Thursday, February 2, 2012

Անթալիայում հայրը վաճառել էր իր 12-ամյա աղջկան

Tert.am. 1-2-2012- Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը նոր մանրամասներ է հաղորդել Անթալիայի նահանգում վաճառված աղջկա սկանդալային գործի առիթով: Տարիներ առաջ բնակչներից մեկը վաճառել էր իր 12-ամյա աղջկան: Ընդ որում` պայմանագրով, որը կնքել էր աղջկանից 40 տարի մեծ տղամարդու հետ: Գնորդը գործարար է, տեղացիների տվյալներով` հայտնի գործարար: Պայմանագիրը ստանալուց հետո հայրը 5.000 թուրքական լիրա, մոտ 2900 ԱՄՆ դոլար է ստացել: Պայմանագրում նշված է եղել, որ թե' հայրը, թե' դուստրը համաձայն են գործարքին: Այս հարցով սկանդալ էր առաջացել, երբ աղջիկն իր ուսուցչուհուն պատմել էր, թե ինչպես է իրեն «գնած» տղամարդը տարել հյուրանոց և բռնաբարել: Ուսուցիչն անմիջապես դիմել էր ոստիկանություն: Դեպքերն իրականում տեղի են ունեցել 6 տարի առաջ, բայց թուրքական ոստիկանությունը միայն այսօր է ընթացք տվել գործին, քանի որ մեղադրվող գործարարին չի կարողացել գտնել այս ամբողջ ընթացքում: Աղջկա հայրը բացատրել է, որ աղջկան այդ տղամարդուն է հանձնել, որպեսզի վերջինս ուսում տա նրան և աշխատանքի տեղավորի պետական որևէ կառույցում: Գործարարն իր հերթին հայտարարել է, թե հայրը սպառնացել է սպանել աղջկան, եթե ինքը չգնի նրան: Նա ասել է, թե ոչինչ չի արել աղջկա հետ` ավելացնելով, որ հակառակը պնդողները թող ապացուցեն: Լրացուցիչ խնդիր է հարուցել այն, որ այժմ էլ անհայտ է աղջկա գտնվելու վայրը: Այս աղմկահարույց գործով հաջորդ լսումը սպասվում է մարտին:

No comments: