Saturday, November 21, 2009

ԹՈՒՐՔԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

«ԱԶԳ», 21-11-2009- Օր օրի ավելի ակնհայտ են դառնում թուրք պաշտոնյաների խաղերը կապված արձանագրությունների հետ: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում, պարզել է հետեւյալը: Բանակցությունների երկար ամիսների ընթացքում ես շարունակ զգուշացնում էի, որ թուրք պաշտոնյաներն այնքան էլ անկեղծ չէին Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրենց հայտարարած մտադրություններում: Ձեւացնելով, թե իբր հաշտություն են ցանկանում կնքել Հայաստանի հետ, նրանք պարզապես մտածում էին հասնել նրան, որ 3-րդ երկրները դադարեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, ինչքան հնարավոր է ավելի շատ զիջումներ կորզեն Հայաստանից Արցախի հիմնահարցի վերաբերյալ եւ խոչընդոտեն հետագայումՙ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորություններին: Թուրքիան նաեւ բանակցությունները ձգձգեց մինչեւ ապրիլի 24-ի նախօրյակը, որպեսզի կանխի ԱՄՆ նախագահ Օբամայինՙ կատարելու Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ իր տված խոստումը: Արձանագրություններն ի վերջո ստորագրվեցին հոկտեմբերի 10-ին, որպեսզի երաշխավորեն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնի Թուրքիաՙ մասնակցելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին: Այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի առաջնորդներն անընդհատ հայտարարում էին, որ իրենք սահմանը չեն բացի եւ խորհրդարանն էլ չի վավերացնի արձանագրությունները, մինչեւ Հայաստանը Ադրբեջանին վերադարձնի Արցախը, չնայած նման պահանջ չի ամրագրված ստորագրված փաստաթղթերում: Արդեն ավելի քան մի ամիս է անցել Ցյուրիխում ստորագրման արարողությունից, բայց դեռեւս նշաններ չկան, որ Թուրքիայի խորհրդարանը մոտ ապագայում կվավերացնի արձանագրությունները: Ստորագրությունից անմիջապես առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնեցին Ադրբեջանՙ մի անգամ եւս խոստանալու, որ իրենք Հայաստանի հետ սահմանը բացելու մտադրություն չունեն, քանի դեռ Արցախը չի վերադարձվել Ադրբեջանին: Կարծես այս վրդովեցնող նախապայմանը բավարար չէր խախտելու համար հայերի վստահությունն արձանագրությունների նկատմամբ, թուրք պաշտոնյաները փորձ անգամ չարեցին թաքցնելու իրենց խաբուսիկ ծրագրերը: Թուրքական «Հյուրիեթ» թերթը հոկտեմբերի 5-ին մեջբերել է Անկարայում արտգործնախարարության աշխատողների խոսքերը, որ չնայած «համատեղ պատմական հանձնախմբեր կազմելու եւ սահմանը վերաբացելու մասին կետեր կան արձանագրություններում, դրանք ի կատար կածվեն միայն Ղարաբաղի հիմնախնդրի լուծում գտնելուց հետո: Առանց դրան արձանագրությունները խորհրդարան չեն մտնի: Մտնելու դեպքում էլ չեն վավերացվի: Այնպես որ, հանգստացե՛ք»: Ադրբեջանին վստահեցնելու համար, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնելու ծրագրեր չունի, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաները պարծենում են, որ մի անգամ եւս հաջողությամբ խաբել են եվրոպացիներին: «Թուրքիան պետք է արձանագրություն ստորագրեր Եվրոմիության հետ Կիպրոսի հարցերի վերաբերյալ: Ի՞նչ եղավ: Թուրքիան բացե՞ց իր նավահանգիստներն ու օդանավակայանները կիպրական նավերի եւ օդանավերի առաջ: Չորս տարի է անցել արդեն այդ ստորագրումից»: Այժմ մենք հիմնավոր փաստեր ունենք, որ այս թուրք պաշտոնյաները իզուր չէին պոռոտախոսում, երբ ասում էին, որ արձանագրություններ ստորագրելն իրենց համար դատարկ բան է եւ ոչ մի նշանակություն չունի: «Թուդեյզ Զամանի» հոկտեմբերի 25-ին համարում մեկնաբան Էրջան Յավուզը տասնյակ օրինակներ է բերում Թուրքիայի կողմից ստորագրված համաձայնությունների, որոնք չեն վավերացվել նույնիսկ տարիներ անց: Ներկայումս 146 պայմանագրերՙ 95 երկրների հետ (դրանց թվումՙ Արգենտինան, Ադրբեջանը, Լիբիան, Սլովենիան, Շվեդիան եւ Սիրիան), սպասում են վավերացման խորհրդարանի արտաքին գործերի հանձնախմբում: Դրանց մեջ ամենահինը Իրաքի հետ 25 տարի առաջ կնքված պայմանագիրն է: 2004-ից այս կողմ կնքված բազմաթիվ համաձայնագրեր դեռեւս սպասում են իրենց վավերացմանը: Հաշվի առնելով պարտավորությունները չկատարելու Թուրքիայի փորձը, զարմանալի չպետք է թվա, որ Թուրքիայի խորհրդարանը մոտ ապագայում չվավերացնի նաեւ հայ-թուրքական արձանագրությունները: Իհարկե, դրանով խախտելով «խելամիտ ժամկետում վավերացնելու իր պարտավորությունը: «Ռոյթեր» գործակալությանը տված իր հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարց էր տալիս. «Ինչո՞ւ ստորագրել արձանագրությունները, եթե չեն վավերացվելու»: Պատասխանը շատ պարզ է: Թուրքիան շահագրգռված է դրական պատկեր ստեղծելու իր համար միջազգային հանրության շրջանակներումՙ ձեւացնելով, որ ցանկանում է «բարիդրացիական հարաբերություններ» ստեղծել Հայաստանի հետՙ իրականում ոչ մի գործնական քայլ չձեռնարկելով այդ ուղղությամբ: Հայաստանի պաշտոնյաները չարաչար սխալվում են կարծելով, որ չվավերացնելու դեպքում Թուրքիան կհայտնվի միջազգային ուժեղ ճնշումների ներքո: Թուրքիան բազմիցս ապացուցել է, որ ինքը չի ազդվում նման ճնշումներից, որ արդեն վաղուց պետք եղած «իմունիտետն» է ձեռք բերել ընդդիմանալու օտար երկրների, այդ թվումՙ նաեւ Մ. Նահանգների ճնշումներին: Նման դեպք արձանագրվեց իրաքյան պատերազմի նախօրյակին, երբ Թուրքիան չթույլատրեց ամերիկյան զորքերին օգտագործել իր տարածքը: Իսկ եթե անգամ ճնշումների ենթարկվի, Թուրքիան պարզապես մեղադրելու է Հայաստանինՙ ասելով, որ Հայաստանը ոչ մի զիջում չի կատարում Արցախի հիմնահարցի առնչությամբՙ դրանով իսկ խոչընդոտելով արձանագրությունների վավերացմանը Թուրքիայի խորհրդարանում: Հայաստանի ղեկավար պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Արցախի բանակցությունները ոչ մի կերպ չեն առնչվում արձանագրություններին, եւ որ Հայաստանի խորհրդարանը չի վավերացնի դրանք, մինչեւ Թուրքիան նախ չվավերացնի: Մնում է սպասել եւ տեսնել, թե հայկական կողմը կմնա՞ հաստատակամ իր որոշումներում, եւ եթե ամիսներ անց Թուրքիան մերժի վավերացումը, արդյոք Հայաստանի ղեկավարները խիզախություն կունենա՞ն արձանագրություններն անվավեր ճանաչելու, ինչպես հայտարարում են: Թարգմ. Հ. Ծ.

No comments: