Friday, December 4, 2009

Հայաստանին ու Կիպրոսին սպառնում է նույն վտանգը` Թուրքիան

News.am. 4-12-2009- Կիպրոսի հայկական ազգային կոմիտեն (ԿՀԱԿ) Կիպրոսի խորհրդարանի նախագահ եւ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիոս Գարոյանին շնորհել է «Տարվա մարդ» տիտղոսը: Գարոյանը նման բարձր կոչման է արժանացել Կիպրոսի հայությանը մատուցած իր ծառայությունների եւ հայկական հարցի առաջխաղացմանը նպաստելու համար: Ինչպես հաղորդում է Կիպրոսում լույս տեսնող «Կիպրահայեր» թերթը, մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի թատրոններից մեկում: Մրցանակի հանձնմանը մասնակցել են մեծ թվով պաշտոնատար անձինք եւ հյուրեր: Բացման խոսքով հանդես է եկել Կիպրոսում ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Այնեջյանը, որը պատմել է այդ մրցանակի պատմությունը: Կիպրոսի հայկական ազգային կոմիտեի նախագահ Հակոբ Մանուկյանը ներկաներին հիշեցրել է հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը, որը հանգեցրել է ամբողջ աշխարհում Հայկական ազգային կոմիտեների ստեղծմանը: Կոմիտեի նպատակն է վերականգնել հայ ժողովրդի իրավունքները եւ նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ Մկրտիչ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանին ու Կիպրոսին սպառնում է նույն վտանգը` Թուրքիան, որին պաշտպանում են շատ գերտերություններ, չնայած նրա կողմից միջազգային իրավունքի սկզբունքների բազմաթիվ խախտումներին: Ըստ Մկրտչյանի, Թուրքիայի նկատմամբ նման դիրքորոշումը բացատրվում է այդ երկրի աշխարհառազմավարական դիրքով: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ու Կիպրոսի համագործակցության կարեւորությունը անհնար է թերագնահատել:

No comments: