Saturday, November 21, 2009

Հայաստան մտնող տրանսֆերտները նվազել են շուրջ 30%-ով

«ԱՅՍՕՐ» 21.11.2009 - Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան մտած տրանսֆերտները կազմել են 148,4 մլն դոլար: Միջոցների կեսից ավելին փոխանցվել է Ռուսաստանից` 98,0 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում Հայաստանից դուրս եկած գումարները կազմել են 57,2 մլն դոլար: Ընդհանուր տրանսֆերտների ծավալում ոչ առևտրային նպատակներով հանրապետություն մտած գումարները կազմել են 144,4 մլն դոլար: Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ երկիր եկող տրանսֆերտները նվազել են շուրջ 30 տոկոսով: 2008թ-ին հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան կատարած դրամական փոխանցումների ծավալը կազմել է 203,4 մլն դոլար, այդ թվում Ռուսաստանից` 151,5 մլն դոլար: Անցած տարվա 9 ամիսներին ոչ առևտրային նպատակներով Հայաստան եկած դրամական հոսքերը կազմել են 169 մլն դոլար: Նկատենք, որ Կենտրոնական Բանկի կողմից հրապարակված այս թվերը արտահայտում են միայն առևտրային բանկերի միջոցով կատարված փոխանցումները: Հայտնի է, որ կանխիկի տեսքով Հայաստան եկող միջոցները մի քանի անգամ գերազանցում են բանկային փոխանցումներին, և, որոշ հաշվարկներով, կազմում ՀՀ բյուջեին համադրելի գումար:

No comments: