Saturday, November 21, 2009

ԹՈւՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Report.am. 20-11-2009- Թուրքիայում գործող «Էրգենեկոն» անվամբ հայտնի ընդհատակյա անօրինական ցանցի հետ կապված հետաքննությունը պարզել է մի շարք ուշագրավ հանգամանքներ: Մասնավորապես` ցանցին մաս կազմող քաղաքացիական մի անձ, ով նախկինում աշխատել է Թուրքիայի զինված ուժերում, մանրամասն տեղեկություններ է հավաքել Թուրքիայի հայկական բնակչության վերաբերյալ: Ներկայումս «Էրգենեկոնի» գործով կասկածվող Ֆաթմա Քենգիզի կողմից կազմված թղթապանակում տեղ են գտել հայկական եկեղեցիների և կազմակերպությունների անդամների անուններ, որոնք դասակարգվել են իբրև «ակտիվ» կամ ոչ, ինչպես նաև հայկական «Ակօս» թերթի բաժանորդների անունները: Ըստ թուրքական «Զաման» թերթի աղբյուրների` Քենգիզն իր ցուցակում ներառել է նաև մի շարք ակադեմիկոսների, գրողների և լրագրողների անուններ, ովքեր մասնակցել են 2005 թվականին Ստամբուլի Բիլգի համալսարանում անցկացված մի գիտաժողովի, որը «բացահայտորեն վիճարկել է Թուրքիայի պաշտոնական տեսակետը օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի վերաբերյալ»: Ֆաթմա Քենգիզը պնդել է, որ ինքը տեղեկությունները փոխանցել է Ազգային ոստիկանական դեպարտամենտի հատուկ նշանակության ջոկատի նախկին ղեկավարի տեղակալ Իբրահիմ Սահինին` կազմավորելու «C1» և «C2» թիմերը, որոնք պիտի ոչնչացնեին հասարակության ինտելեկտուալ առաջնորդներին: Նշենք , որ Ֆաթմա Քենգիզը, ով նաև հայտնի է Ասենա Օզթուրք անվամբ, կին է: Նրան պատկանող թղթապանակներում կան մի շարք հայտնի անուններ` դիմացներն արված նշումներով: Օրինակ` «Հալիլ Բերքթայ – պրոֆեսոր, հրապարակայնորեն ասել է, որ հայերը կոտորվել են», «Քազիմ Աքինսի - գաղտնի հայ, դիմել է դատարան` փոխելու կրոնը», «Էսե Թեմելքուրան - Անկարայի իրավաբանական ֆակուլտեի շրջանավարտ, ասել է, որ եթե իր հետ որևէ բան պատահի, մեղավորը Թուրքիայի վարչապետն է», «Հերքուլ Միլաս – հայ չէ», «Սևան Նիսանյան - գրող, հավանաբար «Ակօսից», պետք է պարզվի», «Այթաք Իլհան - դիմել է փոխելու կրոնը» և այլն: Թղթապանակում հիշատակվում է նաև Հրանտ Դինքի անունը: Քննիչները նաև հայտնաբերել են Քենգիզի կողմից կազմակերպված մի շնորհանդեսի ժամանակ արված լուսանկարներ, ուր Իբրահիմ Սահինից բացի ներկա են Թուրքիայի զինված ուժերի հատուկ գործողությունների բաժնի նախկին աշխատակից Կորկուտ Էկենը և Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յասար Բույուանիթը: Կա նաև մի լուսանկար, ուր թուրքական դրոշի և զենքի ֆոնին արյունով գրված է` «Ամեն ինչ երկրի համար»:

No comments: