Wednesday, January 13, 2010

ՀՀ ՍԴ-ի որոշումն Արձանագրությունների վերաբերյալ քաղաքական քայլ էր

/PanARMENIAN.Net/ 13.01.2010 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները հակասում են Հայաստանի սահմանադրությանն, անկախ ՀՀ ՍԴ որոշումից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Ես մնում եմ այն նույն կարծիքի, որ Արձանագրությունների նախաստորագրման ու ստորագրման ժամանակ խախտվել են ՀՀ գործող օրենքն ու կարգը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, անկախ ՀՀ ՍԴ որոշումից, հարկավոր է շարունակել պայքարը` հավելելով, որ ՀՀ ՍԴ-ի որոշումն ավելի շուտ քաղաքական էր, քան իրավաբանական: «Իր իրավական դիրքորոշման մեջ Սահմանադրական դատարանը ամրագրում է, որ արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները միայն «փոխադարձ» են եւ «ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ»: Հստակորեն ամրագրված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տարանջատված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից կամ Թուրքիա-հայկական սփյուռք հարաբերություններից: Կամ, ինձ համար ամենակարեւորը, «միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունեանալ միայն … նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականությունը»: Այսինքն, Սահմանադրական դատարանն ամրագրում է, որ, օրինակ, եթե Ալեքսանդրապոլի, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր են (void), իսկ այդ հարցում կասկած լինել չի կարող, ապա նրանք չեն կարող «Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ ունենալ», հետեւաբար դրանցում նկարագրված սահմանագծերը չեն կարող օրինական հիմք հանդիսանալ «գոյություն ունեցող սահմանի համար»: «Այս ամենով հանդերձ, ես չեմ գտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը բխում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից: Լավագույն ելքն այդ արձանագրություններն ընդհանրապես մերժելն է»,-ասել է Արա Պապյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:

No comments: