Thursday, January 21, 2010

«ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԳԱՂՏՆԱԾԱԾՈՒԿ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ»

Ասել է վարչապետ Էրդողանը` մեկնաբանելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը «ԱԶԳ», 21-01-2010- Հունվարի 12-ի նիստում ՀՀ Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով հավանություն էր տվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հայ-թուրքական արձանագրություններին, նշելով, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են երկրի սահմանադրությանը: Սահմանադրական դատարանի որոշումն աշխույժ քննարկումների տեղիք տվեց Հայաստանում, իսկ Թուրքիայում առաջացրեց բուռն հակազդեցություն: Անկարան այնքան էր կարեւորել որոշման նշանակությունը, որ Թուրքիայի արտգործնախարարը դրա պատճառով մի քանի ժամ ուշացումով է ուղեւորվել Սաուդյան Արաբիա: Դեռեւս հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածելՙ մատնանշելու համար, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած փաստաթուղթը «հակասում է արձանագրությունների ոգուն ու տառին եւ խարխլում բանակցային ողջ գործընթացը, ուստի խոչընդոտ է ուղենշված նպատակներին»: Ըստ երեւույթին այդ կոշտ ոճն էլ պատճառ է դարձել, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսակապ հաստատի թուրք պաշտոնակցի հետ: Այդ մասին երեկ կայքէջում նշել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, ապա նաեւ մամուլը, մասնավորապես կառավարամետ «Ենի շաֆաքը»: Թուրքական թերթը, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինին, նշում է, որ Նալբանդյանը հեռաձայնել է Ահմեդ Դավութօղլուին այն ժամանակ, երբ վերջինը Ջեդդայում էր: Հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ իր մտահոգություններն է հայտնել Հայաստանի ատգործնախարարին, ասել է, որ այդ որոշումը թուրքական կողմի համար միանգամայն անընդունելի նախապայմաններ է պարունակում, իսկ դրա մեկնաբանությունները սահմանափակում են գործընթացը: Դավութօղլուն միաժամանակ ուշադրություն է հրավիրել կառուցողական այն մոտեցմանը, որը Թուրքիան դրսեւորել է ինչպես բանակցությունների ընթացքում, այնպես էլ արձանագրությունների ստորագրումից հետո, ընդգծել է, որ «նույն վճռականությունն ու բարի կամքի դրսեւորումը ակնկալում է» Հայաստանի կառավարությունից: Սահմանադրական դատարանի որոշմանը նախ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, ապա Ջեդդայում արձագանքել է նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա Ռիադում, ըստ թուրքական հանրայինի, որոշման առնչությամբ ասել է. «Այստեղ առկա է Թուրքիայի համար բացարձակապես անընդունելի մոտեցում: Դա պետք է ուղղվի»: Էրդողանը միաժամանակ ընդգծել է «Ադրբեջանի տարածքներն օկուպացումից ազատելու» անհրաժեշտությունը: Իսկ Ջեդդայում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությանը գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում վարչապետ Էրդողանը նշել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն անուղղակի ակնարկում է այն փաստաթղթերի մասին, որոնք 1915-ի իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն, դա լուրջ սխալ է, եթե այդ սխալը չսրբագրվի, ապա կմթագնի հայ-թուրքական նորմալացման գործընթացը: Վարչապետ Էրդողանն այնուհետեւ շարունակել է. «Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած փաստաթղթում բառերի, նախադասությունների արանքում թաքնված են գաղտնածածուկ մոտեցումներ, որոնք անընդունելի են Թուրքիայի համար: Մենք առանց որեւէ հաշվարկի խորհրդարան ենք ներկայացրել Արձանագրությունների տեքստը: Այս տեքստի առնչությամբ չենք դիմել որեւէ կառույցի միջնորդությանը: Նախադասությունները վիրահատության ենք ենթարկել: Մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունն Արձանագրությունների հարցում եւ առաջ ենք (հայկական կողմից) անցել»: Թուրքիայի վարչապետը Ջեդդայում եւս ընդգծել է, որ զրկված են Հայաստանի հետ նորմալացման գործընթացից Ադրբեջանին օտարելու շքեղությունից, եւ ինքը դա փոխանցել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի նախագահներին, ասելով. «Որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ արդյունքի հանգեցրեք (ղարաբաղյան հակամարտության կարգավորման) այս գործը: Եթե դա անեք, ապա կտեսնեք, թե որքան արագ են բարելավվում Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: Սակայն նախ պետք է օկուպացումից ազատել Ադրբեջանի տարածքները»: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: