«Լրագիր» 7-10-2009- Մեր կատարած սոցիոլոգիական հարցումների համաձայն, Հայաստանի բնակչության միայն 1-1,5 տոկոսն է Թուրքիայի հետ հարաբերությունները համարում առաջնային: Մարդիկ գտնում են, որ պետք է լավացնել հարաբերություններն առանց նախապայմանների: Սակայն այս հարցը ամբոխները չպետք է լուծեն, այլ մասնագետները: Հայ-թուրքական հարաբերություններում հարցեր կան, որոնք ժողովրդին հասանելի չեն, այսօր լրագրողներին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Սահմանը անկախ ամեն ինչից պետք է բացվի: 301թ. եթե սոցիոլոգիական հարցում լիներ, ժողովրդի 99 տոկոսը դեմ կլիներ քրիստոնեության պետական կրոն ընդունմանը, սակայն ուժով, ստիպողաբար ընդունել տվեցին: Այդպիսի իրավիճակ է նաև հայ-թուրքական հարաբերություններում: Մենք չենք կարող սրա դեմն առնել, քանի որ տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ: Սահմանի բացումը պահանջում են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանը, որոնք այս գլոբալ ցանցի ճարտարապետներն են: Հայաստանը պետք է դառնա տրանսպորտային հանգույց, իսկ դա արդեն մենք չենք որոշում: Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է փորձի առավելագույն օգուտ քաղել:
Ադիբեկյանի տվյալով, հասարակության 40 տոկոսը լրիվ անտարբեր է, քանի որ սահմանի բացումը իրենց շահի հետ ոչ մի կերպ չի առնչվում: Հասարակության մյուս 60 տոկոսը բաժանվում է 2 խմբի՝ կողմ և դեմ: Մի մասը դեմ են արտահայտվում սահմանի բացմանը, քանի որ դա կհարվածի իրենց բիզնեսին: Օրինակ, Ուկրաինայից, Ռուսաստանից շաքար, մակարոն ներմուծողը ստիպված պետք է հայացքն ուղղի Թուրքիայի կողմ:
Ինչ վերաբերում է սփյուռքում կազմակերպվող ցույցերին, ապա դրանք Հայաստանին լավ հնարավորություններ են տալիս մանևրելու, աշխարհին ցույց տալու, թե մենք ինչ զոհողությունների ենք գնում և դրանով փորձել զիջումներ կորզել միջազգային հանրությունից, ասել Ահարոն Ադիբեկյանը:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment