Monday, January 11, 2010

ՆԺԿ ղեկավար. Արձանագրություններով խաչ է դրվելու Արևմտյան Հայաստանի, Ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի խնդիրներին

Panorama.am. 11-1-2010- «Մենք ուզում ենք մի բան հասկանալի դառնա. Սահմանդրական դատարանը մասնակի՞ց է այս խայտառակ գործընթացին, թե՞ ոչ: Մենք ուզում ենք իմանալ` Գագիկ Հարությունյանը և մյուսները՝ որպես հայ ժողովրդի մասնիկ, հասկանու՞մ են այն ամենը, ինչ անում են, թե՞ ոչ»,- այսօր ելույթ ունենալով դաշնակցականների կողմից կազմակերպված հանրահավաքում նման հարց հնչեցրեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Կուսակցության ղեկավարի խոսքերով, հայ-թուրքական արձանագրություններով խաչ է դրվելու կամ փորձ է արվելու խաչ դնել Արևմտյան Հայաստանի, Ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Ըստ նրա, իշխանությունն անմտորեն մտել է այս գործընթացի մեջ ու չի հասկանում ինչպես դուրս գալ այնտեղից: Նա համարում է, որ գործընթացում առկա են նախապայմաններ, իսկ հայկական կողմի հակառակ հայտարարությունները, որակում է «սուտ ու կեղծիք»: «Բոլորս պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք. սա հայ ժողովրդի, հայրենիքի խնդիրն է, և դա լուծելու ենք բոլորս»,- ասաց Ա. Կարապետյանը: Նրա կանխատեսումներով, բազմամարդ հանրահավաքները Հայաստանում շատանալու են, ու մի որ էլ ժողովուրդը միահամուռ ասելու է. «Իշխանությունը, որը հայկական շահերը ծախում է, Հայաստանում մնալու իրավունք չունի»: ՆԺԿ առաջնորդի համոզմամբ` այս պայքարում հանգրվանը մեկն է՝ իշխանափոխություն, որից հետո չեղյալ են ճանաչվելու հայ-թուրքական արձանագրությունները:

No comments: