Tuesday, November 10, 2009

Թուրքիան փորձում է «լավ լինել» թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ

Tert.am 10.11.2009 - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, երեկ ելույթ ունենալով Ստամբուլում Իսլամական կոնֆերանսի կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության տնտեսական գագաթաժողովին, հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության քայլերն Արևմուտքի և Արևելքի ուղղությամբ լրացնում են մեկը մյուսին, այլ ոչ թե հակասում, հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը։ Թուրքիայի նախագահն իր ելույթի ընթացքում մեծամասամբ կենտրոնացել է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր յիմնահարցերի վրա։ Ակնհայտ է, որ Աբդուլլա Գյուլը օգտվել է գագաթաժողովի ընթացքում իրեն ընձեռված ելույթի հնարավորությունից, որպեսզի պատասխանի Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում առկա փոփոխությունների մասին բոլոր փաստարկներին։ Նշենք, որ վերջերս որոշ միջազգային վերլուծաբաններ նշել են, թե պաշտոնական Անկարան, հնարավոր է, մեջքով է շրջվում իր արևմտյան դաշնակիցների նկատմամբ և ձգտում է տարածաշրջանային տերության կարգավիճակ ստանալ Մերձավոր Արևելքում։ «Թուրքիան ինտենսիվ առևտրային և տնտեսական հարաբերություններ ունի թե՛ արևմտյան աշխարհի, թե՛ իսլամական երկրների հետ։ Անդամագրումը ԵՄ-ին, ինչին ձգտում է մեր երկիրը, և Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում իրականացվող Թուրքիայի ջանքերը մեր արտաքին քաղաքականության իրար համալրող, այլ ոչ թե բացառող տարրեր են»,- պարզաբանել է Աբդուլլա Գյուլն իր ելույթում։

No comments: