրինությունը իրենց անդամների երեխաների հանդեպ շարունակվող հալածանքները չի կանխել: Ըստ հաղորդումների 2008թ. նոյեմբերի 24-ին ոստիկանական բաժանմունք են հրավիրվել մեղավոր դեռահասները, ովքեր ընդունել են, որ ծաղրել են իրենց համադասարանցիներին, քանի որ իրենց դուր չի եկել նրանց կրոնական տարբերությունը: Տուժողների ընտանիքները հայտնել են, որ ոստիկանությանը դիմելու իրենց գործողություններին ի պատասխան, դպրոցի տնօրենը դատապարտել է իրենց այդ քայլը, որի հետևանքով էլ իրենք որոշել են երեխաներին այլ դպրոց փոխադրել:
Հունիսի 8-ին առցանց լրատվամիջոցներից մեկում հրապարակվեց «Երևանի Ավետարանական Եկեղեցու» հիմնադրի հայտարարությունը, որտեղ նա պնդում էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մայիսի վերջին թույլ են տվել ոտնձգություններ «Քրիստոնեական մշակույթի միջազգային ծառայություններ» հասարակական բարեգործական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի անդամների հանդեպ` նրանց հրավիրելով ու ժամեր շարունակ հարցաքննելով կազմակերպության աշխատանքների վերաբերյալ, ընդ որում` առանց սահմանված իրավական ընթացակարգերի պահպանման, առանց հիմնավորման և հարցաքննության ընթացքում ծաղրի ենթարկելով նրանց հավատքն ու կրոնը: Ըստ լրատվամիջոցի ԱԱԾ ծառայության աշխատակիցներն այս կերպ պայքարում են «հոգեորսության» դեմ: Ըստ հաղորդումների այս գործողությունները դադարեցին, երբ «Երևանի Ավետարանական Եկեղեցու» հիմնադիրը (Լեւոն Պարտակչյան), ով նաև այդ ՀԿ-ի հիմնադիրն է, սկսեց ակտիվորեն հարցը բարձրացնել պետական տարբեր կառույցներում:
Կրոնական ազատության չարաշահումներ
Նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող Եհովայի վկաների նկատմամբ սահմանվել են ազատազրկման ավելի կարճ ժամանակահատվածներ: 2008թ. հուլիսի 1-ից մինչև 2009թ. հունիսի 30-ը դատապարտվել են 22 Եհովայի վկաներ, որոնցից 3-ը դատապարտվել են 36 ամիս ազատազրկման (օրենքով սահմանված առավելագույն պատիժն է), 13-ը` 24 ամիս ազատազրկման, 4-ը` 30 ամիս ազատազրկման, 2-ը` 26 ամիս ազատազրկման, իսկ 1-ը` պայմանականորեն ազատ է արձակվել:
Եհովայի վկաների երևանյան առաջնորդների հաղորդմամբ 2009թ. հունիսի 30-ի դրությամբ դավանական կամ կրոնական նկատառումներով զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից հրաժարված Եհովայի վկաների 71 հետևորդներ գտնվում էին բանտում, իսկ 1 հոգի գտնվում էր նախնական կալանքի տակ: Եհովայի վկաների ներկայացուցիչները փաստում էին, որ ազատազրկված բոլոր անձինք հնարավորություն են ունեցել բանտի փոխարեն ընտրել այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ դեմ են այն հանգամանքին, որ այլընտրանքային ծառայության նկատմամբ վարչական հսկողությունը իրականացվում է զինվորականների կողմից:
Բացառությամբ Եհովայի վկաների, որոնք խուսափում էին զինվորական ծառայությունից դավանական նկատառումներով, երկրում կրոնական բանտարկյալների մասին հաղորդումներ չեն եղել:
Հարկադիր կրոնափոխություն
Հարկադիր կրոնափոխության դեպքեր չեն գրանցվել, այդ թվում և ԱՄՆ անչափահաս քաղաքացիների` որոնց առևանգել կամ ապօրինի հեռացրել են Միացյալ Նահանգներից կամ չեն թույլ տվել վերադառնալ Միացյալ Նահանգներ:
Կրոնական ազատության հանդեպ հարգանքի մասով դրական տեղաշարժեր ու զարգացումներ
Ի տարբերություն նախորդ հաշվետու ժամանակահատվածի Հայաստանի լրատվամիջոցներում հակասեմական հաղորդումներ չեն եղել:
2009թ. մայիսի 11-ին Հայաստանի հարավում գտնվող Եղեգիս բնակավայրում պետական այրերի, դիվանագետների, միջազգային գիտնականների և հրեական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ 800-ամյա պատմություն ունեցող հրեական գերեզմանոցի բացումը` վերականգնողական աշխատանքների կատարումից հետո, որոնք իրականացվել էին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Մարտի 20-ին հրեական համայնքը կատարեց կառավարության ֆինանսավորմամբ հիմնած Բարեկամության ծառուղու բացման արարողությունը Երևանի Երկրորդ աշխարհամարտի հուշահամալիրի հարակից պուրակում` ի նշանավորումն հայ և հրեա ժողովուրդների բարեկամության և Իսրայելի 60-ամյա պետականության:
2008թ. հուլիսի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունից հետո զինվորական կոմիսարը գրություն ուղարկեց Եհովայի վկաների հետևորդներին` տեղեկացնելով, որ բոլոր զինկոմիսարիատները ստացել են հրահանգ գրանցել և անձնագրեր տրամադրել բոլոր այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափելու համար և որոնք արդեն կրել են իրենց պատիժը: Նամակում նշված էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինվորական դատախազը այդ անձանց գրանցման հետ կապված առարկություններ չունեն: Եհովայի վկաների հաղորդմամբ դրանից հետո զինկոմիսարիատներում Եհովայի վկաների հանդեպ ունեցած վերաբերմունքի զգալի բարելավում է եղել, և չեն եղել հաղորդումներ ազատազրկման ժամկետը լրանալուց հետո փաստաթղթերի տրամադրման հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Ըստ Եհովայի վկաների գլխավոր դատախազի տեղակալի հետ ձեռք բերած բանավոր պայմանավորվածությունից հետո, 2008թ. գարնանից սկսած, այլընտրանքային ծառայությունից խուսափած իրենց հետևորդներից շատ քչերի նկատմամբ է կիրառվել նախնական կալանքը որպես խափանման միջոց: Որոշ դեպքերում նրանք կալանքի տակ են վերցվել ազատազրկման մասին դատավճռից մեկ ամիս անց, այսինքն միայն այն ժամանակ, երբ դատավճիռը օրինական գործողության մեջ է մտել: Որոշ բացառություններ այնուհանդերձ եղել են` պայմանավորված այն փաստով, որ տեղերում դատախազները ծանոթ չէին գլխավոր դատախազի որոշմանը: 2009թ. հունիսի 26-ին Եհովայի վկաներին ուղարկած նամակով Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ 2009թ. ապրիլի 29-ին դատախազների կոլեգիայի նիստի ժամանակ մարզային դատախազները վերստին տեղեկացվել են, որ քննչական մարմիններից չխուսափող անձանց նկատմամբ նախնական կալանքի կիրառումը որպես խափանման միջոց, անհարկի է:
Թեպետ Աստվածաշնչյան մեկնություններ իրականացնող Եհովայի վկաների հետևորդների հանդեպ ժամանակ առ ժամանակ հարձակումները շարունակվել են, սակայն խումբը գոհունակություն է հայտնել մի այսպիսի միջադեպի ժամանակ իրավապահների ձեռնարկած օպերատիվ քայլերի վերաբերյալ: 2008թ. հուլիսի 13-ին 53-ամյա մի երևանցի հարձակում էր գործել քարոզչությամբ զբաղվող Եհովայի վկաների երկու հետևորդների վրա: Ըստ Եհովայի վկաների հաղորդման, հարձակում գործած անձը` Հայկ Էլիզբարյանը դեկտեմբերի 19-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել վիրավորանք հասցնելու, սպառնալու և ծեծի ենթարկելու համար և տուգանվել է 150.000 (մոտ 410 դոլար) դրամի չափով: Եհովայի վկաները բարձր էին գնահատել այս գործում Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանության և դատախազության ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը և նշում, որ սա առաջին դեպքն էր, երբ դատավճիռ կայացվեց իրենց հետևորդների վրա հարձակում գործելու համար:
Մաս III. Կրոնական ազատության հանդեպ հարգանքը հասարակությունում
Եղել են հաղորդումներ հասարակական չարաշահումների վերաբերյալ կրոնական պատկանելության, հավատքի և դավանանքի հիման վրա: Հասարակության վերաբերմունքը փոքրամասնական կրոնների նկատմամբ հակասական է: Թեպետ շատերը հավատացյալներ չեն, սակայն ազգային ինքնության և Հայաստանյայց Եկեղեցու միջև կապն ամուր է:
Որոշ դիտորդներ հայտնում են, որ հասարակությունը բացասական է տրամադրված բոլոր փոքրամասնական կրոնական խմբերի նկատմամբ: Սակայն համաձայն տեղական փորձագետների այս վերաբերմունքը չի անդրադառնում անձնական կամ հարևանական հարաբերությունների վրա, և ավելի շատ արտահայտվում էր ընդհանուր ընկալմամբ, որ փոքրամասնական կրոնական խմբերը վտանգ են հանդիսանում պետականության համար: Ժամանակ առ ժամանակ փոքրամասնական կրոնական խմբերը շարունակել են մնալ որպես Հայաստանյայց Եկեղեցու սպասավորների թշնամական քարոզչության թիրախ, իսկ փոքրամասնական կրոնական խմբերի հետևորդները հասարակության կողմից խտրական վերաբերմունք և անհանդուրժողականություն են զգացել, այդ թվում նաև աշխատավայրերում:
ԶԼՄ-ներից շատերը շարունակել են Հայաստանյայց Եկեղեցուց զատ բոլոր այլ կրոնական խմբերին իրենց հեռարձակումներում պիտակել որպես «աղանդներ», իսկ ոմանք բացասական ծրագրեր են հեռարձակել նրանց վերաբերյալ: Տարբեր հեռուստաընկերությունների եթերով ներկայացվել են քննարկումներ, որոնց ժամանակ Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչների և/կամ այլ մասնակիցների կողմից փոքրամասնական կրոնական խմբերը որակվել են որպես պետության և ազգի միասնականության թշնամիներ:
2009թ. փետրվարին «Երկիր Մեդիան» նկարահանել ու բազմիցս հեռարձակել է «Հոգու որս» ֆիլմը, որտեղ փոքրամասնական կրոնական խմբերը ներկայացվում են բացասական լույսի ներքո, պիտակվում են որպես «աղանդներ» և մեղադրվում են շորթման ու ազգային անվտանգությունը վտանգելու մեջ: Ֆիլմում հարցերին պատասխանող Հայաստանյայց Եկեղեցու քահանան ասում է, որ այս խմբերը նպատակ ունեն ստրկացնել մարդկանց ու դիմում են խաբեության` իրենց հետևից մարդկանց տանելու համար: «Վավերագրական» ֆիլմում կային ակնհայտորեն այլ երկրներից վերցված դրվագներ, որտեղ ներկայացվում էին տրանսում գտնվող մարդիկ, բռնությունների ենթարկված երեխաներ և թատերական բեմադրություններ, և այս «արխիվային» դրվագները մատուցվում էին որպես տեղական կրոնական խմբերի գործունեություն:
Եհովայի վկաների հաղորդմամբ ապրիլ-մայիս ամիսներին Վանաձորում նոր աղոթատեղի կառուցելիս տեղի բնակիչները փորձել են խոչընդոտել այդ աշխատանքներին: Ըստ Եհովայի վկաների մի շարք անձանց կողմից ագրեսիայի դրսևորումները հատկապես սրվել են ապրիլի 21-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, երբ նրանք սպառնացել են շինարարության բանվորներին և ապամոնտաժել ու գողացել են որոշ վրաններ ու պարաններ: Մայիսի 14-ին ոստիկանությունը իրավիճակը վերցրեց իր հսկողության տակ, և շինարարությունը վերսկսվեց ու ընթացավ առանց հետագա միջադեպերի: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների բնակիչները դեմ էին աղոթատեղի շինարարությանը, քանզի այն գտնվում էր դպրոցի ու մանկապարտեզի հարևանությամբ և մտայնություն կար, որ խումբը կարող է դավանափոխ անել իրենց երեխաներին:
Մաս IV. ԱՄՆ կառավարության քաղաքականությունը
Կրոնական ազատության հարցը ԱՄՆ կառավարությունը քննարկում է Կառավարության հետ` մարդու իրավունքների խթանման քաղաքականության համատեքստում: ԱՄՆ կառավարությունը շեշտել է, որ Հազարամյակի մարտահրավեր ծրագրով աջակցության պայմաններին շարունակաբար բավարարելը պայմանավորված է արդարացի կառավարման ցուցանիշների, այդ թվում կրոնական ազատության հանդեպ հարգանքի ուղղությամբ Կառավարության գործունեությամբ:
ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները մշտապես կապ են պահպանել Կաթողիկոսի (Հայաստանյայց Եկեղեցու առաջնորդի) հետ Էջմիածնում և երկրի այլ կրոնական և էկումենիկ խմբերի առաջնորդների հետ: Դեսպանությունը կանոնավոր կապ է պահպանել այլ երկրներում կենտրոններ ունեցող կրոնական խմբերի տեղի ու կարճաժամկետ այցեր կատարող տարածաշրջանային ներկայացուցիչների հետ և, անհրաժեշտության դեպքում, նրանց հուզող հարցերը բարձրացրել Կառավարության առջև:
Դեսպանության պաշտոնյաները, այդ թվում և դեսպանը, մասնակցել են տարբեր կրոնական համայնքների միջոցառումներին`ուղղված կրոնական ազատության խթանմանը:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment