Friday, November 20, 2009

Արա Մարջանյան. Ադրբեջանի դոկտրինան այլևս հնացած է

«ԱՅՍՕՐ» 20.11.2009 Հայաստանն այսօր հանդիսանում է տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող միակ հաստատուն երկիրը, այդ թվում հաշվի առնելով Իրանն և Թուրքիան: Այս մասին Aysor-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը: Նշենք, որ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ հարցազրույցի ժամանակ «պարծեցել» էր, թե գազ ունի և, ըստ այդմ` առավելություն տարածաշրջանի երկրների համեմատ: «1994 թ-ից Ալիև ավագի դոկտրինայով իրենք հավակնում են տարածաշրջանային էներգամատակարարի դերին (դոկտրինայի ընդունումից հետո կառուցվեց Բաքու-Ջեյհան խողովակշարը), սակայն 2008 թ-ի ռուս վրացական պատերազմից հետո այդ դոկտրինան այլևս հնացած է: Հարցի մյուս կողմն այն է, որ Ադրբեջանն, իրոք, ունի գազի բավականին պաշարներ: Նրանց էներգետիկ քաղաքականությունն է` սեփական գազով էլէներգիայի արտադրություն, ապա Վրաստանի տարածքով Թուրքիա գազի արտահանում»,- ասաց Ա. Մարջանյանը: Ըստ նրա, առաջկա 30-50 տարին գազով ապահովվածությունն առավելություն է, բայց աշխարհում հիմա շատ բուռն են զարգանում և վերականգնվող էներգետիկան, և էներգախնայողությունը: Այդ տեսակետից Հայաստանը թե Վրաստանից, թե Ադրբեջանից մի քայլ առաջ է. Հայաստանում արդեն գործում է առաջին հողմակայանը, գործում են մոտ 50-ից ավել փոքր ՀԷԿ-եր, աշխատանքներ են տարվում արեգակնային էլեկտրականության արտադրության ուղղությամբ, իրավական դաշտն է բավականին զարգացած` Հայաստանում գործում է վերականգնվող էներգետիկայի աղբյուրների համար խրախուսիչ տարիֆների մեխանիզմը, որն, իհարկե, վերանայման կարիք ունի, բայց այդ հանգամանքը, ինչպես նաև էներգետիկայի մասին օրենքը, երաշխավորում է վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացված էլէներգիայի իրացումը, այսինքն` շուկան երշխավորված է: «Այդ երկու հանգամանքը բերեցին նրան, որ վերջին 5 տարում Հայաստանում կառուցվեցին 50-ից ավել ՓՀԷԿ-եր, և պրոցեսը շարունակվում է»,- նշեց Ա. Մարջանյանը: Մասնագետի հավաստմամբ, վերականգնվող էներգետիկան բավականին ինտենսիվ զարգանում է նաև Թուրքիայում. «Այնտեղ էլ քննարկում են խրախուսիչ մեխանիզմների կիրառումը, բայց դրանք դեռ չկան, և, իրավական դաշտի իմաստով, Հայաստանը մի քայլ առաջ է»: «Այս առումով Ադրբեջանը շատ հետ է: Այդ ուղղությամբ դեռ ոչ մի հաջողություն չունի»,- փաստեց Ա. Մարջանյանը: Նշենք, որ Համաշխարհային բանկի 2008 թ. գնահատականով` Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի զարգացումը համարվում է հաջողության օրինակ տարածաշրջանի համար: Հայաստանի էներգետիկայի ռազմավարական զարգացման փաստաթղթի համաձայն` մեր երկրում կան 4 հիմնական հեռանկարային ուղղություններ` ատոմային էներգետիկայի զարգացում, տեղական և վերականգնվող աղբյուրների ամբողջական օգտագործում, միջազգային և տարածշրջանային համագործակցություն, անխափան, հուսալի էլեկտրամատակարարության ապահովում: Հավելենք, որ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ավստրալիական «Worley Parsons» ընկերությունը, և այժմ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ: Տեղական վերականգնվող ռեսուրսներից ամենակարևորը համարվում է հիդրոէներգետիկան. ներկայումս Իրանի հետ համատեղ քննարկվում է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը Արաքս գետի վրա, ինչպես նաև Լոռի-Բերդ և Շնող ՀԷԿ-երի կառուցման հնարավորությունները Դեբեդ գետի վրա (նախագծերից իրագործումից հետո արտադրվող էլէներգիան կավելանա մոտ 10 %-ով), ինչպես նաև ինտենսիվ զարգանում է փոքր ՀԷԿ-երի (մինչև 10 Մգվտ հզորությամբ) շինարարությունը:

No comments: