Thursday, December 3, 2009

ԵԱՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ

News.am. 3-12-2009- Աթենքում կայացած ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում 56 երկրների արտգործնախարարներ նշել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դրական տեղաշարժի մասին, հայտնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը։ Նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կոչ անելով խնդրի խաղաղ լուծման համար պահպանել բանակցային գործընթացի դրական դինամիկան։ «Մենք աջակցում ենք կողմերի հանձնառությանը` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական լուծումը եւ համոզված ենք, որ այսօր հնարավոր է կառուցել ապագան, որտեղ կտիրեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»,- ասված է նախարարների հայտարարության մեջ։ Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ եռանդուն աշխատել չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունները եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։

No comments: