Friday, November 20, 2009

Հարցազրույց. Թուրքիայի նոր քաղաքականությունը

«ԱՅՍՕՐ» 20.11.2009 - Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Քրիստինե Մելքոնյանի հետ -Թուրքիան այսօր փոխել է արտաքին քաղաքականության ուղղությունները. դրանով ի՞նչ նպատակներ է հետապնդում: - Ակնհայտ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ վերջերս լուրջ փոփոխություններ են կատարվել: Կարծես թե Թուրքիան ձգտում է նոր հարաբերություններ կառուցել իր հարևանների հետ: Եվ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ տարածաշրջանի մյուս երկրներին ևս: Ներկայումս Թուրքիան փորձում է առավել նոր ու սերտ կապեր հաստատել Սիրիայի, Իրաքի ու Իրանի հետ, ինչը վկայում է, որ նման գործողություններն ավելի գլոբալ համատեքստ ունեն: Այլ կերպ ասած` Թուրքիայի որդեգրած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ռազմավարական խորը արմատներ ունի: Դրա հիմքում ընկած է Թուրքիայի` քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցության գոտու ստեղծման գաղափարը: - Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Թուրքիան իր նոր որդեգրած քաղաքականությամբ աստիճանաբար հեռանում է դեպի Արևելք: Այդպե՞ս է, թե՞ ոչ: - Իհարկե, Թուրքիային այսօր մեղադրում են նրանում, թե հեռանում է Արևմուտքից և շեղվում դեպի Արևելք: Սակայն, Թուրքիայի նոր քաղաքականությունը ամենևին էլ չի նշանակում, թե Թուրքիան հեռանում է Արևմուտքից և փոխում ուղղվածությունը, քանի որ վերջինիս արտաքին քաղաքականության մեջ չեն փոխվել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիությանը վերաբերող գերակայությունները: Փոփոխությունները վերաբերում են միայն նոր կապերի ստեղծմանը և բազմակողմանի ռազմավարության որդեգրմանը: Այլ կերպ ասած` պաշտոնական Անկարան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ: - Արևմտյան երկրները ինչպիսի՞ մոտեցում են ցուցաբերում Թուրքիա-Արևելք մերձեցմանը: - Արևմուտքը մտահոգված է. Թուրքիան մի կողմից մերձենում է իսլամական երկրների հետ` ստանձնելով Իրանի պաշտպանի դերը միջուկային հարցում, իսկ մյուս կողմից` կոշտ դիրքորոշում է որդեգրել Իսրայելի նկատմամբ: Արևմտյան վերլուծաբանները ներկայումս դա գնահատում են որպես Անկարայի նահանջ հավասարակշռված քաղաքականությունից: Միացյալ Նահանգներն էլ Թուրքիային ներկայումս փորձում է հասկացրել, որ Իրանի հետ մերձեցման համար ճիշտ ժամանակ չի ընտրել: Ավելին, դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ այցի ընթացքում` ստիպված է լինելու Սպիտակ տանը, նոր մոտեցման հետ կապված պարզաաբնումներ տալ: Պետք է շեշտել, որ արդեն թուրք-իրանական մերձեցումը որոշակի լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: - Ի՞նչն է նպաստել թուրք-իրանական հարաբերությունների մերձեցմանը, և ո՞րն է պատճառը թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցման: - Նախ պետք է նկատել, որ Էրդողանը Իրան այցելեց միայն այն ժամանակ, երբ լարվեցին թուրք-իսրայելական հարաբերությունները: Ներկա պահին այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Թուրքիան փորձում է մերձենալ Իրանի և Սիրիայի հետ, վտանգելով իր հարաբերությունները Արևմուտքի և Իսրայելի հետ: Ավելին Իսրայելի հետ առաջացած խնդիրների ֆոնին Թուրքիա-Իրան մերձեցումը տեղի է ունենում բավականին արագ: Հոկտեմբերին Անկարան ու Թեհրանը ստորագրել են մի շարք պայմանագրեր, այդ թվում թուրքերի համար խիստ ձեռնտու իրանական բնական գազին վերաբերող համաձայնագիրը: Թուրք-իրանական մերձեցմանը նպաստել է նաև այն փաստը, որ որոշ տարաձայնություններ են առաջացել Իրանի և Ռուսաստանի միջև: Եթե Մոսկվան նախկինում դեմ էր Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցներին, ապա ներկայումս փոխել է դիրքորոշումը և այլ կերպ է հանդես գակիս: Ի տարբերություն Ռուսաստանի Թուրքիան հակառակ քաղաքականությունն է որդեգրել: Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցմանը, ապա պատճառը Թուրքիայում իսլամական ռեժիմի իշխանության գալն է։ Անկարան քննադատելով իր ռազմավարական դաշնակցին` Իսրայելին, նախևառաջ փորձում է բարձացնել իր վարկանիշը իսլամական աշխարհում: Սակայն միաժամանակ չի ցանկանում ամբողջովին խզել հարաբերությունները Թել Ավիվի հետ: Այլ կերպ ասած` Անկարան այսօր հերթական երկակակի դիվանագիտական խաղն է խաղում: Պետք է ընդունել, որ նման քաղաքականությունը երկար չի կարող շարունակվել, քանի որ Իսրայելի համբերության բաժակը արդեն լցվել է: Վերջինս հրաժարվել է Սիրիայի հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդությունից և նախընտրություն տվել Ֆրանսիային: - Թուրք-ադրբեջանական հարաբերությունները այսօր ի՞նչ հարթության վրա են գտնվում: - Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է տիրում: Թուրքիան և Ադրբեջանը առայժմ համաձայնության չեն եկել Շահդենիզի ավազանից գազի տարածման պայմանների ու մասնավորապես գնի շուրջ: Բաքուն մերժել է Անկարայի բոլոր առաջարկները, ավելին, իր քաղաքականությամբ փորձում է հասկացնել Թուրքիային, որ գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ է փնտրում: Նույնիսկ այս ուղղությամբ առաջին քայլերն է արել: Դեռևս հոկտեմբերի 13-ին` Հայաստան Թուրքիա ֆուտբոլային խաղի նաօրեին, Ադրբեջանի նախագահը Սոֆիայում Սև ծովից ադրբեջանական գազն արտահանելու վերաբերյալ բուլղար-ադրբեջանական պայմանագիր է ստորագրել: Բացի այդ, Բաքուն պայմանագրեր է կնքել Թեհրանի և Մոսկվայի հետ: Չպետք է մոռանալ, որ ներկայումս Թուրքիան ցանկանում է դառնալ տարանցիկ երկիր` էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև Իրաքից և Իրանից դեպի Եվրոպա արտահանվող բնական գազի համար: Դա կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից և կմեծացնի Թուրքիայի վարկանիշը Եվրամիությունում: Հասկանլի է, որ Ադրբեջանը գիտացելով Թուրքիայի Էներգետիկ ծրագրերում իր ազդեցիկ դերը` այս կերպ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա և ստիպում վերջինիս չհրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրում որդեգրած իր նախկին քաղաքականությունից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա ամեն կերպ փորձում է վերականգնել նախկին ջերմ հարաբերությունները Բաքվի հետ, կրկին վստահեցնելով, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նոր հարթության վրա կհանի հայ-ադրբեջանական հարաբերությունները ու կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը: Մինչդեռ այս փաստարկներին Բաքուն այլևս չի հավատում և համարում է, որ Անկարան ընդամենը փորձում է ժամանակ շահել: Այլ կերպ ասած` եթե Թուրքիան մոտակա ժամանակներում վճռորոշ քայլեր չձեռնարկի, ապա Ադրբեջանի հետ ստեղծված ճգնաժամը էլ ավելի կխորանա:

No comments: