Thursday, December 3, 2009

Թուրքիայում շարունակվում են քրդերի բողոքի գործողությունները՝ ընդդեմ Աբդուլահ Օջալանի բանտային պայմանների

News.am. 3-12-2009- Թուրքիայում շարունակվում են PKK-ի կողմնակիցների բողոքի գործողությունները՝ ընդդեմ Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանների։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաքի Ջիզրե ավանի փողոցներում հավաքված խմբերը քարկոծել են ոստիկաններին։ Վերջիններս ցուցարներին ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ։ Հաքքարիում նույնպես տեղի են ունեցել բախումներ հավաքված խմբերի եւ ոստիկանների միջեւ։ Բայազետի հարեւանությամբ գտնվող Դիյադինի շրջանում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (DTP) հանրահավաքից հետո որոշ խմբեր հարձակվել են տեղի ոստիկանական ուժերի վրա։ Այստեղ ոստիկանները օգտագործել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Ադանայում հավաքված բողոքավորները ոստիկաններին քարկոծել են եւ նրանց ուղղությամբ նետել բոցավառվող հեղուկով շշեր։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) կողմնակիցները սկսեցին բողոքի գործողությունները՝ իսլամական Կուրբան բայրամի վերջին օրը, որը համընկնում էր PKK-ի ստեղծման 35 ամյակի հետ։ Բողոքի ակցիաները սկսվեցին Մերսին քաղաքում եւ տարածվեցին ամբողջ Թուրքիայով մեկ։ Արդեն 5 օր տեւող բողոքի գործողությունների ընթացքում ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ, այրվել են ոստիկանության տրանսպորտային միջոցներ եւ մեկ զրահամեքենա։ Իզմիրում բողոքավորները այրել են քաղաքային ավտոբուսը։ Այս ամենը առիթ հանդիսացավ, որ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր դեմ են իշխանությունների հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը, եւս մեկ անգամ մեղադրեն իշխանություններին՝ սխալ քաղաքականության մեջ։ Իր հերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ բոլոր ցուցարարները հատ-հատ ձերբակալվելու են։

No comments: