Thursday, December 3, 2009

Այնուամենայնիվ հայկական նոր ատոմակայանը կառուցող ընկերության բաժնետոմսերի կեսը դարձյալ անցավ ռուսներին

News.am. 3-12-2009- ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3-ին հավանության է արժանացրել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը, ըստ որի` հայկական կողմը ռուսաստանյան «Ատոմստրոյ-Էքսպորտ» ընկերության հետ համատեղ ստեղծում է փակ բաժնետիրական ընկերություն` 60 միլիոն դրամ (շուրջ 155 հազար դոլար) կանոնադրական կապիտալով: Սա նշանակում է, որ Հայաստանի նոր ատոմակայանի ռեակտորը կլինի ռուսաստանյան արտադրության: Ներկայացնելով փաստաթուղթը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է. «Նախագծով առաջարկում ենք. հիմք ընդունելով Warley Parsons կառավարող ընկերության վերլուծության արդյունքները` հավանություն տալ ՀՀ-ում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով կահավորելուն, որն ունի հետեւյալ պարամետրերը` հզորությունը` 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը` 60 տարի, անվտանգության եվրոպական սերտիֆիկատ»: Նորաստեղծ ՓԲԸ-ի հայկական կողմի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը: Նույն խնդրի առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք այսօր քաղաքական որոշում ենք կայացնում, մենք համաձայնություն ենք տալիս` ստեղծելու համատեղ ձեռնարկություն մեր ռուս գործընկերների հետ` 50:50 հարաբերակցությամբ: Սա մտնում էր այն ռազմավարության մեջ, որը մենք հաստատել ենք նաեւ Ազգային անվտանգության խորհրդի նիստում, ատոմակայանի կառուցման ռազմավարության մեջ այս սկզբունքային կետը ֆիքսված էր, համաձայնեցված էր նաեւ օպերատորի հետ: Ատոմակայանի կառուցման գործընթացը սահուն ընթանում է»: Հիշեցնենք, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների ձեռք բերման համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթել է Warley Parsons միջազգային կոնսորցիումը: Warley Parsons-ը հիմնադրվել է 30 տարի առաջ Ավստրալիայում:

No comments: