Wednesday, October 28, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

«Առավոտ» 28-10-2009- ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ, միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ժամանակ մեր երկիրը ֆինանսական խնդիրներ չի ունենա: Այս մասին նախարարը ասել է երեկ խորհրդարանում տեղի ունեցած «Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Նախագծի արժեքը կկազմի $4-5 մլրդ: Ա. Մովսիսյանը նշել է նաեւ, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ նաեւ Թուրքիան, պատրաստակամություն են հայտնել համապատասխան ֆինանսական միջոցներ ներդնել՝ էներգաբլոկի կառուցմանը մասնակցելու համար: Իսկ պոտենցիալ գնորդներ կհանդիսանան տարածաշրջանի բոլոր հարեւան պետությունները՝ Իրանը, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեն: Նոր էներգաբլոկը կկառուցվի Մեծամորի ատոմակայանի նույն հարթակում եւ շահագործման կհանձնվի 2017-ին: Այն պետք է ունենա մինչեւ 1200 մեգավատ հզորություն եւ 60 տարվա գործունեության ժամկետ: Գործող ատոմակայանը ունի ընդամենը 400 մեգավատ հզորություն: «Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրինագիծը երեկ խորհրդարանում ընդունվել է երրորդ ընթերցմամբ: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ««Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, 200 հարցվածների 92%-ը դեմ է արտահայտվել թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին: Կողմ է արտահայտվել միայն 1,5%-ը:

No comments: