Panorama.am -7-10-2009- Ազգային ժողովում կառավարության հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների գրեթե բոլոր հարցերին պատասխանողը վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Մասնավորապես, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կառավարությունից փորձեց պարզել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ կառավարությունն արդյոք պատրաստե՞լ է վերլուծություն` ինչպիսին կլինի մեր երկրի տնտեսական վիճակը և ինչ ռիսկեր կլինեն:
Մարտիրոսյանի հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և ասաց, որ բոլոր նախարարությունները համապատասխան վերլուծություններ իրականացրել և իրականացնում են ու ներկայացրել են իրենց որոշ գնահատականներ ու նյութեր: «Այդ նյութերի գերակշիռ մասը գաղտնի են, քանի որ կապված են ազգային անվտանգության հարցերի հետ: ՀՀ նախագահի կողմից տրվել է հստակ հանձնարարական ու բոլոր նախարարությունները դրանցով զբաղվում են: Մի խոսքով, մենք այդ տեղեկությունն ունենք», -հավելեց վարչապետ Սարգսյանը:
Նրա խոսքով, կառավարությանը նույնատիպ ուսումնասիրություններ են ներկայացրել նաև քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները: Նա հիշատակեց մասնավորապես, ՀՅԴ ուսումնասիրությունը:
«Տնտեսական կարողությունները ուժեղանալու են, առկա ռիսկերը հաղթահարվելու են և այնպիսի ծրագրեր են իրականացվելու, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Հայաստանն առավելագույնս ստանա», -նկատեց վարչապետը:
Ելույթի համար նախատեսված հատվածում պատգամավորը արտահայտեց իր մտավախությունը, թե թուրքական կողմը արձանագրություններով առաջադրում է նախապայմաններ և այդ պարագայում Հայաստանը «չունենալով ոչ մի ռեսուրս տնտեսական դաշտում պայքարելու համար մենք վաղը չէ մյուս օրը կարող է վտանգված նաև տնտեսական առումով»:
Վարչապետն ի պատասխան նկատեց, որ Մարտիրոսյանի գնահատականներին ծանոթ է ու համաձայն չէ դրանց հետ և վերահաստատեց իշխանությունների դիրքորոշումը. «Որևէ նախապայման արձանագրություններով դրված չէ հայկական կողմի առջև»:
Ավելին, ըստ վարչապետի, կա տեսակետ, որ հայկական կողմին է հաջողվել նախապայմաններ դնել թուրքերի առջև: «Մենք համոզված ենք, որ սա ճիշտ ռազմավարություն է, Հայաստանի Հանրապետությունը հաղթանակած է դուրս գալու այս գործընթացից: Ոչ մի նախապայման դրված չէ այդ փաստաթղթերում և որևիցե նախապայման մեր կողմից չի ընդունվել», -հավելեց վարչապետը:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment