Aysor.am-28-10-2009- Այսօր տեղի ունեցավ «Բարյացակամության կամուրջ» գրքույկի շնորհանդեսը, որում ամփոփված են հայ և թուրք երիտասարդների շարադրությունները, ինչպես նաև` ուղերձներն իրենց երկրների նախագահներին: Գրքույկը լույս է տեսել Հայաստանի և Թուրքիայի երիտասարդության միջև հանդուրժողականության ու համագործակցության խթանման ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Ապագան քոնն է» բարեգործական ՀԿ-ն` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Գրքույկի շնորհանդեսին ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը:
«Անվտանգությունն ու համագործակցությունը մեր կազմակերպության առանցքային բառերն են, և այս ծրագիրը նպատակ ունի խթանել անվտանգ ու կայուն միջավայր և համագործակցություն ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև: Հուսով եմ` այս ծրագիրն ու այս գրքույկը ևս մեկ քայլ կհանդիսանան երկու հարևան երկրների միջև «բարյացակամության կամուրջ» կառուցելու ուղղությամբ»,- ասաց Ս. Կապինոսը:
Եռալեզու գրքույկում` հայերեն, թուրքերեն և անգլերեն, ընդգրկված են ծրագրին մասնակցող 18 հայ և թուրք երիտասարդների լավագույն շարադրությունները, ինչպես նաև` տեղեկատվություն հանդուրժողականության, ժողովրդավարության և խաղաղության մասին: Այն պարունակում է նաև տեղեկատվություն Հայաստանի և Թուրքիայի մշակութային վայրերի վերաբերյալ:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանականներում հայտարարված մրցույթին մասնակցած շարադրությունները, մասնակիցների կողմից ծրագրի ընթացքում բարյացակամության թեմայով պատրաստված նյութեր` հայ-թուրքական հուշանվերներ, ծրագրի մասին պատմող ֆիլմ և տարբեր ազգերի տարազներ հագած երեխաները ներկայացրեցին մշակութային բազմազանության պար: Ծրագրի մասնակիցները նաև ներկայացրեցին իրենց գաղափարները` երիտասարդության մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment