Tuesday, December 1, 2009

Ադրբեջանի իշխանությունը մաքրվելու գաղտնի ծրագիր է սկսել

Aysor.am. 30-11-2009- Ադրբեջանի իշխանությունը մոտ ժամանակներս լուրջ փորձարկումների է պատրաստվում` ձեռքի տակ եղած բոլոր միջոցները (հեռուստաալիքներ, այլ ԶԼՄ-ներ, համալսարանների ռեկտորներ, դպրոցների տնօրեններ, այլ ոլորտների ղեկավարներ) օգտագործելով: Այս մասին հայտնում է musavat.com-ը: Այդ նպատակով էլ իշխանությունը միջոցառումներ է սկսել իրականացնել` իբր հայտնաբերելով և վերացնելով տարբեր ոլորտների թերությունները: Ադրբեջանի իշխանության ամենաթույլ կետերից մեկը ժողովրդի հետ հարաբերությունների խզումն է: Իշխանությանը տեղերում ներկայացնող պաշտոնյաների մեծամասնությունը ժողովրդին, նրա իրավունքներին ու ունեցվածքին թալանչիի նման է մոտենում: Ամեն առիթով իշխանությունը ոտնահարում է ժողովրդի իրավունքները, մսխում նրա ունեցվածքը: Այդ իրավիճակի պատճառով իշխանության նկատմամբ Ադրբեջանի ժողովրդի վերաբերմունքը միանշանակորեն բացասական է դարձել: Նախկին նախագահ Հեյդար Ալիևից մնացած հասարակական հենարանները, կարելի է ասել, շարքից դուրս են եկել: Եթե իշխանությանը չհաջողվի նորացնել և ուժեղացնել այդ հենարանները, այսօրվա ռեժիմը` առանց քաղաքական ընդդիմության միջամտության, կարող է ծնկի գալ: Այդ պատճառով էլ իշխանությունը ժողովրդին ուղղված նոր գաղափարական և տեղեկատվական քաղաքականություն է մշակել և դրա կիրառման շեմին է: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի կողմից համալսարանների ռեկտորների և գիտնականների հետ օրերս անցկացրած հանդիպման մասնակիցներից մեկը հայտնել է, որ հասարակության կյանքում մոտ օրերս կաճի գաղափարախոսության նշանակությունը: «Մեհդիևի ներկայացրած նոր քաղաքական կուրսի փիլիսոփայությունն այն է, որ տնտեսական անցումային ժամանակաշրջանն ավարտվել է, մեծ ձեռքբերումներ կան, սակայն, միևնույն ժամանակ, գաղափարախոսական բնագավառում մեծ դատարկություն է առաջացել: Այդ դատարկությունը լցնելու հետ պետք է ոչ միայն կարևոր տեղ հատկացնել գաղափարախոսությանը, այլև ադրբեջանական հասարակությանը պետք է նոր բարոյական կոդեքս հարմարեցնել»,- հայտնել է այդ հանդիպման` անունը հրապարակել չցանկացած մասնակիցը, նշելով, որ ներկայումս հեռուստատեսությունների հետ կապված առաջ քաշվող հայտնի թեզիսները այդ գործընթացների նախապատրաստությունն է: Ըստ կայքի, մինչ այժմ արտասահմանի գործոնն իր արսենալում պահող իշխանությունը կորցրել է նաև այդ հնարավորությունը: Այսօր արտասահմանյան գործոնները, միանաշանակ, չեն աշխատում իշխանության օգտին, իսկ որոշ դեպքերում էլ աշխատում են ի վնաս: Արևմուտքը դժգոհ է պաշտոնական Բաքվից և, ակնհայտ է, որ այլընտրանքներ ի հայտ գալու դեպքում, այս անգամ իրեն չի պահելու 2003-2005 թթ նման: Այդ պատճառով էլ իշխանությունը սկսել է հասկանալ ժողովրդի հետ հարաբերությունները, ավելի ճիշտ, իր հետ ժողովրդի հարաբերությունը … Միանշանակ է, որ իշխանությունը փոխվելու գաղտնի նախագիծ է սկսել մշակվել, ինչի ապացույցը որոշ օլիգարխ պաշտոնյաների, այդ թվում` տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի նկատմամբ սկսված հետապնդումներն են: «Այդ նախագիծը տարվելու է իշխանությունը մաքրելու և նորացնելու ուղղությամբ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, նախագծի իրական նպատակը ստեղծված ներկայիս և մոտ հեռանկարում սպասվող վտանգներից իշխանությանը զերծ պահելն ու պաշտպանելն է: Հասարակության հետ հարաբերություններում ռեժիմը փոքր ինչ կմարդկայնացնեն, բայց քաղաքական ընդդիմությունն ավելի թուլացնելու ֆոնին իշխանության կողմից տարվելիք այդ կուրսից հիմնական ակնկալիքը, թեկուզ փոքր, բայց հասարակության համակրանքը շահելն է»,- եզրահանգել է musavat.com-ը:

No comments: