Thursday, December 3, 2009

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԱՄԵՆԱՎԱՏ ՆԱԽԱՐԱՐԸ

«Լրագիր» 3-12-2009- ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջերս կատարած պատերազմի սպառնալիքներին զուգահեռ Ադրբեջանում 2 կարևոր գործընթաց են տեղի ունենում, որոնք կարող են կայունությունը ռիսկի տակ դնել: Առաջինը Ադրբեջանի ռազմական օդանավերի ձեռքբերումն է Չինաստանից, երկրորդն Ադրբեջանի ռազմական արբանյակի ստեղծումն է, որը լուրջ առավելություն կարող է տալ նրանց: Սակայն իրական վտանգը Կիրակոսյանը տեսնում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Սա հավանական փոփոխություն կարող է լինել Ռուսաստանի քաղաքականությունում, որը կբերի նոր զարգացումների, ասել է փորձագետը: Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների աթենքյան հնադիպման մասին, Կիրակոսյանն ասել է, որ Մինսկի խումբը ջանում է տպավորություն ստեղծել, թե իբր առաջընթաց կա: Իրականում Աթենքի հայտարարությունն իրական առաջընթաց չէ, այլ սրանով մի կողմ են թողնում Թուրքիային: Հետաքրքիրն այն է, թե ինչու է Մինսկի խումբը այսքան ակտիվացել և ինչու է այսքան շտապում: Գլխավոր վտանգը գաղտնիությունն է, ոչ միայն դիվանագիտության, այլև խաղաղության համար: Փորձագետը համոզված է, որ Ղարաբաղը կարիք ունի ավելի հստակ պահանջելու բանակցային սեղանի շուրջ իր իրավունքը: Կիրակոսյանը խորհուրդ է տվել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին` չթույլատրել Մինսկի խմբին ժամանել Ստեփանակերտ: Որոշումներ կան, որ պետք է ընդունվեն Ստեփանակերտում, այլ ոչ թե Երևանում: Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր է նաև Մինսկի խմբի համար: Մեկնաբանելով Նալբանդյանի հայտարարությունը, թե Ադրբեջանն առաջին անգամ համաձայնության է եկել ինքնորոշման հարցում, Կիրակոսյանն ասել է, որ ադրբեջանցիների պատկերացումներն ինքնորոշման մասին իրատեսական չեն և նրանք այլ կերպ են հասկանում դա: Հավանական չէ, որ խաղաղարար համաձայնագիր կլինի: Եթե համաձայնագիր լինի, ապա միայն Մադրիդյան սկզբունքների վրա: Ինչ վերաբերում է Էդուարդ Նալբանդյանին, ապա նա Հայաստանի պատմության մեջ ամենավատ արտգործնախարարն է, նշել է նա: Կիրակոսյանի կարծիքով, հայ-թուրքական դիվանագիտության պատճառով Ղարաբաղի հարցում փոփոխությունները քիչ հավանական են դառնում երկու պատճառով: Առաջին`Թուրքիան արդեն կորցրել է Ադրբեջանին: Երկրորդ պատճառը Հայաստանից է գալիս: Քաղաքական ինքնասպանություն կլինի փոխզիջման գնալ Ադրբեջանին Ղարաբաղի հարցով: Ինչ վերաբերում է տարածքներին, իրավիճակը տարածքների հետ կապված նույնը կմնա: Ադրբեջանը հիմնային սխալներ է անում: Ղարաբաղի հարցում նրանց մարտավարությունը գալիս է 90-ականներից, նրանք ճիշտ դասեր չեն քաղում, ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:

No comments: