Thursday, December 3, 2009

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՃԱՌԸ ՉԻ ՄԱՔՐԻ ԱՐՅՈՒՆԸ

«Լրագիր» 3-12-2009Դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում նախագահներ Բարաք Օբամայի և Աբդուլլա Գյուլի հանդիպումը նոր էջ կբացի թուրք-ամերիկյան հարաբերություններում, ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Փորձագետի կարծիքով, նոր բան գրեթե չի լինի: Ադրբեջանական և թուրքական պահանջները ու սպառնալիքները նորություն չեն: Ադրբեջանը շարունակաբար փորձում է փչացնել գործընթացը, իսկ Ադրբեջանի նախագահի սպառանալիքները մեսիջ են ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը անկեղծ չէ: Մեկ այլ կարևոր հարց էլ Թուրքիայի դիրքորոշումն է: Չնայած Ղարաբաղի հարցը հանված է հայ-թուրքական արձանագրություններում, Թուրքիան անընդհատ ստուգում է Հայաստանի արձագանքը` տեսնելու ինչքան ուժեղ է կամ թույլ Հայաստանը: Սակայն Հայաստանի համար իրական ստուգատեսը կսկսվի Նոր տարուց հետո: Գլխավոր հարց այն է, թե ինչ գին է Հայաստանից պահանջվում սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Եթե նույնիսկ Թուրքիան վավերացնի արձանագրությունները և բացի սահմանը, պետք չէ գովաբանել Թուրքիային, քանի որ սա նորմալ երկրների մինիմալ պահանջներն են, ասել է Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, դեկտեմբերի 7-ը կարևոր է ոչ միայն Օբամա-Գյուլ հանդիպումով, այլև նրանով, որ դա վերջնաժամկետն է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի համար: Համաձայն պաշտոնական տեսակետների, հանձնաժողովը դրական եզրակացություն կտա արձանագրություններին: Սակայն իրական հետաձգումը գալիս է Թուրքիայի խորհրդարանի կողմից: Թուրքիան կձգի վավերացումը մինչև մարտ ամիս` այն ապրիլի 24-ի հիշատակի օրվա հետ կապելու համար: Սակայն վաղ է ասել՝ Հայաստանը շահել է, թե ոչ: Հայաստանի և Թուրքիայի համաձայնագիրը ոչ մի կերպ չի լուծի Հայաստանի ներքին խնդիրները: Հայաստանը ունի մարտի 1-ից սկսած չլուծված խնդիրներ: Հայաստանի համար իրական մարտահրավերը ժամանակը ճիշտ գնահատելն է ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների համար: Նույնիսկ կուսակցություններին միանալը խնդիրները չի լուծի, ասել է Ռիչարդ Կիրակոսյանը, նկատի ունենալով վարչապետի թիմի հանրապետականացումը: Անդրադառնալով դեկտեմբերի 7-ի վաշինգտոնյան հանդիպմանը, Կիրակոսյանն ասել է, որ թուրքական ռազմավարությունը կարծես սպասում է մինչև փետրվար-մարտ ամիսներ, որպեսզի օգտագործի արձանագրությունները ճնշում գործադրել ԱՄՆ վրա` չճանաչելու ցեղասպանությունը: Իսկ դեկտեմբերի 7-ին Օբամայի վարչակազմն է օգտագործելու ցեղասպանության հարցը ճնշելու Թուրքիային, ստիպելու նրան քայլերի գնալ արձանագրությունները վավերացնելու և սահմանը բացելու համար: Փորձագետը նկատել է, որ արձանագրություններում ոչ մի խոսք չկա, թե ինչ կլինի, եթե կողմերից մեկը չվավերացնի արձանագրությունը: Ոչ մի պատիժ չկա, եթե Թուրքիան բացի սահմանը, և հաջորդ օրը փակի այն: Եթե Թուրքիան կորցնի այս հնարավորությունը, աշխարհի համար Թուրքիան կդառնա անվստահելի: Թուրքիայի ստուգատեսը Հայաստանն է: Սա տարածաշրջանում առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ռուսաստանը համաձայնության են եկել` պահանջելով բացել սահմանը: Սակայն հարցն այն է, թե ինչ գնով, ասել է ՌԱՀՀԿ ղեկավարը: Կիրակոսյանն իրական վտանգ է տեսնում այն բանում, որ արձանագրությունների վավերացումը կախված է Թուրքիայի ներքին քաղաքականությունից: Դա վատ է, որովհետև դրա վրա ոչ ոք չի կարող ազդեցություն ունենալ: Մեզ համար էլ վտանգավոր է կախված լինել Թուրքիայի ներքին քաղաքականությունից, որովհետև 1915թ. տեսանք, թե ինչ կատարվեց նման դեպքում: Հայաստանի խնդիրն այն է, որ չպետք է հույս դնի և վստահի որևէ արտաքին խոստումների վրա: Ինչ վերաբերում է Հայաստանին`եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը: Գուցե այդ ժամանակ մենք կարիք կունենանք նախապայմաններ առաջադրել: Թուրքիան միայն ուժն է հարգում և պատասխանում է միայն ուժին: Հնարավոր է` այս անգամ մենք ուժեղ ենք, և աշխարհը կսկսի հասկանալ հայերի տառապանքը: Ցեղասպանության զոհերի արյունը դեռ Թուրքիայի ձեռքերին է և ոչ մի ամերիկյան օճառ չի մաքրի այն, նշել է փորձագետը:

No comments: