Thursday, December 3, 2009

Հեռուստատեսությունը` քիլլեր

A1+. 3-12-2009- «Այսօր նկատվում է ոչ միայն հանցագործությունների աճ, այլեւ հանցագործություններ, որոնք իրականացնում են անչափահասները: Դա է ողբերգությունը»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Էքսպերտների միավորում» կազմակերպության նախագահ Նարեկ Մալյանը: Նրանք դեռ մեկ տարի առաջ էին այս մասին ահազանգում: «Մարդը առնվազն մոլագար պետք է լինի, որ այդպիսի դաժանությամբ մարդ սպանի, աչքեր հանի, ականջներ կտրի: Չկա հիմնավորում: Ի՞նչ պետք է ասի անչափահաս մարդասպանը. սպանել է այդպիսի դաժանությամբ, որովհետեւ... «որովհետեւ» չկա, «որովհետեւ» չի կարող լինել»,-ասաց նա: Նարեկ Մալյանը դաժանության եւ հանցավորության մակարդակի աճը կապում է հեռուստաեթերի հետ. «Օրական սերիալներում, ամեն սերիայի մեջ ոջիլից շատ մարդ են սպանում` շատ հեշտ ու հանգիստ: Դա ենթագիտակցորեն թողնում է իր հետքը մարդկանց վրա, հատկապես անչափահասների. չկողմնորոշված տարիք կա, որտեղ արժեքային համակարգը դեռ չի կայացել, դրա վրա ազդում են արտաքին ազդակները»: Համակարգչային խաղերը եւս ազդում են մարդկանց հոգեբանության եւ ենթագիտակցության վրա, բայց դա մասնավոր ընտրության հարց է. «Եթե ես չուզենամ, որ իմ երեխան խաղա դաժան խաղեր, նա չի խաղա, ես չեմ ձեռք բերի նման խաղեր: Եթե խաղերն ու վճարովի ալիքներն են քարոզում բռնություն` մեղավորությունը ծնողինն է. դա ընտրության հարց է: Իսկ համասփյուռ եթերն այսօր լցված է այն աստիճան վտանգավոր արտադրանքով, որ ես հիմա աշխատանքի վայրում եմ ու չգիտեմ` ինչ է նայում իմ երեխան, ես չեմ կարող 24 ժամ հետեւել նրան, որ ինչ-որ վտանգավոր ֆիլմի վրա չկանգնի եթերում»,-ասում է Նարեկ Մալյանը: Նա մեղադրում է Հեռուստաեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) անգործության մեջ: «Ինձ թվում է, որ ՀՌԱՀ-ը ստեղծվեց միայն «Ա1+»-ը փակելու համար, փակեց ու իրեն ճանապարհեցինք վաստակած հանգստի: Բարձր աշխատավարձերով գոյատեւող մարդկանց մի խումբ է, որ այն, ինչ պետք է աներ` չարեց, եւ այն, ինչ չպետք է աներ` արեց: Եթե չկա ՀՌԱՀ-ը, մահացել ` ուրեմն ֆիքսենք, ու թող հասարակությունն իր ձեռքը վերցնի վերահսկողությունը»: Նարեկ Մալյանը գտնում է, որ ՀՀ-ում էլ, ինչպես ամբողջ աշխարհում, գործում է գեղարվեստական եւ բովանդակային ցենզուրա հասկացությունը, որը պետք չէ նույնացնել քաղաքական ցենզուրայի հետ. «Չեմ կարծում որեւէ քաղաքական գործչի ելույթ որակվի որպես պոռնոգրաֆիան, կամ արյունոտ թրիլլեր: Բայց ասենք Գոռ Վարդանյանի ֆիլմերը թող կոդավորեն ասենք X -ի տակ, եւ դա ցուցադրում են 12-ից հետո, «Որոգայթը»-ը ասենք որակեն 2 Y եւ անվճար սփռվող հեռուստաալիքներով չցուցադրեն: Թող փորձեն իրենց «էմիգրանտները» ԱՄՆ-ի բաց հաճախականությամբ ցուցադրել, չեն կարող. չկա նման բան: Այս դաշտը ամբողջ աշխարհում նորմալ համակարգվում է, միայն մեզ մոտ է բարդակ. դրանից լուրջ կոռուպցիոն հոտ է գալիս»: Հանցավորության աճը` աղքատության մշակույթի մաս Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, դաժան սպանությունները, հանցավորության մակարդակի աճը աղքատության մշակույթի մաս են: «Ագրեսիայի մեծ ծավալ է նկատվում նաեւ ընտանիքներում` հատկապես շատ զգալի են ագրեսիվ հարաբերությունները: Դրանք պայմանավորված են թե կենցաղային, ընդհանուր սոցիալական պայմաններով, թե բնակարանների պակասի պատճառով փոքր տարածքներում ընտանիքի անդամների կուտակումներով,թե չաշխատող մարդկանց մեծ թվով, արժանապատվության ընդհանուր կորստով եւ արժանապատվության վերաբերյալ հասարակական արժեքների մեջ առաջացած փոփոխություններով: Կամա թե ակամա մեր հասարակությունում բռնության զգալի աճ կա»: Հրանուշ Խառատյանի կարծիքով, հեռուստատեսությունն անկասկած իր էական ներդրումն ունի, բայց ընդհանուր առմամբ, հեռուստատեսությամբ այդքան մեծ ծավալով բռնության թեման նույնպես աղքատության մշակույթի մաս է: Տիկին Խառատյանը պատմեց, թե ինչպես մի անչափահաս աղջիկ, որ ընտանիքից գողություն էր արել, ընտանեկան, ոչ թե իրավապահների քննության արդյունքում խոստովանել է, որ իր բյուրեղյա երազանքը կրիմինալ աշխարհի կյանքով ապրելն է, այն աշխարհի նորմերով, որը ներկայացվում է հեռուստատեսությամբ:

No comments: