Friday, December 4, 2009

«ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՉՎԱԾ ՉԷ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿԻՐ»

Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի բացառիկ հարցազրույցը «Ազգ» օրաթերթին - Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը: - Ես հակված կլինեի խոսելու մեր երկրների երկկողմ հարաբերությունների շարունակականության եւ խորացման մասին, որոնք նշանավորվում են մեր երկրներին եւ ժողովուրդներին կապող խոր բարեկամությամբ: Ուրախությամբ եմ փաստում նախաձեռնությունների բազմապատկումն ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: Որպես օրինակ կնշեի Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախաձեռնած ոռոգման ծրագրերը Հայաստանի հյուսիսում եւ Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի եւ Պրովանս-Ալպեր եւ Լազուրե ափ շրջանի կողմից շտապ օգնության հիվանդանոցի ստեղծումը Գորիսում: Տնտեսական ոլորտում Հայաստանում ֆրանսիական ներկայությունն ուժեղացավ ոչ միայն հեռահաղորդակցությունների բնագավառում «Ֆրանս Տելեկոմի» հաստատվելով, այլեւ նոր տեխնոլոգիաների եւ ջրամատակարարման ոլորտներում, որտեղ երկար տարիներ Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալած «Վեոլիա» եւ «Սոր» ձեռնարկությունների կողքին հայտնվեցին ֆրանսիական նոր ձեռնարկություններ: Մեր երկրների քաղաքական երկխոսությունը շարունակում է ակտիվ մնալ մանավանդ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերում, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը եւ Հայաստան-Եվրոմիություն սերտացումը, որին օժանդակում ենք, եւ որը նոր իմաստավորում է հաղորդում այս երկխոսությանը: - Ինչո՞վ կնշանավորվի 2010 թ.: Նախատեսվո՞ւմ են նոր ծրագրեր: - Նկատի ունենալով մեր երկկողմ հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության կարեւորությունը, միահամուռ որոշվեց դրան նվիրված ֆրանս-հայկական առաջին քննարկումներն անցկացնել եկող տարիՙ աշնանը, Երեւանում: Արդեն իսկ երեւում է, որ մասնակիցների թիվը մեծ է լինելու, որն անկասկած նոր թափ կհաղորդի համագործակցության այս կարեւոր ասպարեզին: Կցանկանայի նշել նաեւ Ֆրանկոֆոնիան, որին բազմաթիվ միջոցառումներ նվիրված կլինեն եկող տարվա մարտ ամսին: - Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդհանրապես: - Ֆրանսիան ի սկզբանե սատարել է նախագահներ Սարգսյանի եւ Գյուլի հանձնառած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Գործընթացի նկատմամբ Ֆրանսիայի ցուցաբերած կարեւորությունն ընդգծելու համար Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները ցանկացավ մասնակցել արձանագրությունների ստորագրման արարողությանը Ցյուրիխում: Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ վերջիններս ուժի մեջ կդրվեն խելամիտ ժամկետներում եւ, ի թիվս այլոց, կհանգեցնեն հայ-թուրքական սահմանի բացմանը, որը հնարավորություն կընձեռի Հայաստանին դուրս գալու իր զարգացման համար վնասաբեր շրջափակված վիճակից: Բազմաթիվ առիթներով մենք մեր թուրք զրուցակիցներին հիշեցրել ենք կարեւորությունը, որ տալիս ենք սկսված գործընթացի հաջող ավարտին: - Այդ հարաբերությունների կարգավորումը կօգնի՞ Թուրքիային դառնալու Եվրոմիության անդամ: - Առհասարակ, Եվրոմիությունը խրախուսում է թեկնածու երկրներինՙ լուծելու հարեւանությանն առնչվող իրենց խնդիրները: Թուրքիան, ակներեւ է, բացառություն չէ: - Ֆրանսիան Թուրքիայի Եվրոմիության մեջ ընդգրկվելու վերաբերյալ ինչպիսի տեսակետ ունի: - Թուրքիայի անդամակցության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը հայտնի է: Մենք կարծում ենք, որ Թուրքիան կոչված չէ դառնալու Եվրոմիության անդամ երկիր, բայց, միեւնույն ժամանակ, ցանկանում ենք, որ արտոնյալ գործակցություն հաստատվի Թուրքիայի հետ: - 2009 Ֆրանսիայում հայտարարված էր Թուրքիայի տարի: Ինչպե՞ս ներկայացավ Թուրքիան, ի՞նչ նոր բացահայտումներ իր համար արեց ֆրանսիացի ժողովուրդը: - Բազում քաղաքակրթություններ են իրար հաջորդել Թուրքիայի ներկայիս տարածքի վրա: Այդ երկրի ազգային բացառիկ հարստության եւ յուրահատուկ դինամիզմի տեսանկյունից անսպասելի չէ, որ Թուրքիայի տարվա շրջանակներում Ֆրանսիայում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներն իրական հետաքրքրություն առաջացրին: Վերջիվերջո, մենք վաղեմի հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, եւ շատ ոլորտներում դրանք նշանակալի զարգացում են ունեցել վերջին տարիներին: Մասնավորապես կհիշեցնեի, որ այսուհետեւ Թուրքիան Ֆրանսիայի համար զբոսաշրջության կարեւոր հանգրվաններից մեկն է: - 2006-ը Ֆրանսիայում հայտարարված էր Հայաստանի տարի: Կարո՞ղ եք համեմատություններ կատարելՙ ինչպիսին էր ֆրանսիացի հասարակության արձագանքը: - Ըստ իս, կարիք չկա համեմատելու Հայաստանի տարին այժմ մեր երկրում Թուրքիայի տարվա շրջանակներում ընթացող միջոցառումների հետ: Բավական է հիշեցնել Հայաստանի տարվա բացառիկ հաջողությունը, որի շրջանակներում կազմակերպված հազարից ավելի միջոցառումներն աննախադեպ խանդավառություն առաջացրին, որը միայն Ֆրանսիայի հայ համայնքինը չէր: Այդ առիթով ֆրանսիացիներին ներկայացվեց ոչ միայն Հայաստանի մշակութային բացառիկ հարստության տարբեր ասպեկտների ընդհանուր պատկերը, այլեւ Հայաստանում գեղարվեստական ստեղծագործության կենսունակությունը բոլոր ասպարեզներում: Նման միջոցառումները, այդ առիթով ծավալված բազմաթիվ քննարկումները հնարավորություն տվեցին նաեւ ավելի լավ հասկանալու մարտահրավերները, որոնց հետ առճակատվում է ժամանակակից Հայաստանը: Կհիշեցնեի, որ խոսքը Եվրոպայում, անգամ աշխարհում Հայաստանի բեմելի մասին էր, որի բացառիկ նշանակությունը շատ լավ ընկալվեց Ֆրանսիայում ու նաեւ շատ երկրներում, որովհետեւ Հայաստանի տարվան հաջորդեցին արտասահմանում կազմակերպված բազում ցուցահանդեսներ: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ԱԶԳ», 04-12-2009

No comments: