Tuesday, December 29, 2009

ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

«Լրագիր» 28-12-2009- Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը դեկտեմբերի 28-ին ներկայացրել են նախօրեին Հայ ազգային կոնգրեսի պատանի ակտիվիստների հանդեպ կիրառված բռնության մանրամասները: Ակտիվիստները դեկտեմբերի 27-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն են իրականացրելԵրեւանի կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում, ուր Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածու է: “Բոքսի հայաթ” կոչվող մասում նրանց են մոտեցել ՀՀԿ ենթաշտաբի մի խումբ անդամներ Վահան Նադրյան անուն ազգանունով անձնավորության գլխավորությամբ եւ պահանջել են դադարեցնել քարոզչությունը: Հետո առաջին խմբին եւս մի խումբ է միացել վերեւից` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի տան կողմից: Երկու խմբերը հարձակման են ենթարկել կոնգրեսի պատանիներին եւ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին: Կոնգրեսի ներկայացուցիչներից վեց մարդ` Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թեւոս Մաթեւոսյանը` ով Դավիթ Մաթեւոսյանի որդին է, Սահակ Մարգարյանը եւ Սարգիս Գեւորգյանը ստացել են մետաղե պարագաներով հարվածներ, բաց վերքեր են առաջացել նրանց մարմնի տարբեր մասերում, ստացել են ուղեղի ցնցում: Պատանիները հոսպիտալացվել են: Երբ դեպքի վայր է ժամանել նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը եւ տեղից զանգահարել է ոստիկանություն եւ բարձրաձայն ներկայացել, որպես շտաբի պետ, հարձակվողները մի փոքր զսպվել են: Ոստիկանությունը սակայն դեպքի վայր է հասել ահազանգից 40 րոպե անց, այն դեպքում, երբ հարձակումը տեւել է 15-20 րոպե: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասում է, որ ՀՀԿ բոլոր ենթաշտաբները աշխատում են Ազգային Միաբանություն կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանի օգտին: Լեւոն Զուրաբյանի խոսքով, ՀՀԿ ամբողջ կեղծարար եւ բռնարար ռեսուրսը մոբիլիզացվել է, այն ղեկավարում է Գագիկ Բեգլարյանը, իսկ կոնկրետ դեպքը կազմակերպել է Ռուբեն Սանդոյանը, ով ԱԺ պատգամավոր է: Լեւոն Զուրաբյանն ասում է, որ կատարվածը վկայում է իրենց դիմաց քրեական բանդայի, ոչ թե քաղաքական ուժի գոյության մասին: Հարցին, թե ինչու է այդ ամենի ղեկավար Գագիկ Բեգլարյանը նշանակվել, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, թե “նրանք (իշխանությունը) շատ լավ հասկանում են, թե ով է խուժանին, մաֆիային մոբոլիզացնելու հարցում ամենաընդունակը իրենց մեջ”: Իսկ Դավիթ Մաթեւոսյանը նշել է, թե Սաշիկ Սարգսյանի տան կողմից եկած հարձակվողների խմբի մեջ, ինչպես դեպքի վայրում խոսակցություններ են իրենք լսել, եղել է մի երիտասարդ, որը հենց Սաշիկ Սարգսյանի մարդկանց հետ բախման ընթացքում ինչ որ ժամանակ կորցրել է երիկամը, ու դրա դիմաց որպես “փոխհատուցում” նրան Երեւանի ավագանու անդամ են դարձրել: Կատարվածին արձագանքել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով մեկուսարանից արված հայտարարության մեջ նշել է, թե կատարվածի հետաքննությունը ցույց կտա, թե մարտի 1-ից հետո հետեւություններ անելու մասին խոսող իշխանությունն իրականում ինչ հետեւություն է արել: Նիկոլ Փաշինյանը դիմել է իր շտաբի ակտիվիստներին ու կոչ արել. “Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը”: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրենց պայքարը անկասելի է, հաղթանակը անխուսափելի: Շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանն էլ ասում է, որ այդպիսի մեթոդներով չեն կարող վախեցնել իրեն: Ի դեպ, նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ ընտրարշավին խտրական մոտեցումն է ցուցաբերվում, հեռուստաընկերությունները չեն ցուցադրում նրա քարոզչական հոլովակը:

No comments: