Tuesday, December 1, 2009

ԵԱՀԿ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏՈւՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Report.am. 1-12-2009- ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանում ԼՂՀ հիմնախնդրի շուրջ մի շարք հայտարարություններ են հնչել: «Լուրջ հիմքեր կան` կարծելու, որ ԼՂ հիմնախնդիրը լուծում կգտնի», հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները` հակամարտության երկու կողմին կոչ անելով լուծել կոնֆլիկտը: Քուշներն ընդգծել է, որ Մինսկի խմբի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շնորհիվ կարևոր քայլեր են արձանագրվել խնդրի կարգավորման ուղղությամբ: «Միայն այս տարվա ընթացքում կայացել է նախագահների 6 հանդիպում: Հուսով ենք, որ առաջընթաց կգրանցվի նաև Աթենքում, և կոնֆլիկտը շուտափույթ լուծում կգտնի: Կոչ եմ անում երկու երկրների արտգործնախարարներին համաձայնության գալ և գրավոր պայմանավորվածություններ ձեռք բերել հարցի առնչությամբ»: Քուշների հույն գործընկերը` Յորգոս Պապանդրեուն նշել է, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել այս հարցում: Նա կարևորել է տարածաշրջանում երկարաձգվող կոնֆլիկտների լուծումը` գնահատելով Ղարաբաղյան գործընթացում Մինսկի խմբի և հատուկ դեսպան Անջեյ Կասպրչիկի աշխատանքը: «ԱՄՆ-ի ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նպաստում են Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: «Որպես Մինսկի համանախագահ երկիր` ԱՄՆ-ը կարևորում է խնդրի արագ լուծումը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունացմանն ու տնտեսական աճին»,- ասել է Սթեյնբերգը` նշելով, որ Ղարաբաղյան հիմնահարցը ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում է: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության ապահովման համար կարևոր է կոնֆլիկտների կանխարգելումը: Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդունել ճգնաժամային կարգավորման միասնական սկզբունք. «Միայն նման սկզբունքների մշակումը թույլ կտա խուսափել «ուժային սցենարներից», ինչպիսին, օրինակ, Վրաստանում էր»: ԵՄ-ում նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը կարծիք է հայտնել, որ «Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների համակցությամբ»: «Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբին Ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում` հիմքում ունենալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների սկզբունքը, ինչպես նաև ԵԱՀԿ այլ սկզբունքները, ինչպիսին են, օրինակ, ուժի գործադրման բացառումը և ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը:

No comments: