Thursday, December 3, 2009

Թուրքիան փորձում է տեսնել, որքան ուժեղ է Հայաստանը. Կիրակոսյան

Tert.am. 3-12-2009- Հայաստանի արտաքին քաղաքականությունը թևակոխել է նոր փուլ: Այն շատ ավելի ընդարձակ է, քան ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչպես կարծում է փորձագետը, ստեղծված իրավիճակում արմատական փոփոխություններ դեռևս չկան: «Եկեք իրատես լինենք: Թուրքերի պահանջներն ու ադրբեջանցիների սպառնալիքները նորություն չեն: Բայց հետաքրքրական է, որ Ադրբեջանը շարունակաբար փորձում է տապալել գործընթացը` Մոլդովայից մինչև Մյունխեն»,- նշել է Կիրակոսյանը: Նա նաև հետաքրքրական է համարել Թուրքիայի դիրքորոշումը. «Չնայած Արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չի գնում, Թուրքիան շարունակաբար ստուգում է Հայաստանի արձագանքը` տեսնելու, թե որքանով է Հայաստանն ուժեղ կամ թույլ»: Բացի այդ, փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ սպառնալիքները վկայում են, որ Ադրբեջանը ազնիվ չէ, և այդ «մեսիջն» ուղղված է ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրությանը:

No comments: