Monday, January 11, 2010

ՀՅԴ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ՃԱՆԱՊԱՐՀ

«Լրագիր» 11-1-2010- Ինչքան շուտ իշխանությունը ըմբռնի ձախողումների հետեւանքը, այնքան շուտ կազատենք հայ ժողովրդին փորձություններից: Այդ միտքը հունվարի 11-ին հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանրահավաքի ընթացքում հնչեցրել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: “Այս գործընթացի մեջ, ինչպես մենք ասում էինք, թելադրող է Թուրքիան, որովհետեւ պահել է իր բոլոր լծակները ազդելու գործընթացի վրա, Հայաստանը կորցրել է իր բոլոր հնարավորությունները ազդել այս գործընթացի վրա”, ասում է Արմեն Ռուստամյանը, նշելով, թե եթե Հայաստանի իշխանությունը սխալից հետ կանգնի, ապա ժողովուրդը դա կհամարի տղամարդկություն եւ կգնահատի: “Եվ մեր այսօրվա ցույցի եւ հանրահավաքի բուն նպատակն էլ սա է: Մենք այս հանրահավաքով եւ ցույցով եւս մեկ անգամ մեր իշխանություններին, Սահմանադրական դատարանի անդամների ուշադրությունն ենք բեւեռելու այն հնարավորությունների վրա, որոնց վրա հենվելով Սահմանադրական դատարանն արդեն իրավական վճիռ կարող է կայացնել եւ կասեցնել այս գործընթացը”, ասում է Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, իրենք իշխանությանը ցույց են տալիս գործընթացից դուրս գալու ճանապարհը: Ռուստամյանը հարց է տալիս, թե եթե արձանագրությունները նախապայման չունեն, եթե դրանց առարկան Թուրքիայի սահմանը ճանաչելը չէ, ապա իշխանությունն ինչու չի գնում վերապահումների ճանապարհով եւ վերացնում մտահոգությունները: Բայց, Արմեն Ռուստամյանը նաեւ նշում է, որ վերապահումների իրավունք Հայաստանի խորհրդարանը, որը պետք է վավերացնի արձանագրությունները, չունի: “Ամբողջ աշխարհում այդպես է. այն մարմինը, որն իրավունք ունի վավերացնելու, նա էլ իրավունք ունի վերապահումներ առաջարկելու եւ իրականացնելու: Բայց դժբախտաբար, այսօրվա օրենքներով, դա նույնպես վերապահված է նախագահին: Ուրեմն միակ ճանապարհը այստեղ մնում է Սահմանադրական դատարանն այս ձեւով կասեցնի գործընթացը, հետ ուղարկի, որ նախագահը վերապահումներ անելով նորից սկսի այդ գործընթացը ներպետական”, ասում է Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, եթե Սահմանադրական դատարանը չանսա իրենց կոչին եւ արձանագրությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, մնում է մյուս փուլը. Ազգային Ժողովում հասնել նրան, որ պատգամավորները դեմ քվեարկեն խորհրդարանում: Դրա համար Դաշնակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել եւ քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել դրան: Ըստ Արմեն Ռուստամյանի, հավաքվել է մոտ 70 հազար ստորագրություն, բայց նա դա բավարար չի համարում եւ կոչում է քաղաքացիներին ամեն մեկն իր բնակավայրում միանա այդ ստորագրություններին եւ դրանք ներկայացվեն տվյալ բնակավայրը ներկայացնող պատգամավորին: “Դժվար չէ ամեն մեկի համար այդ մի չնչին լուման բերել իր երեխաների ապագայի համար: Դա եկեք բերենք ամեն մեկս, այսօրվանից, այս պահից նոր թափ հաղորդենք այդ ստորագրահավաքին: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, սիրելի հայրենակիցներ, դա մեծ ազդեցություն է ունենում: Մեծ ազդեցություն է ունենում մեր ցույցը, մեր հանրահավաքը, որպեսզի կարողանանք սթափեցնել մեր համապատասխան մարմիններին, որ հետ կանգնեն այդ պրոցեսից”, ասում է Արմեն Ռուստամյանը: Նա հանրահավաքի մասնակիցներին մաղթել է, որ ընթացիկ տարին ավարտեն հայ-թուրքական արձանագրություններից հայ ժողովրդին ու Հայաստանը ձերբազատելով:

No comments: