«Լրագիր» 13-1-2010- Հայաստանում բացահայտ ցինիզմով կեղծված հերթական ընտրությունը եւ դրա հանդեպ ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի համեմատաբար հանգիստ վերաբերմունքը, երբ ընտրությունից հետո հայտարարվում է, թե չէին էլ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կհաղթի եւ ասվում է, որ ընտրությունը, որին մասնակցել են` եղել է ապօրինի, հիմք տվեց Հայաստանում նոր ընդդիմության կամ նոր ուժի անհրաժեշտության մասին մտորումների: Աշխուժացան այդ մասին քննարկումները, առայժմ առավելապես փորձագիտական կարծիքների մակարդակում:
Այդ ամենն ունի միանգամայն օբյեկտիվ հիմքեր: Ակնհայտ է, որ ներկայիս ընդդիմությունն իր մի շարք մարտավարական թերությունների կամ սխալների հետեւանքով կորցրել է հասարակության վստահության զգալի մաս: Ընդ որում, հասարակությունը ներկայիս ընդդիմության հանդեպ վստահության այդ որոշակի պաշարը կորցրել է ոչ այն պատճառով, որ ընդդիմությունն իշխանափոխություն չի անում, կամ հանրահավաք չի անում: Կորստի բուն պատճառն այն է, որ ընդդիմության բառապաշարը, ընդդիմության խոսքն աստիճանաբար սկսեց նույնանալ իշխանության խոսքի հետ, հասարակությունն աստիճանաբար սկսեց տեսադաշտից կորցնել ընդդիմության եւ իշխանության տարբերությունը:
Մինչդեռ Հայաստանում գործող իշխանական համակարգի դեմ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե արմատական քննադատության ենթարկել իշխանությանը, այլ հասարակությանը հստակ եւ կոնկրետ ներկայացնել իշխանությունից սեփական տարբերությունը: Երբ ներկայիս ընդդիմությունը դա կարողանում էր անել, ապա իրադարձությունների զարգացումը ինքն էր թելադրում, մեծ հաշվով: Երբ ընդդիմությունը սկսեց հաջողություն որոնել աշխարհաքաղաքական որոգայթների մեջ եւ այդ հարթության վրա չեզոքացավ իշխանության ու ընդդիմության տարբերությունը, ընդդիմությանը մնաց ընդամենը սպասել, թե երբ կտապալվի կամ երբ հանդուրժող եւ քրիստոնեավար կդառնա իշխանությունը:
Պարզ է, որ այդ պայմաններում անխուսափելիորեն աշխուժանալու են նոր ուժի, նոր ընդդիմության մասին խոսակցությունները, որոնք պարբերաբար աշխուժանում են Հայաստանում, երբ որեւէ մի փուլում ակնհայտ է դառնում քաղաքական դաշտում հասարակության եւ ընդդիմության միջեւ անվստահության եւ հիասթափության լուրջ չափաքանակի առկայությունը: Բայց, արդյոք այդ նոր ուժի մասին խոսակցություններն իրենց մեջ պարունակում են գործնականություն: Այդ առումով, թերեւս պետք է ասել, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում, երբ պարբերաբար գործընթացների երեսին են հայտնվել այդ խոսակցությունները, դրանք երբեւէ աչքի չեն ընկել գործնականությամբ:
Պատճառն իհարկե այն չէ, որ թե տվյալ ժամանակի գործող ընդդիմության, թե տվյալ ժամանակի իշխանության համար նոր, թարմ ուժի առաջացումը հավասարապես եղել է վտանգավոր եւ նրանք երկուստեք փորձել են դեռ “օրորոցում” ոչնչացնել այդ նոր ուժին, ինչն անկասկած տեղի է ունենալու այժմ, եթե որեւէ ձեւով նշմարվի այդ նոր ուժը կամ դրա գործունեության գործնականության որեւէ էական տարր: Խնդիրն այն է, որ Հայաստանում նոր ուժի առաջացման մասին խոսակցությունները կառուցվել են առկա ուժերի ոչնչացման քարոզչական առանցքի վրա: Այսինքն, մեծ հաշվով, նոր ուժի անհրաժեշտության մասին խոսակցությունները կառուցվում են սպասման տրամաբանությամբ: Սպասվում է, որ առկա ուժերը որեւէ հարցում տապալվեն, որպեսզի թե իշխանության եւ թե ընդդիմության այդ տապալումների ֆոնին նորից հնչեցվի նոր ուժի անհրաժեշտության մասին:
Այլ կերպ ասած, նոր ուժի մասին դատողություններն ու քննարկումները փաստացի հանրությանն են առաջարկվում “հին” ուժերի գործունեության տրամաբանությամբ. իքսը եւ իգրեքը տապալվեցին, հասարակությունը մնաց ձեռնունայն, ուրեմն իսկական ժամանակն է դատարկ տեղը լրացնելու: Դա ինքնին արդեն արհեստական հիմք է նոր ուժի ստեղծման գործում: Բանն այն է, որ քաղաքականությունը բնական գործընթաց է: Եթե որեւէ մեկն ունի ասելիք եւ անելիք այդ գործընթացում, ապա ասում եւ անում է անկախ նրանից, թե ինչ են ասում եւ անում գործընթացի մասնակից “հին” ուժերը: Ընդ որում, իր ասելիքն ու անելիքը կառուցում է ոչ թե “հների” անհաջողությունների, սխալների կամ տապալումների վրա, այլ բացառապես սեփական արժեքների, որոնք անկախ քաղաքական գործընթացի մասնակիցների կազմի, ներկայացվում են հասարակությանը: Եթե հասարակությունը հոգնել է “հներից” ու չի հավատում նրան, ապա կգնա նորի հետեւից, եթե հավատա: Իսկ եթե ոչ, ապա ինչքան էլ որ նորն իր ճանապարհը բացի “հնին” ճանապարհ դնելու ելակետով, միեւնույն է, ստացվելու է “թագավորություն ավերակների վրա”: Իսկ դա Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող գրեթե բոլորի ցանկությունն է` թագավորել այդ պայմաններում, որ սեփական հնարավոր անհաջողությունը, սխալը կամ ձախողումը պայմանավորվի ուրիշի թողած ավերակով: Թե ինչ է ստացվում դրանից, մենք ականատես ենք լինում այժմ, երբ օրինակ հաջողությունները վերագրվում են նոր մտածողությանը, իսկ անհաջողությունների պատճառ են հռչակվում նախորդ տարիները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, January 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment